Մտահոգություն և ողջամտության կոչ


Շիտակ լինելն էլ խիզախություն է, և միայն հոգով ուժեղը կարող է անտարբեր մնալ ու իր գոյությունը թաքցնելու «պուճախ» չփնտրել` եղկելին փնովելու համար: Վերջին օրերին Հանրապետությունը փոթորկած ծեծաշարերին ո՞ր պաշտոնյաները արձագանքեցին: Չէ՞ որ դա ևս վաչելուչ կեցվածք, մտահոգության պոռթկում, անլղոզ դիրքորոշում պետք է լիներ: Պատերազմի բոցերով անցած, մահվան բաց երախը տեսած ազատամարտիկներին էին ծեծել, նաև` քաղգործիչների: Դարձյալ` թուրքի ոտնձգութ յուններից պետությունը պաշտպանող նախարարը` Սեյրան Օհանյանն էր առաջիններից մեկը, ով դատապարտեց անմեղսունակ վայրագների «խրախճանքը» ու խոստացավ պարզել տեղի ունեցածի հանգամանքները: Իհարկե` արդարացիորեն դեմ լինելով այդ ամենը քաղաքականացնելուն և ողջամտության կոչ անելով:

«Tert.ΖΗ»-ի խնդրանքով մեկնաբանելով այդ միջադեպերն ու դրանց արձագանքները, Ս. Օհանյանն ասել է.

- Մենք երբեք հակադիր խրամատներում չենք եղել, պատերազմի ծանրագույն տարիներին ու հետո նույն նվիրական խնդիրն ենք կատարել, ու թեև այսօր շատ հարցերի նկատմամբ տարբեր ըմբռնումներ, մոտեցումներ, ինչպես նաև` հասարակության մեջ տարբեր պահվածք ունենք, ոչ ոք չպիտի փորձի ազատամարտիկներին թշնամական ճամբարներում ներկայացնել և վատ բեմադրված դրամատիզմ հաղորդել այս միջադեպերին: «Եռաբլուրը» սրբատեղի է և չի´ կարելի քաղաքական այսրոպեական նկրտումներով շահարկումների բեմահարթակ դարձնել մեր զոհված ընկերների այս սուրբ պանթեոնը:

Կրկին դատապարտելով անձի արժանապատվության դեմ կատարված ցանկացած ոտնձգություն և հաստատակամ լինելով պաշտպանելու ազատամարտիկների իրավունքները` իմ զինակից ընկերներին կոչ եմ անում հանդես բերել ողջամտություն ու սպասել իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքներին, այլ ոչ թե ականջալուր լինել քաղաքականացված հայտարարություններին:

Միաժամանակ, բոլոր այն գործիչներին, ովքեր իրենց նկրտումներին հագուրդ տալու ճանապարհին ցանկանում են օգտագործել նախկին կամավորականների ունեցած հեղինակությունը և նրանց ներքաշել տարբեր արկածախնդրությունների հորձանուտ, վճռաբար հորդորում եմ զերծ մնալ նման գայթակղությունից և չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք հանգեցնելու են ազատամարտիկների պատվի և արժանապատվության արատավորմանը:

Եթե բոլոր ոլորտների ղեկավարներն այսքան պատասխանատվությամբ վերաբերվին իրենց գլխավորած բնագավառների ներկայացուցիչների հանդեպ... Երանի˜ այդպես լիներ: