Գիրք նվիրելը երբևէ տոն կդառնա՞...


Արդեն 4¬րդ տարին է, ինչ փետրվարի 19¬ը Հայաստանում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»: Հետաքրքիր ժողովուրդ են. փաստորեն մեզ տոների միջոցով պետք է հիշեցնել այս կամ այն անհրաժեշտության մասին: Օրինակ, Հայաստանում ընթերցասիրության այսօրվա խայտառակ ցածր մակարդակը կասկածի տեղիք է տալիս. արդյո՞ք «Գիրք նվիրելու տոնի» խորհուրդը ճիշտ է ընկալվում. թե՞ ոմանց համար այն ընդամենը իրենց «պետք» չեկող գրքերից ազատվելու լավագույն առիթ է, իսկ ոմանց համար էլ (դժբախտաբար)` «պետք» չեկող նվեր ստանալու պարտադրանք: Մի բան, սակայն, միանշանակ է. պետական ինչպիսի հոգածություն որ ցուցաբերվում է երկրում ընթերցանության խթանմանը, նույնպիսին էլ լինում է վերջինիս «որակը»: Բավական է հիշել մեր ուսյալ որոշ այրերի վերջին «հայտնագործություններից» մեկը: Ազգի` գիր ու գրականությունից հեռու լինելու խնդրով «մտահոգված», նրանք «հնարամտորեն» տպագրեցին գրական արժեքների ծաղրանմանակում-սղագրությունները: Դիցուք, 800¬էջանոց «Վարդանանքը» տեղադրեցին 30 էջի մեջ (նույն ճակատագրին արժանացնելով «Գևորգ Մարզպետունուն» և այլն)` մեր դասականների ստեղծագործությունները խայծ դարձնելով ծույլ ուղեղներին: Ձեռնարկումը կարելի է համարել ընթերցանության կոչելու զուտ հուսահատ ճիգ, քանզի դա ավելի նման է հանձնվելու, քան երբեմնի գրագետ և ուսյալ հասարակությունը վերադարձնելու պայքար: Այս ամենի մեջ առավել մտահոգիչն էլ այն է, որ նման «գրքույկները» ներդրված են նաև դպրոցական ուսումնական ծրագրերում: Մատաղ սերնդին ուսանում ենք ոչ թե ընթերցանության էթիկա, այլ գեղարվեստական գրականությունից շատ հեռու գայթակղություն: Աշակերտն, առանց համապատասխան ջանքերի, մի քանի րոպեում ծայրեծայր կարդում է անգամ «Սասունցի Դավիթը»: Կարդում, սակայն, բնավ չի յուրացնում, որովհետև հեղինակները հաստափոր գրքեր են արարել, ոչ թե որ շաղակրատ են եղել, այլ ասելիք են ունեցել, յուրաքանչյուր տառ ու բառ համեմել, մարդկային միտքն ու հոգին շարժել պատկերավոր բովանդակությամբ: Իսկ ներկայիս «բանիմացներն» առանց մի պահ վարանելու իրենց իրավունք են վերապահում աղճատել դրանք: Այդուհանդերձ, «Գրքի տոն» նշելը գեղեցիկ ու շնորհակալ ձեռնարկում է: Թեև գիրքը հիմա հազվադեպ տրվող նվերներից է, այդուհանդերձ, այն բարձրարժեք և միայն խելացիներին հասու անակնկալ է: Իհարկե, նրանց համար, ովքեր զգացել են ընթերցանության «կախարդանքը», ում համար գրականությունն իսկապես արժեք է: Ափսոս միայն` «Գիրք նվիրելու տոնը» ժամանակակից հեղինակներին դեռ այնքան չի ոգեշնչել, որ, օրինակ, բուհերում դասախոսները ոչ թե իրենց աշխատությունները լուռ պարտադրանքով վաճառեին ուսանողներին, այլ տարվա մեջ գոնե մի օր նվիրեին դրանք: Բայց, ինչպես ասում են` տոնը` տոն, բիզնեսը` բիզնես Գրքերի աշխարհում վերջին` ամենաթարմ նորամուծությունն էլ գրադարանների թվայնացումն է: Դե, մենք ժամանակին համընթաց քայլող ժողովուրդ ենք. նաև նոր տեխնոլոգիաներն ի սպաս կդենենք թեկուզ հանուն «ընթերցանության վերակենդանացման»… Սակայն հաշվի չի առնվել ամենակարևորը միայն` անհնար է մարդկային ուղեղն էլ մոդելացնել: Մինչդեռ գիրք թերթելուն ու նրա տողերի մեջ խորամուխ լինելու բանական վայելքին աշխարհում ոչինչ չի կարող փոխարինել: