1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Ամերիկյան դոլարը նույնպես անմասն չմնաց գնաճային ճնշումներից: Թեև դանդաղ ու առանց փողային շուկան ցնցելու, բայց դոլարը նույնպես սկսել է թանկացման ճանապարհով ընթանալ: Ընդ որում, ստեղծված իրավիճակը բացառիկ կարելի է համարել, քանի որ արհեստական ներգործության հավանականությունն ու հնարավորութ յունը գրեթե զրոյական են: Այս տարվա առաջին երկու ամիսների հպանցիկ ամփոփումն արդեն թույլ է տալիս եզրակացնել, որ ծառայությունների ու հատկապես ապրանքների թանկացումն ընթացիկ տարում նույնպես բավական կլորիկ տոկոսներով են արտահայտվելու: Նման իրավիճակում դոլարի վերընթացը գրեթե անխուսափելի կարելի է համարել: Ավելին, հնարավոր է, որ նման ընթացքն արտարժույթի շուկայի զարգացումներն աննախադեպ «մակարդակի» հասցնի, և 365 դրամի սահմաններում տատանվող ամերիկյան փողի կուրսն առաջիկայում մինչև անգամ 400 դրամի սահմանագիծը հատի: Ուշագրավ է, որ այսչափ կտրուկ վերելքի հավանականությունը ոչ միայն թանկացումների ազդեցությամբ է պայմանավորվում, այլ մի շարք այլ կարևոր գործոնների ներգործությամբ ևս: Դիցուք, ձմեռային ամիսների, այսինքն` անբարենպաստ սեզոնի ավարտը սովորաբար գարնանային ջերմություն է հաղորդում ներկրողների ծրագրերին և արտարժույթի արտահանման ծավալների աճը տարվա այս հատվածում դոլարի գնի բարձրացմամբ է նշանավորվում: Ինչ խոսք, եթե մասնավոր տրանսֆերտների շարունակվող և հետզհետե մեծացող հոսքը չլիներ, արտարժույթի շուկան շատ ավելի մեծ ու լուրջ ցնծումների կենթարկվեր: Սակայն մյուս կողմից էլ դրանց հոսքը չի կարող տևականորեն հավասարակշռված պահել այդչափ զգայուն արտարժույթի շուկան: Իսկ նման իրավիճակում ու անկախ ամեն ինչից` Կենտրոնական բանկին ոչինչ չի մնում, քան իրադարձությունների ուշագրավ ընթացքին հետևել: