ՑԵՑԸ ՁԵՐ ՄԵՋ ՈՐՈՆԵՔ


Անցյալ շաբաթվա ամենաաղմկահարույց իրադարձությունը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի գլխավոր հրամանատար, 64-ամյա գեներալ-լեյտենանտ Ռայիլ Ռըզաևի սպանությունն էր: Ըստ Բաքվի լրատվական աղբյուրների տարածած հակասական տեղեկությունների` ադրբեջանցի գեներալն սպանվել է գլխին արձակված մեկ կրակոցով, համարյա թե իր տան շեմին: Այլ տեղեկություններով` գեներալի կյանքի թելը կտրած գնդակն արձակվել է տնից մոտ 150 մետր հեռու, երբ նրա վարորդը կանգնեցրել է մեքենան` կենցաղային աղբը աղբարկղ նետելու համար: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն` հանցագործի անձը պարզված չէ: Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննութ յուն: Սակայն սպանությանը հաջորդած բոլոր օրերին ադրբեջանական էլեկտրոնային կայքերը լի էին Ռըզաևի սպանության հնարավոր դրդապատճառների վերլուծություններով, ամենաբազմապիսի վարկածների տուրևառումներով: Դրանցից մեկում նշված էր, թե գեներալի «պրոֆեսիոնալ գործունեությունը չէր կարող չանհանգստացնել արտաքին ուժերին»: Այսինքն, սա մի ուղղակի ակնարկ էր, թե Ռըզաևին սպանելու պատվերը պիտի որ տված լինեին արտաքին, հասկանալի է` թշնամական ուժերը: Իսկ Ադրբեջանում «թշնամական ուժ» ասելով նախ և առաջ նկատի են ունենում…Հայաստանը: Հարց է առաջանում` այդ ո՞վ է ազերի վայ-վերլուծաբանների գլուխը մտցրել, թե իբր իրենց գեներալի պրոֆեսիոնալ գործունեությունը կարող էր անհանգստացնել արտաքին ուժերին, տվյալ դեպքում` մեզ: Նա իրենից իրականում ի՞նչ էր ներկայացնում, որ մենք էլ նրա գոյության մեջ մեզ համար վտանգ տեսնեինք և…անհանգստանայի¯նք: Ռայիլ Ռըզաևը Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ու հակօդային պաշտպանության զորքերը ղեկավարում էր 1992 թվականից: Այդ որտեղի՞ց են վերցրել, թե նրա ջանքերով, իբր, իրենց «հաջողվել է ստեղծել Հայաստանի ռազմաօդային ուժերը բազմակիորե¯ն գերազանցող ուժեր»: Դա հերթական ցնդաբանությունն է: Եթե այդքան գերազանցող ուժեր ունեին, ինչու՞ անցած պատերազմում փառահեղ քոթակ կերան և ջախջախվեցին: Կերած քոթակը մոռացել և այսօր հոխորտում են, թե Հայաստանի ռազմաօդային ուժերը նույնիսկ «չհամարձակվեցի¯ն» մասնակցել անցած պատերազմին: Հարկ է զազրախոսներին հիշեցնել` Հայաստանի ռազմաօդային ուժերը ոչ թե «չհամարձակվեցին» մասնակցել մարտական գործողություններին, այլ պարզապես Հայաստանը չէր պատերազմում Ադրբեջանի դեմ. պատերազմն իրենց ուսերին առած ազատամարտիկ կամավորականները պետական կառույցներ չէին ներկայացնում: Բացի այդ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակաօդային պաշտպանության զորամասերը կարողացան ոչնչացնել ադրբեջանական ռազմաօդային ուժերի կեսից ավելին: Դրանից հետո նրանց գիշանգղները սարսափում էին երևալ Արցախի երկնքում: Մինչև հիմա էլ նրանց այդ վախը չի անցել: Հակամարտության գոտում օրումեջ հազար ու մի սադրանքների դիմող ադրբեջանցիների ոչ մի ինքնաթիռ մինչև հիմա չի երևացել ոչ Արցախի, ոչ Հայաստանի օդային տարածքներում: Ինչու՞: Հանկարծ մարդասե՞ր են դարձել, հասկացել են, որ անպաշտպան կին ու երեխաների գլխին ռումբեր թափելը քստմնելի ոճրագործությու՞ն էր իրենց կողմից: Ո¯չ, իհարկե: Խղճի, պատվի, բարոյականության գրված ու չգրված օրենքները խորթ էին գեներալ Ռըզաևի աճեցրած ու դաստիարակած օդաչուական կադրերին: Հազիվ թե հետպատերազմյան տարիներին նրանք ավելի բարոյական են դարձել: Պարզապես եղել ու մնացել են նույն վախկոտները` գիտեն, որ հայկական երկու պետություններից որի օդային սահմաններում էլ երևան` անհապաղ ոչնչացվելու են: Այնպես որ` զուր են իրենք իրենց խաբում: Ոչ նրանց ռազմաօդային ուժերը, ոչ էլ դրանք ստեղծած ու ղեկավարած գեներալ Ռայիլ Ռըզաևը մեզ համար ոչ այն ժամանակ, ոչ հիմա իրական սպառնալիք չէին և չեն: Ուստի մենք նրանց գեներալին սպանելու որևէ շահագրգռություն չունեինք: Հակառակը, մեզ համար ամենևին վատ չէր լինի, եթե այդ ապաշնորհ գեներալը դեռ երկար ապրեր ու երկար ղեկավարեր Ադրբեջանի` իրենից գրեթե ոչինչ չներկայացնող ռազմական օդուժը: Եթե վերլուծաբանները շատ են ուզում` գեներալ Ռըզաևի սպանության մի խիստ հավանական վարկած կարող ենք հուշել իրենց: Գեներալն արդեն 17 տարի մաս էր կազմում Ադրբեջանում ամենակոռումպացված պետական համակարգին` պաշտպանության նախարարությանը: Մինչև ուղն ու ծուծը կաշառակերության ախտում թաղված Ալիևյան կլանը երբեք այդքան երկար չէր պահի մի գեներալի, եթե նա երկիրը կառավարող քրեական ռեժիմի հետ սերտաճած չլիներ: Իսկ քրեականների «բարեկամությունը» երբեք հավերժական չի լինում: Արդյո՞ք գեներալը հերթական «թուլափայը» բաժանելիս չի հարուցել իր ամենազոր տիրոջ զայրույթը: Կամ չի՞ շարժել իր գանձագող գործընկերների նախանձն ու չարությունը: Երկու դեպքում էլ նրանից կարող էին վրեժ լուծել: Եվ ո՞վ չգիտե, որ քրեականների վրեժը սովորաբար…գլխին արձակած դիպուկ կրակոցն է լինում: Թող իրենց ցեցն իրենց մեջ որոնեն, ոչ թե…«արտաքին ուժերի»:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ