Սիրո միա´կ բարեխոսը


Վաղը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնը: Ու այդօր երիտասարդներն օրհնության հետ եկեղեցիներում նաև աղի բլիթներ կստանան: Հայտնի ավանդության համաձայն` Սուրբ Սարգսի տոնին երիտասարդներն աղի բլիթ պիտի համտեսեն` հուսալով երազում տեսնել նրան, ով ջուր կտա: Ըստ ժողովրդական հորինվածի` ջուրը սերն է խորհրդանշում, իսկ այն մատուցանողն առանձնահատուկն ու անկրկնելին է, ով ջահելի սիրո´ ծարավը հագեցնողն է լինելու նաև: Անխոս, մեր ավանդությունն առավել բովանդակալից է, քան «Վալենտինը»: Նախընտրելի է թեկուզ այն պարզ պատճառով, որ մերն է: - Փոքր ազգերը, ցավոք, միշտ մեծ ժողովուրդների ազդեցությունն են կրել, ինչն ակնառու է ոչ միայն քաղաքականության ու տնտեսության պարագայում, այլ` նաև տոների և ծեսերի: Մեզ «Վալենտին» են թելադրել, մեր ջահելն էլ «Վալենտին» է նշում,¬ մեկնաբանում է Գյումրիի սբ. Սարգիս մատուռի հոգևոր սպասավոր Տեր Նշան քահանա Պամֆեորովը: Ըստ նրա` ասել, թե «Վալենտինից» ազատվել ենք, սխալ կլիներ, սակայն կարողացել ենք «Սուրբ Սարգիսն» արմատավորել: - Եթե ունենք մերը, ինչո՞ւ տոնենք ուրիշինը. Սուրբ Սարգիսն է Աստծո մոտ սիրո մեր միակ բարեխոսը,¬ նշում է տեր հայրը: Աղի բլիթ, ծարավ, մի բաժակ ջուր, երազ, Մարտիրոս որդի, Զորավար սուրբ… Զանազան երևույթներով, ծիսախորհրդով ու կերպարներով հագեցած այս տոնի «հոգին», իհարկե, սերն է: Բայց ի՞նչ է սերը, որ նրանով հրճվում են, տխրում, այն փառաբանում են, խարազանում, նրանով ապրում են և, ի վերջո` տոնում այն… Ինչո՞ւ: Որովհետև այն հզոր է: Բայց ինչո՞ւ է հզոր: Որովհետև կենսապարգև է, բայց` նաև փորձություն կարող է դառնալ: Հարցուպատասխանի այս քառկապն անհնարին է հանգուցալուծել. ճիշտ այնպես` ինչպես հնարավոր չէ միանշանակ ձևակերպել` ինչ է կյանքը, ինչ են երջանկությունն ու տխրությունը… «Ի՞նչ է սերը» հարցի վերջնական պատասխանը, թեև հնարավոր չէ տալ, այդուհանդերձ, սերը բնավ այսօրվա երիտասարդության մեծամասնության ընկալածն էլ չէ: - Մեր հասարակությունում աղճատված է սեր հասկացությունը: Ցավոք, շատերը այն նույնացնում են զուտ մարմնական ցանկասիրության հետ: Իսկ ամուր ընտանիքներ կառուցելու համար մեր երիտասարդներին գոնե մոտավորապես հարկ է հասկանալի դարձնել` ինչ է սեր կոչվածն իրականում,¬ ընդգծում է հոգևորականը: Տեր Նշանի խոսքով` սերն, անշուշտ, որոշակի կառուցվածք ունի. այն ֆիլերոսի (մտավոր սեր), էրոսի (մարմնական սեր) և ագապեի (հոգևոր սեր) ներդաշնակումն է. - Իրական սերը հանուն դիմացինի կյանքը զոհաբերելու պատրաստակամությո´ւնն է,¬ գտնում է նա: Սերն անհատական ընկալում է, հետևաբար` անմեկնելի: Ու այն հզոր է միանշանականորեն, որովհետև աստվածային է, ուրեմն` և´ համամարդկային: Եվ անխոհեմ է արարչական երևույթներին չվստահելը… Այդուհանդերձ, ովքեր չեն հավատում «աղի բլիթին», երազներին և Զորավարի պատմությանը, կարող են այդ օրն այցելել եկեղեցի` ուղղակի օրհնություն ստանալու: Ինչն էլ, թերևս, կարևորագույնն է երիտասարդների հովանավոր, սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարին նվիրված տոնի ծիսաշարքում:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ