ԲՀԿ-ն կարևորում է


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշը հատկապես խորհրդարանական վերջին ընտրություններից հետո նկատելի աճ է արձանագրել: Արդեն հստակեցվել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Որքանո՞վ է կարևորում ԲՀԿ-ն քաղաքապետի պաշտոնը: Բացի այդ` ըստ շրջանառվող լուրերի` հնարավոր է նոր դաշինք` ՀՅԴ-ի հետ: Մեր հարցերին պատասխանում է ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԸ. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները և նախագահը բազմիցս հայտարարել են` որևէ քաղաքական քայլ ծածուկ չի արվելու, չեն լինելու ինչ-ինչ ստվերային գործարքներ: Վստահեցնում եմ` ԲՀԿ քաղաքական օրակարգում չկա կոալիցիայից դուրս գալու խնդիր: Կոալիցիայի կազմալուծման համար անհրաժեշտ են քաղաքական հիմքեր, որոնք գոյություն չունեն: Ինչ վերաբերում է հնարավոր դաշինքների մասին շրջանառվող խոսակցություններին, ապա պետք է փաստեմ, որ նույնիսկ խարդավանքները պետք է տրամաբանություն ունենան, ինչից ցավոք բավական հեռու է մեր մամուլը: Ենթադրություններ անել, թե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կարող են ձևավորել մի մարմին, կամ հարել մեկ այլ քաղաքական ուժի` ուղղակի անհեթեթություն է: Մենք շատ կարևորում ենք Երևանի քաղաքապետի ընտրությունները և պատրաստվում ենք մասնակցել ներկայացուցչական ցուցակով, որը գլխավորելու է ՀՀ առողջապա հության նախարար Հարություն Քուշկյանը: Նա լավ ղեկավար է, լավ կազմակերպիչ ու լավ տնտեսվարող: Իսկ որ ամենակարևորն է, ունի երևանցու ճիշտ նկարագիր և իմիջ: Արդեն իսկ ընտրությունների արդյունքներից խոսող որոշ քաղաքական ուժերի խորհուրդ կտայի` սահմանափակ մտավարժություններ չկատարել: Լինելու է պայքար, լինելու է մրցակցություն, և երևանցիների քվեներով է որոշվելու, թե ո՞ր կուսակցության թեկնածուն է ընտրվելու քաղաքապետ: Սեփական իմիջը շրջանառության մեջ դնող կուսակցութ յուններին առաջարկում եմ ուղղակի ձեռնպահ մնալ մաշված տեխնոլոգիաներից, որոնք բացարձակապես արդյունավետ չեն: Պայքարը պետք է ընթանա կոռեկտության սահմաններում: ԲՀԿ-ն պատրաստ է բացառապես կոռեկտ պայքարի: Իսկ եթե մեր հանդեպ լինեն ոչ կոռեկտ դրսևորումներ քարոզչական դաշտում, ապա պատասխանը լինելու է համարժեք: - Մարզական մեծ հաջողություններն անհամեմատ ավելի հիմնավորեցին ԲՀԿ-ի և հատկապես նրա առաջնորդի խոստումներն ու նկատառումները: Դրանից դուրս, թիվ 1 հիմնախնդիր, կամ կարևորագույն ուղղություն ո՞րն է համարում «Բարգավաճ Հայաստանը»` առավել ևս այս ճգնաժամ կոչվող արհավիրքի պայմաններում: - Հիրավի, Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո հայ մարզիկները փայլուն հաջողություններ արձանագրեցին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե մեր սպորտը, հատկապես` օլիմպիական մարզաձևերն ինչ անմխիթար վիճակում էին, և շատերը նույնիսկ չէին էլ կանխատեսում, որ զրոյական վիճակից հնարավոր է նման բարձր արդյունքներ ստանալ: - Մարզաշխարհից զատ, Գագիկ Ծառուկյանը ուշադրության կենտրոնում է պահում նաև բազում այլ ոլորտներ: Կուսակցությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում սոցիալապես խոցելի խավերի համար և չի բարձրաձայնում ու գովազդում իր կատարածը: Ինչ վերաբերում է ճգնաժամին, ապա պետք է փաստեմ, որ ստեղծված պայմաններում ուղղակի անթույլատրելի է հարկային մամլիչը գործի դնել, և այդ մտայնությամբ էլ մենք Ազգային ժողովում դեմ քվեարկեցինք հարկային փաթեթին: Նույնիսկ ամենահզոր տնտեսություններ ունեցող երկրներում չկան այնպիսի գործուն մեխանիզմներ, որոնցով կարող են հակազդել ճգնաժամին և կանխատեսել հնարավոր հետևանքները: Այնպիսի երկրներում, ինչպիսիք Լատվիան, Լիտվիան և Էստոնիան են, տնտեսական ճգնաժամը վերածվել է սոցիալական ճգնաժամի, ինչը կարող է հղի լինել ներքաղաքական լարվածության անկանխատեսելի բռնկումներով: - Իբրև հավելում. արդյո՞ք ճիշտ է ամեն ինչի չափանիշ համարել միայն թոշակառուների և նպաստառուների ապահովվածությունը: Մի՞թե միջին խավի շահերը ևս չպետք է կարևորել և պաշտպանել: - Իսկապես, մենք ունենք մոտ 56 հազար թոշակառուներ, 100 հազար նպաստառուներ, 170 հազար հաշմանդամներ, որոնց շահերը պետք է առաջնահերթորեն պաշտպանել: Բայց դա չպետք է լինի ի վնաս միջին խավի, քանզի չի կարող ժողովրդավարություն ձևավորվել այն երկրում, որտեղ միջին խավը, միջին տնտեսվարողներն էլ անապահով ու անպաշտպան են, և կա խիստ բևեռացում: Ի վերջո, միջին խավն է երկրի կերպար` թե° մտավոր ներուժի և թե° սոցիալական առումներով:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ