Ամերիկյան դոլարները` հայկական ջրո՞վ


ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ իրադարձությունները, հիրավի, մեզանում իրար են հաջորդում: Դիցուք, օրերս հայտնի դարձավ, որ ամերիկյան ծագմամբ Հազարամյակի Մարտահրավերներ կորպորացիան Հայաստանում դադարեցնում է ծրագրերի ֆինանսվորումը: Առաջին հայացքից` այս լուրը կարելի է անցանկալիների շարքին դասել, քանի որ մեկ¬երկու բառով տարածված ժլատ տեղեկատվությունը ինչ¬որ ֆինանսավորման դադարեցման մասին է «գուժում»: Սակայն տեղի ունենալիքը միգուցե խոստումնալից դարձնի հեռանկարներն այն ոլորտի, որին կոչված էր օժանդակելու ամերիկյան կառույցը: Հայտնի է, որ Հազարամյակի Մարտահրավերները միլիոնավոր դոլարներ է հատկացրել հայրենի գյուղատնտեսությունը ոռոգման համակարգերով ապահովելու նպատակին: Ընդ որում, նշված կազմակերպությունը մեր երկրում տեղակայված լինելու ու ծրագրեր ֆինանսավորելու պատկառելի կենսագրություն ունի, և ամերիկացիների բարի գործերի պտուղները (բառի ուղիղ և փոխաբերական իմաստով) կարծեք թե վաղուց պետք է վայելելիս լինեինք: Մինչդեռ երաշտի, թե միանգամայն բարենպաստ պայմաններում, մերոնք գյուղատնտեսության մասին խոսելիս մշտապես տրտնջացել են ոչ միայն ջրի, այլ նաև հողատարածքները ջրելու հնարավորության բացակայութ յունից, խորհրդային ժամանակներից մնացած ու վաղուց քայքայված ոռոգման համակարգից... Այն, որ Հազարամյակի Մարտահրավերն իսկապես մարտահրավեր է նետել քայքայված համակարգեր վերականգնելու գործին, գրեթե վեր է կասկածից: Հաստատ կգտնվեն հեռուստակադրեր, որտեղ ժպտերես ամերիկացիները խողովակաշարերի բացման են մասնակցում, նման միջոցառումներին ներկա հողագործներին հավատացնելով, թե նոր ջրագծերը հորդառատ անձրևների նման ոռոգելու են անապատացող դաշտերը: Այսուհանդերձ, նույնքան անվիճելի է, որ եթե խոսքը տարեկան` միլիոնների հասնող ներդրումների մասին է, ապա մեր հանրապետությունում պետք է որ այլևս հնացած կամ ընդհանրապես գոյություն չունեցող ջրագծեր մնացած չլինեին: Իսկ խնդիրը ոչ թե ընդամենը մասնակիորեն, այլ հիմնավոր լուծում պետք է ստացած լիներ: Թերևս, միլիոնավոր դոլարներ իսկապես հատկացվել են. այլ հարց է, թե դրանց մի մասը ո՞ւր է հոսել, ու հեռացող ամերիկացիներն արդյո՞ք գլխիկոր են գնում, թե՞ նրանց ավելի շատ պետք էր ամերիկյան դոլարը հայկական ջրով լվանալ: Այլապես դժվար է պատկերացնելը, թե ինչպես է կառույցը տարիներով գործել ու այդչափ աննկատ մնացել: Մնում է ենթադրել, որ տարբերակներից վերջինն է եղել մարտահրավերների գործունեության նպատակակետը, ու արդեն կեղտոտ լվացքը պատրաստ է: Այլապես ծրագրի դադարեցումն այդքան միանգամից ու առանց նախնական ծանուցում¬հիմնավորումների չէր հրապարակայնացվի: