Մի խանդի պատմություն


Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր դիրք ու դերակատարություն ունի Հարավային Կովկասում` թե´ տարածաշրջանային, թե´ աշխարհաքաղաքական առումներով: Եվ Հայաստանի անմիջական չորս հարևաններից, թերևս միակն է, որի հետ մեր երկիրը որևէ լուրջ տարաձայնություններ չունի: Ավելին, հայ-իրանական հարաբերությունները թեև ռազմավարական գործընկերության աստիճանի դեռևս չեն հասել, բայց դրանք, առնվազն բարի-դրացիական համարել կարելի է: Հայաստանն ու Իրանը կնքել են տնտեսական ու քաղաքական նշանակության շուրջ 100 պայմանագիր, այդ թվում նաև տարածաշրջանում պատերազմի դեպքում երկու պետությունների դիրքորոշումների մասին: Բայց այնպիսի սկզբունքային պայմանագիր, որը գոյություն ունի Հայաստանի ու Ռուսաստանի միջև, Երևանն ու Թեհրանը չունեն: Սակայն, այդպիսի պայմանագրի բացակայությունը չի խանգարում, որպեսզի Ադրբեջանը անթաքույց խանդով հետևի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը և ժամանակ առ ժամանակ անհիմն ենթադրություններով փորձի սեպ խրել երկու հարևան պետությունների բարեկամության մեջ: Նման` ֆանտաստիկայի ժանրի վերլուծություն-ենթադրությամբ օրերս փայլեց Ադրբեջանի քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլին: Պարզվում է` այս քաղաքագետն անչափ մտահոգված է էներգետիկ ոլորտում հայ-իրանական համագործակցությամբ: Նրա անհանգստության հարուցիչը երկու երկրների միջև էներգափոխանակումների` զգալիորեն ընդլայնվող հնարավորություներն են: Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց հայ-իրանական փոխշահավետ ծրագրի առնչությամբ Ահմեդօղլին պնդում, ինքն իրենից դուրս է գալիս` ապացուցելու համար, թե բա չեք ասի` Հայաստանը «քցել է» Իրանին: Գազի միջազգային գինը 340 ԱՄՆ դոլար է, իսկ Իսլամական Հանրապետությունը քրիստոնյա Հայաստանին գազը վաճառում է ընդամենը 120 դոլարով: Շատ ավելի անմեղսունակ է ադրբեջանցի քաղաքագետի հաջորդ ենթադրությունը: Երևի նա շատ երկար-բարակ մտածել ու վերջապես գլխի է ընկել` քրիստոնյա Հայաստանի հանդեպ իսլամիստ Իրանի այս առատաձեռնության, իր համոզմամբ, գլխավոր պատճառը, այն է` դրանով Թեհրանը փորձում է շահել քրիստոնյա Եվրոպայի համակրանքը: Ցավով նշելով, որ մեր բարեկամ երկիրը պատրաստվում է առաջիկայում մեզ մատակարարել 810 մլն խմ գազ, ինչի դեպքում վերջինս Հայաստանին կզիջի 200 մլն դոլար, Ահմեդօղլին հայ-իրանական համագործակցությունից կտրուկ անցում է կատարում հայ-ամերիկյան հարաբերությունների ոլորտ` այս անգամ էլ ցուցադրելով իր քաղաքական-վերլուծական մտքի «ճկունության», «ամենահասության» աստիճանը: Հայ-իրանական տնտեսական համագործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների քիմքին հաճո չի լինի, քանի որ վերջինս Իրանի դեմ պատժամիջոցների կողմնակից է, մինչդեռ Երևանը Թեհրանին հնարավորություն է ընձեռում օգտվել իր շուկայից: Եվ սրանից ելնելով` Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենը եզրակացության տեսքով հրամցնում է իր հաջորդ` անչափ կարևոր ցնդաբանությունը` Միացյալ Նահանգները կվերանայի իր հարաբերությունները Հայաստանի հետ… Բայց այս սրամիտ ու հեռահար եզրակացությունն անելուց հետո, տեսնես` նյարդային ինչ կծկումներ են ունեցել Ահմեդօղլին ու նրա շատ սիրելի սուլթանը` իմանալով ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին ամերիկյան օգնության 25 տոկոսով կրճատվելու մասին լուրը: Իրոք` ճակատագիրը չար խաղ խաղաց ադրբեջանցի քաղաքագետի գլխին: Բայց ուր էր թե գոնե այսքանով ավարտվեր ամեն ինչ: Տրագիկոմեդիան իր շարունակությունն, այնուամենայնիվ, ունեցել է: Անհաջողակ քաղաքագետը հետո էլ դարձյալ հայ-իրանական համագործակցությունը փորփրելով, փորձել է քար գցել նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերության բոստանը: Խնդիրն այն է, որ ըստ Ահմեդօղլու, Ռուսաստանն իր ձեռքը վերցնելով Հրազդանի ՋԷԿ-ը, ըստ էության, խանգարել է հայաստանյան շուկա Իրանի ազատ մուտք գործելուն: Իսկ խորամանկ հայերն էլ, օգտվելով հանգամանքներից, ներմուծել են իրանական գազը, որը ռուսականից էժան է: Գազային այս պատմությունն, ադրբեջանական կույր աչքաչափով` կզայրացնի Մոսկվային, և ռուսները կորոշեն մի լավ դաս տալ երկերեսանի հայերին: Իհարկե, դա կլինի Ղարաբաղի հաշվին: Ոչ ավել, ոչ պակաս. տեսաք, թե ուր հասանք… Ադրբեջանցի ամենագետների թիմից համանման մեկ ուրիշն էլ իր նույնատիպ վերլուծություններից հետո Իրանին խորհուրդ է տալիս շատ չտարվել հայերի հետ քիրվայություն անելով և հիշեցնում է, որ Իրանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, թե պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ տառացիորեն ընդամենը օրեր առաջ Բաքվում Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույց էին կազմակերպել ադրբեջանցի ազգայնամոլները: Հենց ադրբեջանական լրատվամիջոցներն են տեղեկացնում, որ ցուցարարները պարզել էին «Իրան, հերիք է օգնես մուսուլմանների թշնամի հայերին», «Իրան, մուսուլմանների դավաճան» և նման այլ գրություններով պաստառներ: Իհարկե, Ադրբեջանն այն երկիրը չէ, որտեղ այլախոհները կարող են ազատորեն արտահայտել իրենց դիրքորոշումները: Եվ այն, որ ցուցարարներից ոմանք ձերբակալվել են, բոլորովին էլ չի վկայում այն մասին, թե հակաիրանական այս ակցիան իշխանությունների «դաբրոյով» չի կայացել: Եվ այս պարագայում միանշանակ է, որ Ադրբեջանին խիստ անհանգստացնում է հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը: Այդ իմաստով` բնական է Բաքվի անթաքույց խանդը. չէ՞ որ Հայաստան-Իրան համագործակցությունը չէր մտնում Հայաստանը շրջափակելու թուրք-ադրբեջանական տանդեմի հաշվարկների մեջ:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ