ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ


-Աֆղանական պատերազմի հարգելի վետերաններ. 1989 թվականի փետրվարի 15-ին Խորհրդային Միությունը դուրս բերեց իր զորքերը Աֆղանստանից: Անցած 20 տարիների հեռավորությունից վերաիմաստավորելով այդ իրադարձության պատմական նշանակությունը` կարող ենք փաստել, որ աֆղանական պատերազմի տարիները ոչ միայն բազում փորձությունների, անդառնալի կորուստների, մարդկային տառապանքների, այլև երդմանը հավատարիմ լինելու, մարտական սխրանքների և անձնազոհության տարիներ էին: Աֆղանստանում իրենց պարտքը կատարեցին շուրջ 4000 հայորդիներ, որոնցից 1200-ը ցուցաբերած խիզախության համար պարգևատրվեց ԽՍՀՄ մեդալներով ու շքանշաններով, իսկ մեր 95 հայրենակիցները չվերադարձան տուն: Աֆղանստան էին մեկնել նաև պատերազմի ծանր հետևանքները վերացնող շինարարներ, բժիշկներ ու այլ քաղաքացիական մասնագետներ: Մեր նորօրյա ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից աֆղանական պատերազմի մասնակից հարյուրավոր քաջորդիներ հայրենիքի կանչով և հոգու թելադրանքով կրկին զենք վերցրին` այս անգամ արդեն հանուն հայրենի հողի ու ժողովրդի պաշտպանության: Նրանցից 187-ը զոհվեց մեզ պարտադրված գոյամարտում: Աֆղանական պատերազմի վետերանները իրենց ողջ կյանքում պատվով են կրում Հայրենիքի զինվորի բարձր կոչումը: Շատերը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալներ և սպաներ են, ովքեր այսօր էլ իրենց հարուստ փորձով նպաստում են մեր բանակի մարտունակության բարձրացմանը: Հարգելի վետերաններ, մենք գնահատում ենք ձեր վաստակը, մաղթում առողջություն ու հաջողություններ ծառայության մեջ և անձնական կյանքում: