Սրաչք համախոհությամբ ապրեցնենք թատրոնը


1. Փորձարարության անթաքույց կարոտով Արդի հայ թատերարվեստի ստեղծագործական նկարագրի ընդհանրական բովանդակության ընդգրկուն բացահայտմամբ առկա ներուժի մասին որոշակի պատկերացում տալու նպատակամղվածությամբ նախաձեռնված «2008-X» թատերական փառատոնի ոչ պաշտոնական մեկնարկը կայացավ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հրաչյա Ղազարյանի մտահղացմամբ նորահնար բեմական կերպավորում էր գտնվել Վիլյամ Սարոյանի «Մի° գնա բարկացած» հանրածանոթ պիեսի համար: Ներկայացման արտասովոր ոճամտածողությունը, ի հայտ գալով վարագույրի բացվելուն պես, կախարդում է ամենքիս: Փառատոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի ու գեղարվեստական ղեկավար Արա Խզմալյանի համախմբած տարասերունդ թատերագործիչներիս համակում է Անհայտի հետ երազված հանդիպման թրթիռը: Շնորհաշատ դերասան Արամ Հովհաննիսյանի ձևավորած միջավայրի խորհրդանշական արտահայտչականության խոսուն լակոնիզմն առավել ցայտուն է դրսևորվում, երբ յուրատիպ սարդոստայններում, ասես երկրի ու երկնքի միջև, փակված վեց դերակատարները, ստվերային-տեսլային միանման կաղապարվածությամբ հուշելով իրենց գոյության համարժեքության մասին, բեմադրական նպատակամետ ուղղորդմամբ զարգացնում են սյուրռեալիստական յուրատիպ այս էլեգիան: Բեմական շարժման ճշգրիտ հաշվարկմամբ, պլաստիկ լուծումների կանոնակարգված գերակայությամբ փոփոխվում են կենդանի պատկերները: Դատապարտված մարդկային գոյի ունայնությունը սրվում է մոնոտոն երաժշտական հենքի մշտառկայությամբ: Բեմի խորքում գունալուսային հնարամիտ լուծումներով իմաստավորվող մեծադիր շրջանակի հարափոփոխ ներկայությունը տիեզերական նրբերանգներով է հարստացնում ավարտուն առանձին կտավների արժեք ստացող իրարահաջորդ դրվագները: Բեմադրական բարեկրթությամբ, ողջ դերասանախմբի մանրակրկիտ մշակված ու անխոտոր կենդանացող վարքագծով շուտով հստակվում է Հրաչյա Ղազարյանի թատերատեսիլքը: Աստիճանաբար ավելի ու ավելի հեռանում Սարոյանից` մզված խոսքի կտրտվածությանը գումարված անհարկի պաթետիկայով, կենսագրությունից հիմնավորապես անջատված, համաչափ դիմազրկված հերոսների հավաքականությամբ: Ու, հընթացս, ոչ թե համամարդկային, այլ սնամեջ բովանդակային կերպ ստանում: Երբեմն-երբեմն սպրդող տեքստերը նպաստավոր չէին գլխավոր ասելիքի պարզորոշ շեշտադրմանը: Բառարանին տրված աստվածաշնչյան կամ նարեկյան նշանակությունը համահունչ չէր Արևի սրահում կործանման դատապարտվածության բերումով մեկտեղված տարբեր մարդկանց հոգեվիճակների պրկումը մասամբ թոթափելու, մոտալուտ մահվան ահագնացող տագնապը մեղմելու սարոյանական մտահղացմանը: Արևի հուսադրող ոչ մի շող այդպես էլ չի լուսավորում բեմադրիչի կամքով ի սկզբանե կենդանի դիակների վերածված հերոսների երկրային վերջին ժամերը: Համատարած միապաղաղ տխրությունը, վհատ տեմպը արգելակում են ցանցկեն ձևափոխություններով ու դերակատարների վերադասավորումներով կազմավորված հետագա լուսանկարչական անկրակ տպավորություններում խորամուխ լինելու նախնական մղումը: Դահլիճի և բեմի միջև հարկավոր փոխըմբռնման խարխլմամբ այդպես էլ տեղի չի ունենում կենսափիլիսոփայա կան մտացիր ծվենների համատեղումը: Սարոյանական մարդասիրության ու բարեգթության իսպառ անհետացման բերումով չի արթնանում ափսոսանքը մարդ արարածի ունայն, անուրախ կեցության ու ցավախեղդ, անամոք կործանման համար: Այդուհանդերձ, որոշակի արտաքին գրավչությամբ դաջվում է հիշողությանդ մեջ երբեմնի «Փոսի» թատրոնի փորձարարական թատերափնտրտուքի ակունքներից բխող անթաքույց կարոտին հագուրդ տալու Հրաչյա Ղազարյանի տենչից ծնված այս ներկայացումը: Եվ արժևորվում նաև որպես ստեղծագործական համախոհության խանդավառող արտահայտություն, ինչին, կարծում եմ, կարոտ էր կատարողական ներուժի նոր ներարկմամբ եռանդով լցված ու փորձառու բեմադրական թարմ մտածողության անմիջական հաղորդակցության ձգտող, ռիթմիկ ու նորոգ առօրյա հաստատող հնամենի թատրոնը: Նախապես ծրագրված քննարկումը, սկիզբ առնելով գրականագետ Արմեն Ավանեսյանի նկատառումների հրապարակմամբ, անկեղծացող աշխուժությամբ է ծավալվում: Գյումրեցիների հաջողությամբ ոգևորված` յուրաքանչյուրս արտահայտում է արված աշխատանքի բարյացակամ գնահատությամբ լավացմանը միտված կոնկրետ ցանկություն ները` հիմնված դիտարժան ներկայացման լրջմիտ վերլուծության վրա: Վասիլ Գրիգորյանն ու Անուշ Ասլիբեկյանը, Ռաֆայել Ջրբաշյանն ու Արմեն Հարությունյանը, Ռուբեն Բաբայանն ու Լևոն Մութաֆյանը… Բոլորս: Իր մասնագիտական ընկալման ավարտուն ձևակերպմամբ ԵԹԿԻ ռեկտոր Հրաչյա Գասպարյանը յուրովի համակարգում է հնչեցված տասնյակ կարծիքները` ամբողջացնելով առաջնային կարևորության մտքերը: Ներկայացման լարվածությունից հոգնաբեկ մունջ դերասանախմբի և իր համաստեղծագործության գնահատականը բարձրաձայնում է նաև բեմադրիչը. «Սարոյանի մեր թատերական տարբերակը միտումնավոր է վեր բարձրացվել պիեսի տեքստից: Երկնքի և երկրի միջև անօգնական տարուբերվող, մարմնից անջատված մարդկային հոգիները կոչված են տիպականացնելու տարատեսակ նկարագրերի և իրավիճակների համընդհանուր էությունը մնջախաղային արտահայտչամիջոցներով: Դերասաններ Խաչիկ Բադալյանը, Արթուր Գալոյանը, Տիգրան Գաբոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արկադի Ղարագուլյանը և Ռաֆիկ Խառատյանը անվրեպ վարպետությամբ են կատարում իմ առաջադրած բեմադրական խնդիրները, ստեղծագործական բերկրանք ապրելով»: 2. Քաչայի «գիշատիչները» Սարգիս Մանուկյանի «խնջույքում» Նորին մեծություն թատրոնի հանդեպ տածած սիրով` «2008-X»-ի մարզային հանձնախմբում ընդգրկվածներիս միջև շուտով երևում են փոխըմբռնման բարենպաստ նախադրյալները: Ժամանակի տարողունակությունն աննկատ մեծանում է, բանավիճելու ընդհանուր բարեկրթության հաստատմամբ հագենում թատերաշինական բովանդակությամբ: Մեկ ավելորդ անգամ ևս ապացուցում` արդի հայ թատերարվեստի պատշաճ իմացության ու գնահատության տեսակետից հրատապ է ստեղծագործական դաշտը միավորող մասնագիտական փոխշփումների ակտիվացումը: Ազատ քննարկումների բարի ավանդույթի վերականգնման նկատվող ջանքերի խթանմամբ գուցե թե կարելի լինի խելամիտ լուծումներ գտնել կուտակված խնդիրների արգելապատնեշը հաղթահարելու համար: Բոլոր թատերագործիչներիս համերաշխ, նպատակամետ համախոհությամբ և ՀՀ մշակույթի նախարարության հաստատակամ ու կայունացող աջակցությամբ, կարծում եմ, հնարավոր է մոտ երկտասնամյա հակաստեղծագործական կապանքներից ազատագրել հանիրավի ստվերված բարձրարվեստ թատերարարումը: Վստահ նախաձեռնություններով հզորացնել ամբոխացմանն ու դիմազրկմանը դիմագրավելու ունակ նրա մոգական ներգործութ յունը: Հասարակության առողջացման անհետաձգելի իրականացումը համազգային կարևորություն է վաղուց դարձել: Գազանացող ու դեգրադացող մարդու մարդացումը այսօր անհնար է գրական խառնիճաղանջի մեր անընթերցող, սերիալախեղդ ժամանակներում առանց լուրջ թատերարվեստի մասսայականության վերականգնման: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս գիտակցությամբ էր պայմանավորված Սարգիս Մանուկյանի առաջին ինքնուրույն բեմադրության` Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույք»-ի ներկայացման բուռն վերլուծությունը: Հիմք ընտրելով Ալեքսանդր Թոփչյանի թերաշխատ բեմականացումը` երիտասարդ բեմադրիչը դժվարացել էր հանդիսատեսին «գազանացման» տագնապով համակել: Ճիշտ օգտագործելով Աշոտ Մանուկյանի ձևավորած փոքր-ինչ ճակատային բեմական միջավայրը` փորձել էր Բրիջիտի տարեդարձի առիթով նրա տանը հավաքված բարեկամների անկանխատեսելի կերպափոխության մասնավոր դեպքի հիման վրա ցույց տալ էքստրեմալ իրավիճակներում ինքնապաշտպանական սրված բնազդի սահմռկեցուցիչ ավերածությունները մարդկային նկարագրի վրա: Ավելի ստույգ` վեր հանել առօրյա փոխհարաբերություններում հաճախ աննկատ մնացող արատավոր հատկանիշների լիակերպար գիշատչային դրսևորումներն արտակարգ իրավիճակներում: Շերտ առ շերտ պարզաբանելով ներկայացման գլխավոր ասելիքի կարևորությունը նսեմացնող տարրերը` ի նպաստ երիտասարդ բեմադրիչի հետագա հասունացման անչար հիմնավորվեցին թերընկալման հիմնական պատճառները: Ապահովված չէր պատերազմական իրավիճակի ճնշող մթնոլորտի պատրանքը (գերմանացի սպա Կաուբախի մեն-մի հայտնությունն ու հայտարարությունը պատանդների մասին, մոմերի վառվելը` էլեկտրական հոսանքի հանկարծակի անջատմամբ. ուրիշ` գրեթե ոչինչ): Ֆրագմենտար մտածողության թելադրանքով` բեմական հարուստ փորձ ունեցող դերակատարները անգամ մանեկենների էին վերածվում, մի տեսակ դատարկվում կերպարային զգացողություններից: Փոքրիկ տարածքում, որ երբեմն հատկացվում էր նրանց խաղին, ակնհայտ էր դառնում անհամամասնությունը համր միջարկումների: Մասամբ վիճելի էր բեմադրիչի արած զգեստների ձևավորումը: Երաժշտական ներմուծումներն, իմ տպավորությամբ, նույնիսկ լրացնում էին արած խաղարկման պասիվությամբ ունայնացող բովանդակությունը: Լավ կլիներ, իհարկե, որ դրանք միասնաբար շեշտադրեին ներկայացման խոհազգացական ենթիմաստը, նպաստեին սյուժետային գծի զարգացման ընթացքում արտահայտվածի ներազդու թատերայնացմանը: Նկատի առնելով բեմադրական ընդհանուր կառույցի ինքնատիպությունը առանձին հատվածներում` քննարկման մասնակիցները չէին թաքցնում իրենց դժգոհությունը այլ դրվագներում բեմադրական միջամտության թերասացությունից: Սկսնակ բեմադրիչը, ով կարողացել էր իր մտահղացման շուրջ համախմբել ողջ դերասանախմբին, միանգամայն ունակ է լավացնելու ներկայացման կուռ ամբողջությունը որոշ խմբագրումներուվ, գտնված կերպարային կաղապարները զուսպ հնարքներով մարդացնելով, նրանց փոխհարաբերությունների կտրուկ փոփոխությունները գիշատիչային կերպափոխության հասունացմանը ծառայեցնելով: Ինչ-ինչ ակներև բացերի խստահայաց քննարկումը բխում էր Մանուկյանի ակնհայտ կարողությունների նկատմամբ հավատից: Պատահաբար չէ, որ տունդարձի ճանապարհին շարունակվող խոսքուզրույցում ամենքիս խանդավառել էր հպարտության նույն զգացողությունը` Գյումրիում ու Վանաձորում գործող թատրոնների ստեղծագործական պատկառազդու ներուժի նորահայտ կոնկրետ հավաստիքներով: «Թատրոն-X»-ի հետապնդած գլխավոր նպատակի իրագործելիությունն էլ ակնհայտ դառնալու հավանականութ յան հայտով ներկայացավ: Մյուս 14 մայրաքաղաքային ներկայացումների ցուցադրությունից հետո ամրապնդվելով ու համալրվելով տարասերունդ թատերագործիչների նոր խմբերով` այն, կարծում եմ, ազդակ կլինի ստեղծագործական մթնոլորտի առողջ աշխուժացման: Եթե, իհարկե, յուրաքանչյուրս մեր տեղում հետևողական խենթ նվիրումով գործնականում վկայենք Թատրոնին անշահախնդիր ծառայելու մեր պատրաստակամ օգտակարությունը ամենայն պատասխանատվությամբ: 3. Գարնանամուտ` փետրվարի կեսերին «Թատրոն 2008-X»-ի պաշտոնականչը վաղահաս գարնանամուտի տոնականությամբ էր ողողել Տիկնիկայինի ճեմասրահը, Մոնմարտրի մերօրյա ծաղկավաճառու ժպտանուշ ընծայված գարնանավետ ծաղիկներով զարդարել բոլոր ներկաներին, ովքեր մինչ մայրաքաղաքային առաջին ներկայացումը` «Պատմություններ գնացքում» (բեմադրիչ` Նարինե Մալյան) բավականաչափ ժամանակ ունեին գեղաշնորհ Կարինե Բաբայանի և նրբաճաշակ Աղասի Մելքոնյանի ձևավորած թատերահմա միջավայրում զրնգացնելու շամպայնի գավաթները ու մտերմիկ զրուցելու` մերթ ընդ մերթ առնվելով «շրջիկ դերասանախմբի» շրջանում` աչքերը փայլեցնելով իրենց մունջ հրամցված «Երբ երկուսը զրուցում են, իսկ երրորդը լուռ հետևում է նրանց, դա արդեն թատրոն է» թևավոր արտահայտությունն ընթերցելիս: Ի վերջո կապտահանդերձ զույգ աղջիկները «ծլարձակում» են մանուշակների նման և փառատոնի անվանակիր մակույկի թիավարմամբ խոսուն խորհրդավորությամբ ազդարարում մշակութային փետրվարի գլխավոր իրադարձության` ներկայացող 2009-ի առաջին մասշտաբային թատերատոնի պաշտոնական սկզբի մասին: Հենրիկ Մալյանի յուրատիպ գեղագիտության հետնորդների վառվռուն թատերայնացմամբ սրընթաց ծավալվում է կենսախինդ ներկայացումը` երգ ու պարով հնարամտորեն շուտով ընդհանուր զվարթ տրամադրության միջից պատում առ պատում երևակելով ու բնութագրական հատկանիշներով կենդանացնելով ոչ միայն մեծահամբավ ամերիկահայ Բիթլիսցու գրական աշխարհը, այլև իրեն` Վիլյամ Սարոյանին: Նոր բեմատարածքում դեռևս չհարմարված դերասանախումբը ապահովում է Նարինե Մալյանի խնամքով մշակված բեմականացման ավարտուն ամբողջականությունը: Ինչ-ինչ մանրիկ վրիպակները տարրալուծվում են ընդհանուրի մեջ` հանդիսատեսներից շատերին թատերարվեստի նորընձյուղման հավատով գոտեպնդելով: Եվ միանգամայն հասկանալի էր ավարտից հետո անցկացված մարդաշատ քննարկմանը մեծամասնության ընդվզումը` կայացած ամբողջութ յունը մասնագիտորեն խստիվ տարանջատելու դիրքորոշմանը, որին հետևելու բարկացկոտ համառությունը նիստը վարող ու հընթացս շարունակ «սրբագրող» արձակագիր, թատերագետ Հովհաննես Սեյրանյանի` ոչ թե խաղաղ բանավեճի էր տրամադրում, այլ պատասխան զայրույթ հասունացնում: Իրավացի էր այս պարագայում «Ազգի»-ի լրագրող Նանա Պետրոսյանը` մայրաքաղաքային թատերագործիչները զգալիորեն տառապում են բանավիճային բարեկրթության պակասից` ի տարբերություն մարզայինների: Չեմ կենտրոնանում ներկայացման անուրանալի արժանիքների վրա: Միտումնավոր: Լինելով միակ հաջողվածը Սարոյանի հոբելյանի առիթով բեմադրվածներից` այն առանձին վերլուծութ յամբ է հարկավոր պատշաճ գնահատել: Ասեմ միայն, որ փառատոնի ծավալուն խաղացանկը բացելու պատիվը լիովին էր վաստակել: Ինքնակամ նետվելով «Թատրոն 2008-X»-ի հորձանուտը նորի ակնկալիքով` մասնագիտական բարյացակամ ամփոփ վերաբերմունքիս մասին կաշխատեմ ընթերցողին իրազեկել թերթի հաջորդ համարներում: Մոլի թատերապաշտությանս հավատարիմ` ողջ ընթացքին անմիջականորեն հաղորդակցվելուց հետո:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ