Որտեղ երբ են տոնում Ամանորը


 Գրիգորյան օրացույցով առաջնորդվող երկրներում, այսինքն աշխարհի պետությունների մեծ մասում Նոր տարին պաշտոնապես սկսվում է ՀՈՒՆՎԱՐԻ 1-ին:

 Երբ մենք ու էլի շատ ժողովուրդներ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ին նշում ենք Հին Նոր տարին, Հունաստանում այդ օրը համարվում է տարվա սկիզբ: Դա Սուրբ Վասիլիի օրն է: Սբ. Վասիլին իր ապրած ժամանակներում փառաբանվել է բարության և երեխաների հանդեպ տածած հատուկ սիրով:

 Արևելյան օրացույցով առաջնորդվող երկրներում (Չինաստան, Վիետնամ, Սինգապուր, Կորեա, Մոնղոլիա, Մալայզիա և այլն) Նոր տարին սկսվում է ՀՈՒՆՎԱՐԻ 21-ից հետո առաջին նորալուսնի օրը: Եվ հենց նորալուսնով պայմանավորված` տարբեր տարիների արևելյան Ամանորը դիմավորում են ՀՈՒՆՎԱՐԻ 21-ից մինչև փետրվարի 20-ը ընկած ժամանակահատվածում:

 Իսլամական երկրներում Նոր տարին սկսվում է Մուհարամի սուրբ ամսվա առաջին օրը: Գրիգորյան օրացույցով` 622 թ. հուլիսի 16-ից սկսած` յուրաքանչյուր հաջորդ Նոր տարին սկսվում է նախորդից 11 օր շուտ: Մուհարամի 1-ը ընդգրկված չէ մահմեդական տոնացույցում, և մուսուլմանական շատ երկրներում Նոր տարին չի նշվում որպես տոն` աշխարհիկ իմաստով: Այդ օրը մզկիթներում քարոզ են կարդում` նվիրված Մուհամադ մարգարեի Մեքքայից Մեդինա տեղափոխվելուն:

 ՀՈՒՆՎԱՐԻ 21-ը Հնդկաստանում Հոլի Նոր տարվա տոնն է: Բայց այնտեղ Նոր տարին դիմավորում են մի քանի անգամ` տարբեր օրերի: Քաշմիրցիները մարտի 1-ին սկսում են նշել Ամանորը և շարունակում են տոնը` մինչև երկրի բոլոր նահանգներում կավարտվեն հանդիսությունները:

 Պարսկական օրացույցով առաջնորդվող երկրներում (Աֆղանստան, Տաջիկստան, Իրան, Պակիստան, Ադրբեջան) Նոր տարին դիմավորում են մարտի լույս 22-ի գիշերը: ՄԱՐՏԻ 22-ն այդ երկրներում անվանում են «Նավրուզ»` Նոր տարվա 1-ին օր:

 ԱՊՐԻԼԻ 12-ից 17-ն ընկած հատվածում Ամանոր են տոնում Բիրմայում: Տոնակատարության ճշգրիտ օրը որոշում է մշակույթի նախարարությունը` հատուկ հրամանով: Հանդիսությունները տևում են 3 օր:

 Լաոսի տարածք Նոր տարին մուտք է գործում ԱՊՐԻԼԻ 14-ին. դա երկար սպասված անձրևների նախադուռն է: Նույն օրը` Ամանոր են նշում նաև Թամիլ-Նադու նահանգի հնդիկները. այդ օրն այնտեղ համընկնում է պաշտոնական գարնանամուտի հետ:

 Մեքսիկայում բնակվող մայաների որոշ ցեղեր Նոր տարին տոնում են ՀՈՒԼԻՍԻ 16-ին:

 Իսրայելում Ամանորը նշում են տիշրի ամսվա 1-ին և 2-րդ օրը (Գրիգորյան օրացույցով` ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ): Այնտեղ տոնը կոչվում է Ռոշ հա-Շանա:

 Եթովպիական Նոր տարին սովորաբար սկսվում է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ին, երբ երկրում ավարտվում է անձրևների սեզոնը:

 Ամանորյա տոները Գամբիա և Ինդոնեզիա են հասնում ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ին: Տեղացիների համար դա հատուկ ամսաթիվ է: Իրենց լավագույն զգեստները հագնելուց ու զարդարվելուց բացի մարդիկ միմյանցից ներողություն են խնդրում` իրար հասցրած վիրավորանքների համար և նորեկ տարի մուտք են գործում մաքուր խղճով:

 Լույս ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ի գիշերը, որը կաթոլիկ երկրներում ճանաչված է որպես Հելոուին, նոր տարվա սկիզբ է համարվում կելտական ժողովուրդների համար և կոչվում է «Սամայն»: Այդ ամսաթիվը հատկապես կարևորվում է Շոտլանդիայում, Իռլանդիայում և Մեն կղզում, որտեղ դեռևս շարունակում են ապրել ու բազմադարյա ավանդույթները պահպանել հինավուրց կելտերի սերունդները:

 Գրեթե 1 տարի ուշացումով են Ամանորը դիմավորում Հավայան կղզիներում, Օկեանիայում և Եմենում` ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ին: Այսինքն այն ժամանակ, երբ մյուս երկրներում արդեն նախապատրաստվում են հաջորդ տարվա գալուստին: