Իրական պատկեր` 2009-ի հորիզոնում


Օտարամոլությամբ խեղված մեր արդի խառնաձայն երգարվեստից նյարդացունց հոգնությունը կատարումից կատարում աննկատ սկսեց մեղմանալ, երբ ուղիղ եթերով հեռարձակվող մոտ 2 ժամանոց հեռուստատեսային համերգում շուկայի կամքին հարմարված հանրածանոթ պրոֆեսիոնալ երգիչ-երգչուհիները, ժողովրդական երգի զուլալ ու հոգեզմայլ մատուցմամբ, միասնաբար հավաստեցին հայ երգարվեստի ինքնատիպ արժեքավորության վերահաստատման հավանականությունը: Երբեմնի բարձրակետում էր Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլը` ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի գեղարվեստական ղեկավարությամբ: Ընդունում եմ փաստը որպես ամենամասսայական լսարանի` հեռուստաեթերի առողջացման առաջին հուսադրող նախանշան և` թեթևացած շունչ քաշում. ուրեմն, դեռ կարելի է շտկել խեղումները մեր ազգային դիմագծի: Մտաբերում եմ բոլորովին վերջերս Ռուբեն Մաթևոսյանի և Մարտին Վարդազարյանի հետ ունեցածս զրույցը շուկայական խառնիճաղանջում տարուբերվող արդի հայ երաժշտարվեստում ստեղծված անմխիթար իրավիճակի շուրջ: Դժվարին նվիրումով անհատապես նպաստելով հայկական հեռուստատեսության և ռադիոյի ոսկե ֆոնդը հարստացրած հիմնարար երաժշտախմբերի պահպանմանը` նրանք ոչ մի կերպ չէին համակերպվում անկախական թոհուբոհի վերափոխումների արդյունքում դրանց ազգանվեր գործունեության անարդարացի թերարժեքավորման երկարամյա փաստի հետ: «Մեզնից յուրաքանչյուրը, ոչ միայն արվեստագետները, այլ հենց ինքը` ժողովուրդը բարոյական իրավունք չունի աչքի պոչով նայելու իր ստեղծածին և նոր ստեղծվողի ճակատագրին,- զգոնության կոչ էր անում Ռուբեն Մաթևոսյանը:- Պետական հովանավորությամբ և շահագրգռվածությամբ միայն կարելի է հաղթահարել ներկա երաժշտական քաոսը: Նրանք, ովքեր խրախուսում են սկսնակ երգիչ-երգչուհիներին, առավելապես կոմերցիոն նպատակներ են հետապնդում և, բնականաբար, շատ հեռու են կանգնած երաժշտարվեստից: Եթե ընդօրինակում ենք Արևմուտքին, պետք է նկատենք նաև, որ այնտեղ աստղ հռչակվում են համաշխարհային ճանաչում գտնելու, հեղինակավոր մրցանակ շահելու դեպքում միայն: Մեր երգիչներն այնքան էլ մեղավոր չեն, նրանցով շահույթներ դիզողներն են պղտորում դաշտը: Եվ շուկան իր կամքն է պարտադրում նաև պրոֆեսիոնալներին»: «Շուկայի կամքի արտահայտությունները պետք է տարանջատել իսկական արվեստի գործերից,- նրա դառնությունը կիսում է Մարտին Վարդազարյանը:- Ամեն հանած ձայն` խոսքերով, դեռ երգ չէ: Այն, որ նորաթուխ երգը միանգամից դուր է գալիս, արդեն տարածված, ծանոթ ինտոնացիաների վրա կառուցված լինելու շնորհիվ է: Այլ է, երբ հեղինակը ուրույն մտածելակերպ ու տաղանդ ունի, բայց երբ դա ինքնանպատակ է, առկա խեղաթյուրումը խորացնելուն է միայն ծառայում, ոչ թե ժողովրդի առողջ հոգևոր պահանջները գոհացնելուն: Անցյալի հիանալի ստեղծագործություններից շատերն այսօր մոռացված են: Հայ կոմպոզիտորների դասական գործերը չեն հնչում սիմֆոնիկ համերգներում: Էդգար Հովհաննիսյանի սքանչելի երգը բանակից վերադարձող տղայի` «Հե¯յ, ճամփաներ», ո՞վ գիտե այժմ: Վաղարշակ Կոտոյանի, Էդուարդ Բաղդասարյանի, մյուսների երգերը: Վերջին 2 տարիների ընթացքում, կարծես, դրական տեղաշարժ է նկատվում: Մասսայական հիպնոսի հնարքներով մշակութային դաշտ ներխուժած այլազան դրսևորումների փոխած գիտակցությունը վերստին կարելի է մաքրագործել բարձր արվեստի նկատմամբ հետաքրքրությունը հետևողականորեն սրելով, հաստատելով»: …Անձամբ ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում հայտնվելու առաջին գործնական քայլով` 2009-ի հունվարից կանոնակարգված աշխատառեժիմով ժողգործիքների, էստրադային-սիմֆոնիկ և «Արևիկ» համույթների անխափան գործունեության վերականգնման հրամանագրով, ոգևորված վաստակաշատ երաժիշտները ստեղծագործական վերելքի երկար տարիներ փայփայված երազանքի իրական պատկերն էին տեսնում 2009-ի հորիզոնում: Ի վերջո պաշտոնապես կարևորվեց նրանց պիտանիությունը թե մշակույթին, թե ժողովրդին: Գոհանալով իրենց տնօրինության տակ մնացած փորձասենյակներով` մինչ այժմ երբեմնի փառահեղ երաժշտախմբերի անշահախնդիր հավատարմությամբ է կանխվել լիակատար փլուզումը: Չնչին վարձատրությամբ: Բայց չէ՞ որ արվեստագետներն ապրում են իրենց արվեստի և արհեստի շնորհիվ: Սոսկ ծափերով չէ, որ պետք է գնահատվի նրանց ստեղծագործությունը: Չէ՞ որ շուկայական պղտոր հորձանքում անօգնական լողացող բարձր արվեստը միայն պետական մշտակայուն հոգածությամբ կարող է պահպանել նորակառույց պետականության գաղափարական հիմքերն ամրապնդող իր արարչական անփոխարինելի զորությունը: Բարձր արվեստը հենվում է բարձր արհեստի, այսինքն` պրոֆեսիոնալիզմի վրա: Հարաճուն պրոֆեսիոնալիզմով միայն կարելի է ձերբազատվել մեր ազգային հոգեկերտվածքը այլասերած օտար ազդեցություն ներից, որոնց արտառոց դրսևորումները ի հայտ են գալիս ներկա հասարակական-քաղաքական կեցության բոլոր ոլորտներում: Աշխարհին ներկայանալով որպես դարավոր մշակույթ ունեցող երկիր` մենք պետք է միջոցներ չխնայենք տաղանդավոր անհատականությունների ստեղծագործական եռանդը խթանելու համար, որպեսզի այսօրվա մշակութային արտադրանքով հավաստենք մեր հնամենի բարձր համարումը ազգերի ներկայիս համաշխարհային ընտանիքում: Բարձր արվեստի հանրաճանաչման իրենց կոչմանը ռադիոյի և հեռուստատեսության հարուստ տարեգրություն ունեցող այս երաժշտախմբերը մշտապես հավատարիմ են մնացել: Հանիրավի մոռացվածությունը ի զորու չի եղել նվազեցնելու նրանց ամրակուռ պրոֆեսիոնալիզմը: Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի առաջին իսկ հեռուստաելույթը դրա անժխտելի վկայությունն է` ձևավորված չմարող արձագանքների հանրագումարում: Իբրև երգիչ ծնվելով այդ կոլեկտիվում` Ռուբեն Մաթևոսյանը կարողացել է անքակտելի պահել 20 երաժիշտ կատարողների ստեղծագործական դաշինքը: Գաղտնի՞քը… 48 տարի անընդմեջ ձայնի չնվազող հնչեղությամբ և կատարողական վարպետության բյուրեղացմամբ ծառայելով հայկական ժողովրդական երգի հանրահռչակմանը` կուտակած ողջ փորձառության ներդրումով է ամուր պահել այդ երաժշտաընտանիքի կենսունակությունը: Հիմա էլ ուշիմ աշակերտի զգացողությամբ է ոտք դնում փորձասենյակ` մասնագիտական բարձր պատասխանատվությամբ ձեռնարկելով յուրաքանչյուր նոր ստեղծագործության ուսումնասիրությանը երաժիշտների հետ միասին: Երկարամյա ընդմիջումից հետո 1926 թվականից ապրող այս կոլեկտիվը, վերստին ապացուցելով իր մարտունակությունը համատարած անճաշակության դեմ նախաձեռն վող ծայրահեղ հրատապ պայքարում, այժմ արդեն ռեալ հնարավորություն, հաստատուն երաշխիքներ ունի պարբերաբար հագեցնելու եթերը հայկական երաժշտության վճիտ ու հարազատ ելևէջներով: Ցանկալի արդյունքին հասնելու մի ճանապարհ է տեսնում սիրված արվեստագետը. «Իշխանությունները պետք է գուրգուրեն մշակույթն այնպես, ինչպես մտահոգված են իրենց զավակների ապագայով, նկատեն ու գնահատեն յուրաքանչյուր արվեստագետի տաղանդավոր նվիրումը, ինչպես նկատում ու գնահատում են իրենց հարազատներին: Այնքան քիչ ենք հայերս Հայաստանում, որ եթե փորփրենք, մեկս մյուսին բարեկամ կլինենք: Ուրեմն, կապենք այդ բարեկամական հանգույցները և դարձնենք մեկ ամբողջական ամուր թել: Ամեն մեկս մեր երգն ունենանք, բայց միասին մի երգ երգենք»: Ստեղծագործական տքնանքը նոր թափ է առնում, հսկայական ժամանակաշրջանի բացը պետք է լրացնել: Պետական մշտակայուն հոգատարությամբ, վստահ եմ, շուտով կամբողջանա ու իրատեսական կդառնա հորիզոնում ուրվագծված երանելի պատկերը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ