ՀԻՄՆԱՐԱՐ ԵՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ


Հայկական հանրագիտարանի հրատարակչությունը, որը գլխավորում է Հովհաննես Այվազյանը, ավարտեց «Դպրոցական մեծ հանրագիտարանի» հրատարակումը` ընթերցողի սեղանին դնելով քառահատոր աշխատություն: Մեր օրերում չափազանց դժվար է նման գրքերի ստեղծումը, քանի որ Հանրագիտարանի խմբագրությունը շատ բան անում է սեփական ուժերով և ջանքերով, ինքնուրույնաբար հայթայթում միջոցներ և հնարավորություններ: Սակայն, չնայած դժվարություններին, հաջողվեց ավարտել հիմնարար ուսումնասիրության հրատարակումը, որը լավագույն նվեր է մեր դպրոցականներին: Նախկինում հրատարակվել էին «Ոսկեփորիկ», «Ինչ է, ով է» հանրագիտա րանները, որոնք հարուստ գիտելիքներ ու տեղեկություններ էին տալիս մեր մանուկներին և դպրոցականներին, նրանց հասանելի դարձնում տարբեր ոլորտներին վերաբերող փաստերը, ներկայացնում նշանավոր անհատների: Ժամանակները փոխվում են, փոխվում են պահանջներն ու մոտեցումները, պատմական շատ տեղեկություններ պահանջում են վերարժևորումներ, ուստի այս նոր հանրագիտարանային հրատարակության ստեղծումը ժամանակի հրամայականն էր: Ավելին, դպրոցներն իսկապես պահանջում էին նմանատիպ հանրագիտարաններ, որոնք ունեն փաստական ճշգրտություն և համակողմանիություն: Բոլոր չորս հատորները, որոնք ամփոփում են բնական և հասարակական գիտությունները, պատմական և քաղաքական իրադարձությունները, մշակութային իրողութ յունները` ստեղծվել են մեծագույն պատասխանատվությամբ և սիրով, հարստացվել են բազմազան պատկերազարդումներով: Հատկապես ճշգրտվել են վիճելի համարվող պատմական փաստեր, հրատարկվել են նյութեր Արցախյան հերոսամարտի հերոսների, Հայոց նոր պետականության ստեղծման մասին: Ուրախությամբ պետք է նշել, որ քառահատորյակի ստեղծմանը մասնակցել են ճանաչված գիտնականներ, հանրագիտարանային գործի հմուտ գիտակներ: Պետք է հուսալ, որ Հայկական հանրագիտարանի խմբագրության նոր ծրագրերի իրականացման կողքին կկանգնեն նաև մեր բարերարները, ովքեր չեն խնայի իրենց միջոցները և ամեն ինչ կանեն` նման գրքերը հասցեատերերին շուտ հասցնելու համար: - Մենք ունենք բազում ծրագրեր, աշխատում ենք հանդես բերել ստեղծագործական մոտեցումներ, ձևավորել հանրագիտարանային մշակույթի նոր ավանդույթներ: Ունենք մեծ ներուժ, հեղինակային հրաշալի կազմ, միայն հարկավոր է, որպեսզի ճշմարիտ և հայրենասիրական վերաբերմունք դրսևորվի մեր ձեռնարկումների հանդեպ: Քառահատորյակը մեծ տպաքանակով չենք հրատարակել, մինչդեռ նրա անհրաժեշտությունը զգում են նաև Սփյուռքում,- ասում է Հովհաննես Այվազյանը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ