Հա՞ որ...


ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ մի քանի հոռետես տնտեսագետների` մեզ շարունակաբար հավաստիացնում են, թե մեր երկրում բանկային համակարգն այնպես է կայացել, որ շարքային քաղաքացիներիս ամենալավատեսական պատկերացումներն անգամ ի զորու չեն լինի ամբողջացնելու համակարգի կայացածության իրական աստիճանը: Շատ չխորանանք` արձանագրելով, որ հայրենական բանկերն արտաքինից իսկապես կայացել են ու շքեղ շենքային պայմաններով, քաղաքի լավագույն, հետևաբար նաև թանկարժեք հատվածների ընտրությամբ կարող են միայն օլիգարխների դղյակների հետ մրցել: Թե այսչափ խոշոր ներդրումները մեզ ինչ են տալիս, եթե նշված ֆինանսական հաստատությունները դժվարանում են անգամ նվազագույն աշխատավարձի չափով վարկեր տրամադրել, դառնում է անհասկանալի: Միգուցե կապիտալ կոչվածի իրական արժեքը բանկերն ավելի լավ են պատկերացնում, ու մեր ժամանակներում, երբ փողն այսչափ անկայուն ու անկանխատեսելի է դարձել, բանկերը որոշել են հենց իրենք ավելորդ ռիսկերից խուսափել ու սեփական կապիտալը շքեղ շինությունների տեսքով անշարժացնել… ԹԵ ում գլխում ծագեց աշխատավարձը բանկերի միջոցով հասցեատերերին հասցնելու անհեթեթ պարտադրանքը, դժվար է ասել: Բայց ինչպես հայտնի է, մի ինչ-որ պահից մեր երկրում մոդայիկ ու տարածուն դարձավ վաստակածն այս ճանապարհով ստանալու տարբերակը: Այլ կերպ ասած` փոստատարների ու գանձապահների դերը վերապահվեց բանկերին: Թե ինչ սկզբունքով է այս կամ այն կազմակերպությունը Հայաստանում գործող մի քանի տասնյակ բանկերի միջև ընտրություն կատարում, դարձյալ «անհասկանալի» է մնում: Մի բան պարզ է. քանի դեռ ընտրության հնարավորություն կա, մեծ է հավանականությունը, որ նշանակալից դեր կարող է ունենալ տվյալ կազմակերպության ղեկավարի` ինչ-որ մեկին լավություն անելու կամ պարզապես «գործարքից» սեփական մասնաբաժինն ունենալու տարբերակը: Արդյունքում` մի ողջ կոլեկտիվ ստիպված է լինում անկախ իր կամքից ինչ-որ բանկի հաճախորդը դառնալ, որքան էլ տվյալ պահին այդ ամենից տուժելու հեռանկարն այնքան էլ առարկայական չհամարվի: Մինչդեռ քաղաքացին սկսում է ԿՈՐՑՆԵԼ` բանկի հետ աշխատավարձային պայմանագիրն ստորագրելու պահից սկսած: Այսպես, մեկ տարի իրեն հասանելիք գումարը բանկում թողնելու դեպքում վերջինիս 2-4 տոկոս հավելավճար է առաջարկվում: Ու սա այն դեպքում, երբ ճիշտ նույն բանկը նույն գումարը դրամով, բայց արդեն որպես ավանդ վերցնելու դեպքում 10-12 տոկոս է խոստանում: Ընդ որում, ինչպես հայտնի է` ցանկացած բանկում ներդրված ավանդի երաշխավորը պետությունն է, պահ տրված աշխատավարձինը` ընդամենը բանկը: ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ շահավետ ու պարտադրված այս գործարքի պատճառած անհարմարությունները, սակայն, այսքանով չեն ավարտվում: Բանկոմատ կոչվող անշունչ առարկա-սարքը շատ հաճախ քարտը կուլ է տալիս: Թեպետ մեզ դիմած քաղաքացու պարագայում դա տեղի ունեցավ «ԱԳԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկին պատկանող բանկոմատում, բայց խոսքն այս դեպքում վերաբերում է բոլոր բանկերի բոլոր բանկոմատներին: Ասում են, թե «մեղավորը» տատանվող հոսանքն է, բայց ի՞նչ մեղք ունի այն քաղաքացին, ով, ասենք, իր ընտանիքի տվյալ օրվա հացի գումարն էր փորձում կանխիկացնել: Ի դեպ, քարտը վերականգնելու տանջալից գործընթացն էլ իր հերթին մի քանի օր ձգձվում է: Ավելի զարմանալի ու տարօրինակ է, որ տուժող կողմը` քարտապանը, բանկին հազար դրամ է վճարում` կորուստը հետ ստանալու դիմաց: Ուրեմն ինչո՞ւ չկարծել, որ բանկոմատ կոչվող սարքերին կարելի է նաև միտումնավոր «հանձնարարել», որ դիցուք ժամը մեկ անգամ քարտ կուլ տան. բանկին «վիզ» փող է պետք` թեկուզ 1000-ական դրամի չափով: Այսքանից հետո մնում է համաձայնել ոլորտի պատասխանատուների` բանկերի կայացած լինելու վերաբերյալ պնդումներին: Բանկերի պարագայում ու նրանց համար իսկապես կատարյալ պայմաններ են ստեղծվել կամ ավելի ճիշտ` այդպիսիք պարտադրվում են մարդկանց: