Լավ մարզիկներ + անբավարար ֆինանսներ = սպորտի անկում


Վադորյու կարատեի մասին հրապարակում պատրաստելիս նպատակով այցելեցի համանուն ֆեդերացիա: Առաջին հայացքից ամեն ինչ կարգին էր. տարածքն ընդարձակ` մարզվելու համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով, լողասենյակով և ամենակարևորը` մարզադահլիճը տրամադրում էր մարզվելուն: Մինչ այնտեղ գնալս գիտեի, որ ֆեդերացիայում մարզվում են Հայաստանի չեմպիոններ, միջազգային մրցաշարերի հաղթողներ, Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներ: Հայաստանում եղած ժամանակ այնտեղ է մարզվում նաև կարատեի քառակի աշխարհի չեմպիոն Կամո Հունանյանը, իսկ ֆեդերացիայի նախագահը բազմավաստակ սենսեյ Տիգրան Մուրադյանն է, ով մինչ 2008 թ. մարզում էր կարատեի ազգային հավաքականը, այնուհետև հրաժարվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից` վադորյու ոճը Հայաստանում զարգացնելու որոշմամբ: Մի խոսքով` բավական տպավորիչ ֆեդերացիա էր: Սակայն` միայն սկզբում: Մի փոքրիկ զրույցից հետո պատկերը փոխվեց: Վադորյու կարատեի հավաքականից երկուսը` 75 կգ քաշի 1-ին համար Արթուր Ասլանյանը և 60 կգ-անոց Արսեն Վարդանյանը ծառայում են ՀՀ զինված ուժերում: Ծառայության մեջ են նաև կարատեի ազգային հավաքականի 67 կգ քաշային կարգի առաջատարներ Էդմոնդ Քուրդօղլյանը, Վարդան Խուդավերդյանը և 75 կգ քաշային կարգի Սերյոժա Մակարյանը: Իսկ նրանց¬ փաստորեն, փոխարինողներ չկան: Եղած մարզիկներն էլ միջազգային մրցումներին մասնակցելու բավարար փորձ չունեն: Ասել է թե` կարատեն մեզանում զիջում է իր դիրքերը: Հայաստանում կարատեի զարգացմանը խոչընդոտում են ֆինանսները: 2010-ի մարտին` Հայաստանի առաջնությունից հետո, կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ, շիհան` 7-րդ դան Գրիգոր Միքայելյանը ցավով փաստեց. - Պետական հովանավորությունը տասն անգամ կրճատվել է: Երկու միլիոնը բավարար չէ նունիսկ մարզագույք ձեռք բերելու: Լավ մարզիկներ ունենալու համար լավ ֆինանսներ են պետք: - Երեխաները հաճույքով գալիս են պարապմունքի, բայց, մրցումների մեկնելու ժամանակ միանգամից կոտրվում են, քանի որ ֆինանսները չեն ներում: Տաղանդավոր շատ կարատեիստներ ունենք, բայց ֆինանանսական խնդիրների պատճառով կորցնում ենք նրանց: Փողն, իհարկե, սպորտում ամենակարևորը չէ, բայց շատ կարևոր է.-հավելում է այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը: - Լավ մարզիկներ շատ ունենք, միայն թե լավը ցուցադրելու համար ֆինանսներն են պակասում: Երկու միլիոն դրամը բավարար չէ` նույնիսկ մեկ մարզիկի հանրապետությունից դուրս որևէ առաջնության ուղարկելու համար: Փառք Աստծո, ունենք լավ ծնողներ, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի երեխաները մրցումների մասնակցեն: Այնպես որ, ծախսերը ծնողներն են հոգում, երբեմն էլ ես եմ իմ միջոցներով մեկ կամ երկու երեխայի մրցման տանում.-նշում է Վադորյու ֆեդերացիայի նախագահ Տիգրան Մուրադյանը` ավելացնելով, որ նպատակ ունի նոր տատամի գնել. դահլիճի տատամին ոչ միայն հին է, այլ նաև շատ չոր ու անհարմարավետ. - Դա ևս մեծ ֆինանսներ է պահանջում: Չունենք հովանավորներ, բայց հույս ունեմ, որ մի օր էլ մեր մարզիկները հնարավորություն կունենան ոտքերի տակ իսկական տատամի զգալ: 2011-ին շատ են մրցումների հրավերները: - Հույս ունեմ, որ գոնե Տեխասում կայանալիք վադորյու կարատեի աշխարհի առաջնությանը կկարողանանք մասնակցել: Հ.Գ.-Ցավալի է, բայց այս խնդիրն առկա է կարատեի բոլոր ֆեդերացիաներում: Հետևաբար մնում է միայն հուսալ, որ մի օր որևէ մեծահարուստ մարզասեր կորոշի ֆինանսական օգնության ձեռք մեկնել և հայ կարատեիստներին, այլապես մերոնք տատամիի վրա սկսում են ըմբշամարտային հնարքներով մենամարտել:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ