Չկա բարիք` առանց չարիք


Լողացող կուրս «տնտեսական թմրադեղը» անշուշտ ժամանակավորապես կթեթևացնի տեղի արտադրողների հոգսը: Սակայն յուրաքանչյուր դեղամիջոց իր կողմնակի ազդեցությունն ունի և այս տարբերակում դա արտահայտվում է ներմուծվող արտադրանքի որոշակի գնաճով: Տեղական արտադրության ապրանքներն էլ գնաճային իրենց թռչիքով հետ չեն մնա ներմուծվողներից. գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը համապատասխան հետևանքներ կունենա հայրենական արտադրության շուկայում: Հետևաբար, ինքնին հետաքրքիր է դառնում, թե երկանգամյա գնաճի պարագայում, որպիսին կլինի 2009 թ. բյուջեի 4՞1,5 % սղաճային ցուցանիշի հավաստիությունը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի կարծիքով` - Սա, իհարկե, լրացուցիչ ռիսկեր պարունակում է, բայց մեր գնահատականներով` ընդհանուր գնաճային ֆոնը պետք է 8 %-ից ավել չլինի` տարեկան կտրվածքով: Եթե լինեն այդպիսի փոփոխություններ` մենք համապատասխան ճշգրտումներ անում ենք բյուջեի մեջ: Այս տարի ամեն ինչ շատ փոփոխական է լինելու: Արդյո՞ք այդ փոփոխությունների ցանկում հայտնվելու է նաև ազգաբնակչության բոլոր խավերի կենսանվազագույնը ապահովելու խնդիրը: Համընդհանուր թանկացումների բեռը շարունակում է ծանրանալ յուրաքանչյուրի` ընդհուպ մինչև աշխատող և միջին կամ ցածր աշխատավարձ ստացող խավերի վրա: Եվ այս պարագայում կարծում ենք պետության միջամտությունը ոչ միայն ցանկալի, այլև անհրաժեշտ է գնաճը զսպելու առումով: Վերջին հաշվով` շուկան է որոշում գները, բայց մինչ պահանջարկ-առաջարկ սահմանը ճշգրտելը, կորուստները կարող են շատ մեծ լինել:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ