ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Սեյրան ՕՀԱՆՅԱՆ


-Հարգելի հյուրեր, Աֆղանական պատերազմի վետերաններ, Պարոնայք գեներալներ և սպաներ, Յուրաքանչյուր սերունդ իր ճակատագիրն ու պատմական առաքելությունն ունի, Հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու պատասխանատվության բաժինը: Այստեղ հավաքվածների մեծ մասը ծնվել և հասակ է առել խորհրդային համակարգում, կրթվել ու դաստիարակվել է այլ գաղափարախոսությամբ: Սակայն դարերի փորձությանը դիմացած ճշմարտությունն այն է, որ բոլոր ժամանակներում և հասարակարգերում Հայրենիքի զինվորի հավատամքը մեկն է` հավատարիմ մնալ զինվորական երդմանը և պետությանը: Խորհրդային ժամանակաշրջանում մեր նախորդ սերունդներին վիճակվել է մասնակցել երկու` Հայրենական Մեծ և Աֆղանական պատերազմներին. երկու դեպքում էլ հայ ժողովրդի զավակները հավատարիմ են մնացել նախնյաց զինական պատգամին: Այսօր Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 20-րդ տարեդարձն է: Մեկ տասնամյակ տևած այդ պատերազմին, ի թիվս Խորհրդային Միության մյուս ժողովուրդների, մասնակցեցին նաև հայ ժողովրդի զավակները, ովքեր ազնվորեն կատարեցին իրենց զինվորական պարտքը: Նրանցից շատերը պատերազմից վերադարձան մարտական մեդալներով ու շքանշաններով: Ցավոք սրտի, շուրջ 100 հայ ընտանիքների զավակներ զինվորական պարտքը կատարելիս զոհվեցին: Պատերազմի տարիներին քիչ չի եղել նաև արարչական առաքելությամբ Աֆղանստան մեկնած հայ մասնագետների թիվը: Եվ որտեղ էլ նրանք ծառայել ու աշխատել են, աչքի են ընկել մեր ազգային դիմագծին հատուկ մարդկային առաքինություններով` քաջությամբ, բարեխղճությամբ, հավատարմությամբ, կարիքի մեջ գտնվողին սատարելու պատրաստակամությամբ: Աֆղանական պատերազմի մասնակից հայորդիների հայրենասիրական ոգին, մարտական փորձը և ռազմական հմտությունները նոր դրսևորում գտան մեր նորօրյա ազատագրական պայքարի տարիներին: ՀՀ սահմանների պաշտպանության գործին, արցախահայության արդար պայքարին առանց երկմտելու զինվորագրվեցին նաև աֆղանական պատերազմի մասնակիցները: Աֆղանստանի դժվարին պատերազմում ձեռք բերած նրանց մարտական փորձն ու խիզախությունն ափոխարինելի էին արցախյան ինքնապաշտ պանական և ազատագրական մարտերի ժամանակ. արցախյան ազատամարտի ամենադժվարին օրերին կազմավորվեց «Աֆղանցիներ» ջոկատը, շատ-շատերն այլ ջոկատների կազմում մարտնչեցին պատերազմի ամենաթեժ կետերում` ցուցաբերելով խիզախության և անձնազոհության օրինակներ: Ավաղ, նրանցից շատերը կյանքի և արյան գնով հաստատեցին հայրենիքի հավերժ հավատարիմ զինվորը լինելու իրավունքը: Այսօր էլ երկու պատերազմների շատ մասնակիցներ թե զինվորական, և թե քաղաքացիական գործունեությամբ շարունակում են իրենց փորձն ու գիտելիքներն ի սպաս դնել հայոց նորաստեղծ պետականության ամրապնդման, բանակի հզորացման գործին: Ուրախալի է նաև այն, որ զինվորական նոր սերունդը պատվախնդրորեն շարունակում է կրել հայրենյաց զինվորի կոչումը, վետերանների փորձով և օրինակով կերտում է մեր ներկա պատմությունը, ամուր կանգնած է նորաստեղծ հայոց պետականության սահմանների պաշտպանության դիրքերում: Պետությունն ու հասարակությունն արժանիորեն են գնահատում աֆղանական պատերազմի վետերանների ավանդը: Եվ պատահական չէ, որ այս օրերին պետական մակարդակով ենք նշում Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 20-ամյակը, որի շրջանակներում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումները հարգանքի և մեծարանքի տուրք են այդ պատերազմի վետերաններին, մարտի դաշտում ընկածների հիշատակին: Ինչ խոսք, այդ վաստակի գնահատականն են նաև պետական և գերատեսչական այն պարգևները, որոնք հանձնվեցին վետերաններին: Թույլ տվեք ՀՀ կառավարության, զինված ուժերի ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորել աֆղանական պատերազմի բոլոր մասնակիցներին, պարգևատրված ներին, մաղթել ձեզ քաջառողջություն, եռանդ և հետագա բեղմնավոր գործունեություն` ի շահ մեր հայրենիքի և նորանկախ պետականության: Հավերժ փառք մարտի դաշտում զոհվածներին: Թող որ բոլոր ժամանակներում սերունդների երախտագիտությունը և սերն ուղեկցի Հայրենիքի Զինվորին: