Ի նպաստ համակարգված լուծումների


ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսին: Հանդիպման սկզբում նախարարը բարձր գնահատեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության առաքելությունը` համագործակցությունը համարելով քաղաքակրթական բարձրագույն արժեքների պահպանմանն ուղղված կարևոր և անհրաժեշտ գործունեություն, որն իրականացվում է ՀՀ պետական մարմինների, այդ թվում` պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությամբ և վերաբերում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են մարդու իրավունքների պաշտպանությունը, միջազգային հումանիտար իրավունքի պահպանումը, այդ իրավունքի դասավանդումը և դրա վրա հիմնված աշխարհընկալման ձևավորումը ՀՀ զինված ուժերում: Ապա ՀՀ պաշտպանության նախարարության` ի դեմս Ս. Օհանյանի, և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության` ի դեմս Ջեյմս Ռեյնոլդսի, միջև ստորագրվեց «ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) ոլորտում 2009թ.-ի համագործակցության ծրագիր», ըստ որի կիրականացվեն հետագա համատեղ աշխատանքները, մասնավորապես. ՀՀ ԶՈւ սպաների համար ՀՀ պաշտպանության նախարարությունում կանցկացվեն ՄՄԻ 2 հնգօրյա դասընթացներ, ՀՀ ԶՈւ սպաները ՌԴ Սոլնեչնոգորսկի Համազորային ռազմական ակադեմիայում կմասնակցեն ՄՄԻ-ի «Սենեժ» 57-րդ, 59-րդ և 60-րդ դասընթացներին, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների թիմը ՌԴ Ռյազան քաղաքում կմասնակցի «Գեներալ Սկոբելև - 10» ՄՄԻ-ի մրցույթին, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի մեկ ներկայացուցիչ Փարիզում կմասնակցի Զինված ընդհարումների իրավունքին նվիրված «SWIRMO» միջազգային դասընթացին, կկազմակերպվեն հանդիպումներ ՀՀ ՊՆ ՄՄԻ իմպլեմենտացիայի աշխատանքային խմբի (ԻԱԽ) հետ, կպատրաստվեն և կհրապարակվեն ՄՄԻ-ի վերաբերյալ ուսումնական նյութեր, կանցկացվի ՄՄԻ աշխատանքային սեմինար ՊՆ ավագ և բարձրագույն հրամանատարական կազմի համար, ինչպես նաև տեղեկատվական պարապմունքներ (դասընթացներ)` խաղաղապահների համար: Ի դեպ, 2008թ.-ի Ծրագրի շրջանակներում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մասնակցել են մի շարք դասընթացների, վարժանքների, սեմինարների, մրցույթների և այլ միջոցառումների, այդ թվում` Սոլնեչնոգորսկի Համազորային ռազմական ակադեմիայում կայացած «Սենեժ» 50-րդ և «Սենեժ» 52-րդ դասընթացներին, Տաշքենդում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների փորձագետների համար միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացներին` ստանալով համապատասխան որակավորում: Ինչպես նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվող զորավարժության ընթացքում Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչների կողմից ներկայաց վել են միջազգային մարդասիրական իրավունքի տարրերը: Մեկանգամյա տեղեկատվական դասընթաց է անցկացվել ԿԽՄԿ-ի գործունեության և հանձնագրի վերաբերյալ Կոսովո խաղաղարար առաքելության մեկնող ՀՀ ԶՈւ զինծառայողների համար, համագործակցության ծրագրի շրջանակներում պլանավորվել և ապահովվել է ԿԽՄԿ ներկայացուցիչների մասնակցությունը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներում անցկացված զորավարժություններին: Ս. Օհանյանը տարին հատկանշական համարեց նաև «ԿԽՄԿ և ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի միջև Արցախյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների մինչմահու տվյալների հավաքագրման և կենտրոնացված վարման մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման առումով, ինչը կկանոնակարգի համագործակցությունն այդ ոլորտում` հնարավորություն ընձեռելով համակարգված լուծումներ գտնել այդ ցավոտ խնդիրների համար: Նախարարն անդրադարձավ նաև ԿԽՄԿ- ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի համագործակցությանը` ընդգծելով, որ հայկական կողմը մշտապես պահպանել է հավատարմությունը մարդասիրական սկզբունքներից բխող բարի կամքի իր դրսևորումներին` մնալով այն արժեքների կողմնակիցը, որոնք դրված են ԿԽՄԿ գործունեության հիմքում: Հանդիպման ավարտին նախարարը հույս հայտնեց, որ հետագայում ևս համատեղ աշխատանքը կլինի ի շահ ընդհանուր գործի` ծառայելով նոր ձեռնարկումների և ձեռքբերումների: