Հերթական աճպարարությունը


«Մենք գիտենք, որ դուք գիտեք, որ խաբում ենք, բայց «արդարության» անիվը մեր օգտին պտտեք». մոտավորապես այս սցենարով` անփառունակ մեր հարևանները շարունակում են «Ղարաբաղը մերն է» մատնոցախաղը: Հիմա էլ վայնասուն են բարձրացրել, թե «Ներկայումս տարագրված և իրենց հարազատ օջախները շուտափույթ վերադառնալուն սպասող Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի առաջնորդները և բազմաթիվ շարքային ներկայացուցիչներ» 3 ամիս առաջ Day.Ar-ի միջոցով Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից դիմել են ԵԱՀԿ Մինսկի խմբին: Մինչ դիմումին անդրադառնալը, ուշադիր լինենք հերթական աճպարարագրի ձևակերպումներից մեկի հանդեպ` «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի…»: Հետաքրքիր է` Արևմտյան տերություններն իրենց նեղություն կտան` մտածելու, որ իրենց երկրների ադրբեջանական համայնքները մի օր էլ իրենց նկատմամբ կարող են պահանջատեր դառնալ: Մի խոսքով, ամերիկյան և ֆրանսիական դիվանագետները, պատկերացնո՞ւմ եք` ամբողջ 3 ամիս «ժամանակ չեն գտնում»` պատասխանել ԼՂ «ողջ ադրբեջանական հանրությանը» հուզող այն հարցին, թե Բեռնար Ֆասյեն ու Մեթյու Բրայզան ի՞նչը նկատի ունեն «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ասելով: Արցախաբաղձ այդ զանգվածը Ֆասյե-Բրայզա զույգին «խնդրում» է նաև հստակեցնել իրենց մեկ այլ արտահայտություն ևս` «Ղարաբաղի բնակչության կարծիքը դեռևս ոչ մեկը չի ճշտել, և նրանց դիրքորոշումների մասին խոսելը, դեռ վաղ է»: - Ո՞ւմ հետ են ճշտելու ԼՂ բնակչության դիրքորոշումը` միայն Խանքենդի հայ հանրության առաջնորդների՞, թե՞ երկու համայնքների առաջնորդների,- մոտավորապես այսպես են ձևակերպում իրենց «հարցապնդումը» ադրբեջանցիք: