Ուշադրությունը` մարդու հանդեպ


Հանրային խորհուրդն այլևս կազմավորման առաջին փուլն իրականացրած կառույց է, որի գործունեությունից ակնկալիքներ ունեն հատկապես իրենց հոգսերը երկրիս իշխանավորներին հասցնելու կարիք ունեցող խավերը: Եվ, իհարկե, պետության այն ղեկավարները, ովքեր կարևորում են ձայն բազմացը: Հանրապետության նախագահի նշանակած խորհրդի անդամները գերազանցապես ճանաչելի ու հավատընծա գործիչներ են: Նրանց շարքում է նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, ով ի սկզբանե (թե° էությունից բխող բարությամբ և թե° մասնագիտության բերումով) միշտ ականջալուր է մարդկային ձայնին, հոգատար` իրեն դիմողների հանդեպ: Շնորհավորելով Ա. Գևորգյանին և հանրային խորհրդում Նախագահի հրամանագրով ընդգրկված նրա գործընկերներին, խնդրում ենք փոքր-ինչ մանրամասնել այս նորակառույցի խնդիրներն ու իր ծրագրերը: - Իրոք` մեկնարկը տրված է: Մշակվել է կանոնադրություն` հաշվի առնելով միջազգային փորձը. աշխարհի շուրջ 50 երկրներում գործում են հանրային խորհուրդներ, որոնք կոչված են ամրապնդելու հասարակություն-պետություն կապը: Հայաստանում նույնպես առկա էր դրա պահանջը, ինչի վկայությունը թեկուզ այն իրողությունն է, որ երբ դեռ ընդամենը խորհուրդ ստեղծելու առաջին քայլերն էին արվում ու պաշտոնապես այն չէր էլ գործում, սակայն արդեն իսկ այնքա¯ն նամակներ, բողոքներ ու առաջարկներ են ստացվել: Ասել է թե` հասարակությունը սպասում էր նման կառույցի: Իսկ ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ պետական կառավարման մարմինների բոլոր դռները չէ, որ բաց են ժողովրդի առջև: Հանրային խորհուրդը կոչված է արագ արձագանքման յուրօրինակ օղակ դառնալ` միաժամանակ իշխանություններին տեղյակ պահելով ժողովրդին հուզող խնդիրների, նրանց դժգոհությունների մասին: Հանրային խորհրդի գործունեության հիմքում ուշադրությունն է` մարդու, նրա կարիքների, հոգևոր ու կենցաղային պահանջների նկատմամբ. մեր քաղաքացիները, վերջապես, կզգան, կհամոզվեն, որ ապաքաղաքական այս կառույցում համախմբված են մտավորականներ, ովքեր անտարբեր չեն իրենց հոգսերի, կարիքների հանդեպ և ունեն ընդամենը 1 շահ` նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանը: Վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի քաղաքացիական հասարակություն ասվածը կարգախոսից դառնա իրականություն: Նախագահի ընտրությամբ ստեղծված այսօրվա կազմն ինձ հավատ է ներշնչում. բոլորը լուրջ, ճանապարհ անցած, հանրային շահի, պետության ու մարդկանց համար սրտացավություն ունեցող անհատներ են: Անելիքների մասին խոսելն ընդամենը խոստման է նման կամ բարի ցանկության և նախընտրում եմ ծրագրերին չանդրադառնալ: Առաջիկայում մեր խնդիրն է ամբողջակա նացնել խորհրդի կազմը և 12 հանձնաժողովները: Այդ գործում սկզբունքը մեկն է լինելու` այդ հանձնաժողովներում ընդգրկել իրենց չարատավորած մասնագետների, ովքեր հեղինակություն ունեն լայն զանգվածների շրջանում և, իհարկե` փորձ, պրոֆեսիոնալիզմ, պատասխանատվության զգացում, ազնվություն: Իսկ ամենակարևորը` չունենան սուբյեկտիվ վերաբերմունք, զերթ լինեն անձնական շահերով առաջնորդվելու հակումներից: Բոլորիս շահը պետք է լինի մեկը` ինչպես շաղկապել հասարակությանը պետությանը, ինչպես ամրապնդել ժողովուրդ-իշխանություն կապը: Մի խոսքով` իսկապես ազգային միաբանությանը նպաստող, կապող օղակ պետք է դառնա Հանրային խորհուրդը: Այս է պահանջում նաև երկրի Նախագահը, ով մեզ հավաստիացրեց, որ ինքն ունկնդիր է լինելու ՀԽ-ի բոլոր առաջարկներին, եզրակացություններին և հաճախ է հանդիպելու խորհրդի անդամների հետ, որպեսզի արագորեն գտնվեն հրատապ հարցերի լուծման ուղիները: Խորհրդի անդամներն էլ միակամ են` գործո°վ, աշխատանքի արդյունքո°վ հասարակության հավատը վերականգնելու: