Զինվորը պետք է միշտ հիշի, որ իրեն սպասում են


Որքան էլ հասարակության առանձին ուժեր տուրք տան չարակամությանը, այնուամենայնիվ, բանակը գնահատվող արժեք է: Այնտեղ իրենց ավանդն ունեն այն զինվորականները, բարձրաստիճան այն սպաները, ովքեր հայրենիքին մատուցած իրենց ծառայություններով են կենսագրություն հյուսել և դրանով հեղինակություն ու համբավ ձեռք բերել: Նրանցից է և անվանի գեներալ¬մայոր Արկադի ՏԵՐ¬ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, ում բոլորն են մեծարում` որպես ռազմական գործի ԿՈՄԱՆԴՈՍ: Նրա հետ է մեր զրույցը. - Որպես մեր բանակի ամուր հիմնասյուներից և նրա կայացման գործում մեծ ներդրում ունեցած անհատներից մեկը` ինչպե՞ս եք գնահատում այն: - Մշտապես բանակում և նրա կողքին լինելով` ես չեմ կարող դրական չլինել: Նրա գնահատականը, սակայն, տալիս ենք ոչ միայն մենք, այլև միջազգային մասնագետները: Եթե հավատանք Ադրբեջանի կողմից տարածվող լուրերին, նրանք պատրաստ են, կարող են մարտական գործողություններ սկսել, անել այն, ինչ ցանկանում են: Իրականում այդպես չէ: Իսկ մեր բանակը կայուն է, ունի հակառակորդի հարձակումը կանխելու և վճռական հակահարված հասցնելու բոլոր հնարավորությունները: Միջազգային հեղինակավոր կազմակերպություններում աշխատող զինվորական մասնագետները, ուսումնասիրելով ադրբեջանական, վրացական և այլ երկրների զինված ուժերը, ամենաբարձր գնահատականը տալիս են մեր բանակին: Ես կիսում եմ նրանց տեսակետը: - Ըստ Ձեզ` ովքե՞ր են կազմում մեր հասարակության` բանակն անհիմն քարկոծող, դատափետող շերտը: Արդյո՞ք նրանք դրա բարոյական իրավունքն ունեն: - Բանակի նկատմամբ քննադատությունը պետք է գիտակցված և առողջ լինի` ուղղված այնտեղ առկա թերությունների շտկմանը: Ցավալի է, սակայն մեզանում այսօր տեղ են գտնում նաև չարախոսությունն ու դատափետումը: Անառողջ քննադատությունը հիմնականում ծնվում և զարգանում է քաղաքական աստառով` որոշակի նպատակներով: Ընդդիմադիր ուժերն ամեն կերպ փորձում են իբր ապացուցել` թե իշխող քաղաքական ուժը չի կարող ղեկավարել: Պայքարը 2 քաղաքական ուժերի միջև է: Իմ դառը փորձը ցույց է տվել, թե ինչի կարող է դա հանգեցնել: Դեռ նոր էինք ազատագրել Շուշին, երբ 2 քաղաքական ուժերի` ՀՀՇ¬ի և ՀՅԴ¬ի միջև ծագած պայքարի թոհուբոհում ընկավ մեր Շահումյանը: Ստեփանակերտում պայքար սկսվեց իշխանության համար: Դա մեծ հարված էր ու մեծ դաս` բոլորիս համար: 1992 թ. հունիսի 3¬ին, երբ Շուշիի ազատագրումից դեռ մեկ ամիս էլ չէր անցել, Ստեփանակերտում ես ելույթ ունեցա` քննադատելով 2 քաղաքական ուժերին էլ: Դրա համար ինձ զրկեցին պաշտոնից և կանչեցին Երևան: Փաստորեն, մենք տուժեցինք: Ու դա այն դեպքում, երբ պարտավոր էինք միասնական և համախմբված լինել: Հակառակորդն էլ, բնականաբար, օգտվեց իրավիճակից: 1996 թ. ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, երբ մեզանում պառակտում եղավ, բանակին ևս ներքաշեցին քաղաքական պայքարի մեջ: Պատմությունը կրկնվեց 2008¬ին: Մարտի 1¬ի ողբերգական դեպքերի քննարկումներում հանիրավի մշտապես շահարկվում է դրանց բանակի մասնակցության թեման: Եվ ընդհանրապես, թե´ 1992¬ի, թե´ 2008¬ի դեպքերը վերլուծելով` տեսնում ենք, որ քաղաքական պայքարի մեջ նաև բանակն է ներքաշվում, ինչն էլ քննադատության պատճառ է դառնում: Արդյունքում` ամեն օր ու ամեն ժամ հակառակորդի դեմ պայքարին պատրաստվելու փոխարեն մեր Զինված ուժերը քաղաքական անմաքուր պայքարի ճահճում է հայտնվում: Մինչդեռ, տարեցտարի մեր բանակը կատարելագործվում է, պայմաններն ավելի ու ավելի են բարելավվում: Բարեփոխումների մասին, սովորաբար, ավելի քիչ է խոսվում: Իսկ ահա թերացումները, արտակարգ պատահարները, մահվան ելքով դեպքերը, ինքնասպանությունները դառնում են քննադատության առարկա և որպես թերացում` վերագրվում բանակին: Իհարկե, անհրաժեշտ է խոսել այդ դեպքերի մասին, բայց նախ պետք է պարզել դրանց ակունքները, ծնող պատճառները, որից հետո միայն եզրակացություններ անել: Որտեղի՞ց է մեր մեջ այսքան անհանդուրժողականությունը` միմյանց նկատմամբ: Մեր հասարակության մեջ իշխող բացասական երևույթները` կոպտությունը, միմյանց անխնա վիրավորելու հակումը փոխանցվում է բանակ: Իսկ այդ ամենի հետևանքով տեղ գտած թերացումները գռեհկորեն քարոզվում են այն ուժերի կողմից, ովքեր իշխանության են ձգտում: Ինչ խոսք, թերություններ կան. բայց ո՞ր ոլորտում դրանք չկան: Կա´ն, և մենք պարտավոր ենք վերացնել, ու մեր հասարակությունը պետք է մասնակցություն ունենա բանակի կատարելագործմանը: Այնտեղ ծառայող երիտասարդները մեր ապագան են: Բանակը` իր սպայական ողջ կազմով, զինվորներով, մեր խաղաղության, անվտանգության երաշխավորն է, և յուրաքանչյուրս պարտավոր ենք օգնել, սատարել նրան: - Պաշտպանական կառույցը շարունակ զարգացող է` ժամանակին համընթաց: Ըստ Ձեզ` կա՞ որևէ խոչընդոտ` նրա կատարելագործման ճանապարհին: - Բանակը տարեցտարի կատարելագործվում է և շատ արագ տեմպերով զարգանում: Վերջին շրջանում մեծ ուշադրություն է հատկացվում ուսումնական կենտրոնների ստեղծմանը, որտեղ որակյալ մասնագետներ են պատրաստվում` զինուժի համար: Պաշտպանության նախարարի հրամանով ուսումնական կենտրոններ են բացվել Երևանի Դավիթաշեն համայնքում, Արթիկ և Եղվարդ քաղաքներում: Այս տարի նախատեսված է ևս 2 կենտրոն ստեղծել` Վայք և Ապարան քաղաքներում: Լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում, իսկ թերացումները շտկելու ուղղությամբ աշխատանքները, կարծում եմ, բոլորին են տեսանելի: - Պաշտպանության նախարարության որոշմամբ մեր զինվորականները կրելու են ազգային խորհրդանշաններով համազգեստ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին: Դա ի՞նչ խորհուրդ և նշանակություն կարող է ունենալ զինվորականի համար: - Յուրաքանչյուր ժողովրդի բանակ ունի իր ավանդույթները, նորմերը, սովորույթները: Մենք հազարամյակների պատմություն ունենք: Ամենավաղ անցյալից` Հայկ Նահապետի և Բելի ճակատամարտից ի վեր, մեր ժողովուրդը մշտապես եղել է ռազմական գործողությունների մեջ: Մեր բոլոր իշխանական ու նախարարական տներն ունեցել են իրենց զինանշանները: Եվ այսօր ազգային խորհրդանշանների միջոցով ցույց տալ, որ մենք նրանց արժանի հետնորդն ենք` հոգեբանական լուրջ խթան կարող է լինել: Կցանկանայի, որ մեր բանակն ունենա իր ուրույն տեղը: Ողջունում եմ այդ որոշումը: Մեր զինվորականները հաճախ են լինում տարբեր երկրներում, մասնակցում զորավարժությունների, որոնց յուրաքանչյուր երկիր ներկայանում է իր ստորաբաժանումներով: Եվ համազգեստի վրա ազգային խորհրդանշանների առկայությունը նաև այս դեպքում կնպաստի հայրենասիրական ոգու բարձրացմանը: Բնականաբար` հայաստանցի զինվորականը կհպարտանա իր համազգեստով, իր ծագումով, Հայոց բանակի զինծառայող լինելու իրողությամբ: - Ըստ Ձեզ` ղեկավար¬ենթակա փոխհարաբերությունները ճի՞շտ հենքի վրա են կառուցված: - Ղեկավար¬ենթակա փոխհարաբերություններն ամբողջովին հիմնված են խորհրդային վարքուկանոնի վրա: Մեն զինվորական վարքուկանոնների վերանայումն այսօրվա և ժամանակի պահանջն է: Զինվորն այսօր տեղեկացված է ոչ միայն տեղական, այլև միջազգային իրադարձությունների մասին: Պետք է հիշել, որ այսօրվա զինվորն ավելի գրագետ է, քան 30-40 տարի առաջ, չնայած երբեմն հակառակն են պնդում: Զինվոր¬սպա փոխհարաբերությունների ճիշտ կառուցումը մեծապես կախված է սպայի հմտությունից, փորձից: Բարձրագույն ռազմաուսումնական հաստատություն ներում ստացած գիտելիքները բավարար չեն: Սպան պետք է անընդհատ ինքնակատարելագործվի, ճիշտ պատկերացնի իրավիճակը: Այսօր մեր պետությունում ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն իրավիճակն է: Սպա¬զինվոր փոխհարաբերություններն այնպես են կառուցված, ինչպես խաղաղ պայմաններում: Մենք ինքներս մեզ կտրում ենք իրականությունից: Սպան պետք է հասկանա, որ այսօր պատերազմ չէ, վաղը կարող է սկսվել: Նա պետք է միշտ պատրաստ պահի իր ենթականերին, սովորեցնի նրանց` պարտավորությունները ճիշտ և անթերի կատարել նաև պատերազմի պայմաններում: Երբեմն մոռանում են այս ամենի մասին: Թերացումներով հանդերձ` փոխհարաբերութ յունները ճիշտ են կառուցված: Կարծում եմ` ՊՆ ղեկավարությունը ճիշտ ուղու վրա է: - Ի՞նչ կասեիք հայ զինվորներին: - Երբ երիտասարդը զորակոչվում է, անմիջապես հայտնվում է խիստ կարգուկանոնի պայմաններում: Նա պետք է կարողանա տղամարդուն վայել կերպով տանել ծառայության բոլոր դժվարությունները: Նա մեր հայրենիքի պաշտպանն է, մեր խաղաղության երաշխավորը: Միգուցե ծառայության ընթացքում նա չհասկանա այս ամենը, բայց զորացրվելուց հետո մեծ հպարտությամբ է հիշելու, թե ինչպես է ծառայել: Ուզում եմ, որ մեր զինվորներն առաջին հերթին առողջ լինեն և լավ տիրապետեն զենքին: Կարծում եմ` ցանկացած տղամարդ պարտավոր է առնվազն 2 մասնագիտություն ունենալ և գիտակցել, որ իր նախընտրածից էլ առաջնային է հայրենիքի պաշտպան լինելը: Զինվորը պետք է միշտ հիշի, որ իրեն սպասում են, ոչ մի պահի չպետք է մոռանա, որ ապագան կախված է այսօր իր կրած դժվարություններից: Նա կանգնած է սահմանում, որտեղ ձյուն է, անձրև, և պետք է պատվով հաղթահարի ամենայն դժվարություն: Ժամանակին ես էլ եմ անցել այդ ամենի միջով և այսօր հպարտ եմ դրա համար: Ուսադիր կրող մարդը մեծ պատասխանատվություն է ստանձնել և պետք է հպարտ լինի դրա համար: Միշտ գիտակցի և հիշի, որ հասարակությունը սիրում ու գնահատում է իրեն:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ