Թումանյան _ 140 «Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին»


Սիրտդ ուռչում է հպարտությունից, երբ ազգային արվեստի գանձարանում ունենում ես ստեղծագործության պատմական նշանակությամբ ու գեղարվեստական վարպետութ յամբ համաշխարհային արժեք ներկայացնող արվեստագետ: Ազգային արժանապատվությունդ սնապարծության աստիճան շոյվում է, երբ այդ արժեքի հաստատուն մեծությունը աճում է ժամանակի գրաքննությամբ ու միջազգային համընդհանուր ճանաչմամբ: Եվ ամեն պատեհ առիթ պարտավորեցնում է պատշաճ գնահատության իրեղեն թանձրությամբ հանուր մարդկության նոր սերունդներին հավաստել անուրանալի մնայուն կարևորությունը արվեստի այդ մեծաշնորհ մշակի` հոգևոր սնունդի անսպառ ակունքի: Այս առումով պետք է որ Ամենայն Հայոց Բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ծննդյան 140-րդ տարեդարձը համաժողովրդական տոնախմբության վերածվեր փետրվարի 19-ից սկսած, անկախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած նոր չափորոշիչներից հոբելյանների կապակցությամբ: Պետական բարձր, ներկայացուցչական, բովանդակաշատ մակարդակով: Մինչդեռ… Հոբելյանամուտին Թբիլիսիից ստացված լուրը` վաճառվել է թիվ 13 գրադարանը, որը յուրահատուկ նշանակություն ունի որպես թումանյանական ժառանգության մասունք, ուրախությունդ մթագնում է օտարի հողում սփռված պատմամշակութային արժեքներիդ աստիճանական փոշիացման մշտառկա վտանգի ահագնացմամբ: Ինչո՞ւ կոնկրետ քայլեր չձեռնարկվեցին կանխելու համար հոգևոր թալանի հերթական արտահայտությունը: Եթե նույնիսկ ձեռնարկվեին, իրավասու կլինեի՞ն ճշգրտելու ուրիշի պետական մշակութային քաղաքականությունը: Մեր ո՞ր գործերով ենք արժանի լինելու գրական հսկայի ժառանգորդները կոչվելու, ով անձնուրաց հայրենասիրության փայլուն օրինակ է ծառայում նաև ապրած ազգանվեր կյանքով, ազգամիջյան թշնամանքը մեղմացնող ու հարթող հումանիստական ողջ գործունեությամբ: Մինչդեռ… Թումանյան երևույթն ինքնին մեր գենետիկ լավագույն հատկանիշների բյուրեղացված հավաքականության անխամրելի փայլատակումն է: Բացառիկ ջերմացնող ուժով հոգեհարազատ ամենքին` առանց տարիքային սահմանափակման, անկախ ազգային պատկանելությունից: Շնորհիվ իր դասական պարզության ու խորունկ մատչելիութ յան: Չարին հաղթող մանկական հեքիաթների առակաշունչ խրատականությամբ, կյանքի ճանաչողության առաջին իրատեսական պատանեկան դասերով, համամարդկային կենսափորձի բանիմացությամբ շաղախված փիլիսոփայական իմաստուն ընդհանրացումներով: Լոռու Դսեղ գյուղում անհիշելի ժամանակներից հաստատված հնագույն ազնվական տոհմից սերելով` «կյանքում ունեցած ամենալավ ու ամենամեծ» գանձից` հորից իրեն փոխանցված վսեմագույն համակողմանի ունակությունները առավելապես ինքնակր թությամբ զարգացնելով` ամենատես ու դյուրընկալ դիտողունակությամբ իր բնատուր քանքարի կատարելագործմամբ իրավունք է վաստակել «սեղան նստելու» գրական հսկաների` Հոմերի, Գյոթեի, Պուշկինի և մյուսների հետ միասին: Տպագրված առաջին իսկ գործով («Շունն ու կատուն»- 1886 թ.) մնայուն տեղ գրավելով հոգևոր-մշակութային անդաստանում: «Ամենասիրելի Շեքսպիրին» չզիջելով, պոետիկան դնելով գործողության մեջ` ապահովել օգտագործած ամեն պարզ ու հասարակ թվացող բառի համար անհատակ բովանդակային տարածություն, հասել հայկական ու արևելյան ժողովրդական բանահյուսությամբ, բնապաշտությամբ խորապես թրծված իր ստեղծագործության ծավալաբովանդակային անգերազանցելի կատարելության` դառնալով «Արարատը մեր նոր քերթության»: Լինելով մեր գրականության ամենակայուն, հիմնարար ավանդների արժանի ժառանգորդը` ինքնամոռաց նետվել հասարակական-քաղաքական ծայրաստիճան հակասական ու բարդ առօրյայի ամենակուլ հորձանուտը: Մի կողմ թողած գրական աշխատանքը` անձնուրաց նպաստել հանապազօր կնճռոտ հանգույցների քակմանը: «Հո°ւր տալով սպառվել»` մնալով Երկիր մոլորակի ճշմարիտ Քաղաքացի: Մենք էլ մեր ազնիվ, հանրօգուտ գործունեությամբ գեթ արժանի լինենք Թումանյան երևույթին` չմնալով պասիվ սպառողը մեր ներաշխարհը սնուցող նրա գրական-հասարակական-կենսական ժառանգության:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ