Արևմտյան արդարադատությունը մո՞տ գտնվող սարերի ետևում է


Հայ-թուրքական հարաբերությունների առումով` աստիճանաբար առանցքային քննարկման առարկա է դառնում Թուրքիայի արտգործնախարար Ա. Բաբաջանի սպասվող հայաստանյան այցը: Ու թեև երկու կողմերն էլ խոսում են առանց նախապայմանների բանակցությունների մասին, այնուամենայնիվ, այդ հարթությունում կենտրոնաձիգ խնդիր է ցեղասպանության ճանաչումը: Եվ որքան էլ Թուրքիան փորձի միջազգային հանրության աչքերին «դիվանագիտական թոզ» փչել` ամեն անգամ այս հարցին անդրադառնալիս, աշխարհաքաղաքական հարցերում գլխավոր խաղացողներից Արևմուտքը, կարծես թե, իսկապես տրամադրված է վերանայել արմենոցիդի վերաբերյալ որդեգրած իր քաղականությունը: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Թուրքիա կատարած այցը տեղի պետական այրերի համար հուսախաբությամբ ավարտվեց: Սպասելիքներով լցված պաշտոնյա ները մտավախություն արտահայտեցին, որ հնարավոր է Բարաք Օբաման կատարի հայերին տված իր խոստումը: Իսկ օսմանցիների անհանգստությունն իր բնական շարժառիթներն ունի. ԱՄՆ նախագահը, փակելով Գուանտանամոյի բանտը, թույլատրելով կլոնավորումը, կարճ ժամանակահատվածում հասցրեց աշխարհին ապացուցել, որ ինքը շեշտակի փոփոխությունների գործելաոճի հետևորդ է: Այդ հանգամանքը դժվար կացության մեջ է գցում մեր «բարեկամ» երկրին: Եվ նրանց սպասողական վիճակը երևի վերջնական հանգուցալուծում չի ստանա, մինչև անձամբ Օբամայի շուրթերից չլսեն վերջինիս դիրքորոշումը իրենց համար կենսական դարձած այս հարցի շուրջ: Բնականաբար, մեզ համար էլ որոշ հարցեր պարզորոշ կդառնան Բաբաջանի` Երևան, Օբամայի` Թուրքիա կատարելիք այցերից հետո: Այս առումով քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է. - Իհարկե, Ալի Բաբաջանի այցից հետո Թուրքիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչի, չի հրաժարվի Ադրբեջանին պաշտպանելու իր դիրքորոշումից, սակայն արտաքին աշխարհի համար, իհարկե, կերևա, որ երկու երկրներն էլ պատրաստ են շարունակել մերձեցման գործընթացը: Մենք չենք կարող հիմա հասկանալ` Ամերիկայի պետքարտուղարը շոշափե՞լ էր ցեղասպանության ճանաչման հարցը, թե՞ թուրքերը ինչ-որ հակափաստարկներ են ներկայացրել ամերիկյան կողմին: Այո°, Բարաք Օբամայի նախընտրական ծրագիրը լի էր փոփոխությունների կարգախոսներով… Ես սպասում եմ, որ նրանք պետք է սկսեն ինչ-որ մի պղտոր, կեղտոտ սակարկություն հայ համայնքի, Հայաստանի իշխանությունների հետ: Իհարկե, հնչում է կարծիք նաև, որ կարող է Օբաման զուտ արտասանել ցեղասպանություն բառը, բայց պետական մակարդակով չընդունել այն: Հիրավի, երևույթը այդկերպ բնորոշելը ինքնաբերաբար ներքուստ ընդունման հավաստիքն է: Սակայն այստեղ մեկ այլ նրբություն էլ կա. Հիլարի Քլինթոնը ընտրություններից հետո և ոչ թե առաջ, հայտարարեց, որ ԱՄՆ-ը Նախագահի և կոնգրեսի մակարդակով կընդունի հայերի ջարդը: Իսկ եթե սա ամերիկյան ձևաչափով հերթական նախընտրական խաբեություն լիներ, որով մշտապես շահել են ամերիկահայ համայնքի քվեները, հետընտրական հավելյալ խոստումը չէին արձակի` բավարարվելով արդեն իսկ նվաճած իշխանությամբ: Բացի այդ, երկրորդած խոստումը չկատարելը է°լ ավելի կվարկաբեկի գերտերությանը, ինչը հատկապես կրտսեր Բուշի կառավարումից հետո խիստ հակացուցված է:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ