«Նաբուկոն» իրականություն կդառնա՞


Թվում է` անցած շաբաթ Իրանում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովը պետք է, որ չհետաքրքրեր Հայաստանին: Վերջինս չի անդամակցում Իրանի, Թուրքիայի և Պակիստանի նախաձեռնությամբ 1995-ին ստեղծված այդ կազմակերպությանը: Սակայն գագաթաժողովում, ի թիվս այլ խնդիրների, քննարկվել է նաև «Նաբուկո» գազատարի հարցը: Իսկ տարածաշրջանում դրա հայտնվելը կտրուկ կարող է փոխել աշխարհաքաղաքական առկա իրավիճակը և այն երկրների տնտեսական ու քաղաքական տեղն ու դիրքը, որոնք այս կամ այն կերպ կառնչվեն այդ գազատարին: Ինչպես հայտնի է, Եվրամիությունը մտադիր է այդ գազատարն անցկացնել Կասպից ծովի հարավային միջանցքով` Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը թուլացնելու նպատակով: Ըստ Բրյուսելի Ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Բորուտ Գրժիչի, ադրբեջանական գազի տարանցման մասին պայմանագիրը պետք է կնքել արդեն այս տարի: Սակայն, այսօրվա դրությամբ, դեռ հստակեցված չէ գազատարի երթուղին: Առաջին հայացքից այս խնդիրը կարող է արհեստածին թվալ: Ադրբեջանի և Վրաստանի միջև նավթամուղ ու գազամուղ արդեն գոյություն ունեն, և Եվրոպային մնում է գազամուղը շարունակել Սև ծովով` Վրաստանը միացնելով Ռումինիայի հետ: Սակայն Եվրոպայի համար այս տարբերակն արդեն ընդունելի չէ. Վրաստանի և Ռուսաստանի միջև օգոստոսյան պատերազմի ժամանակ ռումբեր սկսեցին պայթել նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շրջակաքում: Բացի այդ, չի անտեսվում նաև Աբխազիայի գործոնը: Եվրոպայում գտնում են, որ վերահսկվելով Մոսկվայի կողմից, Աբխազիան կարող է խնդիրներ ստեղծել Վրաստանի տարածքով անցնող գազամուղի անվտանգության համար: Ամենահարմար ճանապարհն անցնում է Թուրքիայով: Սակայն, պաշտոնական Անկարան գազային այս ծրագրում Թուրքիային տեսնում է ոչ թե տարանցիկ երկրի դերում, այլ որպես էներգետիկ հանգույց: Ըստ այդմ, Թուրքիան կգնի ադրբեջանական գազը և այն կվերավաճառի Եվրոպային: Իսկ գազի դիմաց թուրքերի առաջարկած` եվրոպականից շատ ցածր գնին Բաքվում չեն համաձայնվում: Իսկ իրականում Թուրքիան, հասկանալով «Նաբուկոյի» իրականացման հարցում Եվրոպայի շահագրգռվածության մոտիվացիան, «պոչ է խաղացնում»` ջանալով հնարավորինս օգուտներ քաղել: Խնդրո առարկա գազատարի անցկացման թնջուկում «շան գլուխը թաղված է» Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության խնդրի մեջ: Անկարան ակնկալում է, որ Եվրամիությանն իր անդամակցության շուրջ ընդհատված բանակցությունները վերսկսվեն, ինչին, թուրքերի կարծիքով, արգելափակում է Ֆրանսիան: Սակայն, Թուրքիայի մասին Եվրախորհրդի ընդունած զեկույցը դարձյալ նպաստավոր չէ Անկարայի համար: Զեկույցում նշվում է, որ Թուրքիայում բարեփոխումները դանդաղում են. լուծված չէ մամուլի ազատության հարցը. փաստաթուղթը հիշատակում է նաև «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մասին: Բայց մինչև Թուրքիան և Եվրամիությունը միմյանց հետ լեզու կգտնեն, չի բացառվում, որ ադրբեջանական գազը վաճառվի Ռուսաստանին և Իրանին: Իսկ դրանից հետո Իրանից դեպի Ռուսաստան գազամուղ անցկացնելն այլևս դժվար չի լինի: Այս դեպքում արդեն տարանցիկ երկրի դերում կարող է հանդես գալ Հայաստանը: Իսկ Ռուսաստանն ու Իրանը մեկ անգամ չէ, որ հետաքրքրություն են հանդես բերել ադրբեջանական, ընդհանրապես կասպիական գազի նկատմամբ: Մանավանդ, բոլորովին վերջերս Բաքու էր այցելել ՌԴ արտգործնախարար Լավրովը: Եվ բացառված չէ, որ այդ այցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը բանակցած լինի նաև հիշյալ հարցի շուրջ: Ի դեպ, կտրականապես հերքելով Հայաստանին Ռուսաստանի կողմից 800 մլն ԱՄՆ դոլարի զենք մատակարարելու մասին լուրերը, Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխվստահության ու համագործակցության մեծ ներուժ ունեն:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ