Հա՞ որ...


ԴԵՌ ոչ հեռու անցյալում լավատեսները ձգտում էին հավատացնել, թե խորհրդարանի վարկը բարձրացնելու գործում հայրենի պատգամավորների նորահայտ օգնականները կարևոր դերակատարություն են ունենալու: Եվ նրանց գոյությունն արդեն իրականություն է, ու մեր 131 երեսփոխաններին կցված երկուական օգնականները ամեն օր Ազգային ժողովի շենք ելումուտ են անում` բազմազբաղ շեֆերի աշխատանքային հոգսերը թեթևացնելու և խորհրդարանի դերը բարձրացնելու կարևորագույն առաքելությունն իրագործած լինելու համար: Ինչ խոսք, օրենսդիրի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու գործում նրանց օգտակարությունը հետո միայն կերևա, ու եթե փոքր-ինչ դրական տեղաշարժ արձանագրվի, ուրեմն կարելի կլինի լուն ուղտ դարձնել ու արդարացված համարել պետական միջոցներից նրանց հատկացվող հարյուրհազարական դրամ աշխատավարձերը: Խնդիրն այն է, սակայն, որ հունվար ամսին պետբյուջեն ճիշտ 13 միլիոն հարյուր հազար դրամով արդեն թեթևացել է, մինչդեռ հայ խորհրդարանականներին օգնության հասածներն իրենց հասանելիք անդրանիկ աշխատավարձն այդպես էլ չեն «շոշափել»: Ասում են` խորհրդարանի ղեկավարությունը նպատակահարմար է գտել այդ գումարով շքեղ ավտոմեքենա ձեռք բերել… Ինչ խոսք, դժվար է ասել, թե նոր ավտոմեքենան կբարձրացնի՞ արդյոք ԱԺ-ի «պրեստիժը», թե՞ «չպատճառաբանված» օգնականների հաստիքն ավելի արդարացված դուրս կգա, բայց իրողությունն այն է, որ 131 մարդու աշխատավարձ չի վճարվել: Մի բան պարզ է. որքան էլ ԱԺ հեղինակության բարձրացումը անհնարին թվա, հարկ է ջանալ, որ նման փորձերը գոնե վերջնարդյունքում ուղիղ հակառակ արդյունքի չհանգեցնեն: ԵՎ իրոք, դժվար գործ է հեղինակությունը մշտապես կայուն ու բարձր պահելը: Այ, օրինակ, ուղիղ մեկ տարի առաջ` այս օրերին, հայրենի ընդդիմությունը բառի բուն իմաստով վերելք էր ապրում: Հիմա արդեն, երբ Կոնգրեսի ձգտումները շատ ավելի համեստ են, ու արմատականներն ընդամենը մարտի 1-ի տարելիցը նշելու առաջադրանք ունեն միայն` մարդաքանակ ապահովելու հարցը վերջիններիս համար լրջագույն պրոբլեմ է դարձել: Ինչպես հայտնի է, ընդդիմությունն ամեն գնով ձգտում է մարտի 1-ին Մատենադարանի մերձակայքում տեղակայվել` ի սկզբանե համոզված, որ Երևանի քաղաքապետարանը այլ տարածք է առաջարկելու, իրենք էլ մերժելու են և իրենց հավաքին չարտոնվածի տեսք են տալու: Հետաքրքիր է` ի՞նչ տարբերություն, թե քո ճշմարտությունը Երևանի ո՞ր հատվածում ես արտաբերելու… ԱՄԵՐԻԿՅԱՆ մի կազմակերպություն էլ հավատացնում է, թե աշխարհով մեկ պտտվել ու սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել: Վերջում էլ` մոլորակի բոլոր պետություններն ընդգրկող վարկանիշային նոր տվյալներ է ամփոփել: Ինչ խոսք, վիճակագրական նման հրապարակումներ մեզ գրեթե ամեն օր են ներկայացվում, բայց այս մեկն իսկապես հետաքրքիր է, քանի որ ամերիկացի սոցիոլոգները ջանացել են ճշտել, թե ով որքանով է իրեն երջանիկ համարում: Եվ ինչ… Պարզվում է, որ հայերս մոլորակի ամենահոռետես ժողովուրդներից ենք և աշխարհի մյուս «դժբախտների» նախավերջին հորիզոնականում ենք: Թե հատկապես ինչու է նման պատկեր ստացվել և ինչու մեզ բնորոշ լավատեսությունը հանկարծ սկսել է նահանջել` դժվար է ասել, քանի որ պատճառներն իրականում շատ ու տարբեր կարող են լինել: Մի բան պարզ է. հոռետեսությամբ հաստատ ոչնչի չենք հասնի: Ուստիև, ավելի ճիշտ կանենք, եթե մեր այսօրվան ու վաղվան դարձյալ նույն հայկական ավանդական լավատեսությամբ նայենք: