Խոնարհվում եմ բոլոր զինվորների առաջ


Արցախամարտն այն հերոսական պայքարն էր, որը պարտավոր էինք անցնել և տանուլ չտալ: Կանչ էր, որին ականջալուր եղավ ողջ հայությունը: Պատերազմում հաղթում է նա, ով ավելի շատ է սիրում այն հողը, որի համար կռվում է: Մեր հաղթանակը վաստակա´ծ էր, օրինաչափ, արդարացի´… Վտանգված հողի կանչը շատերի երակներում տրոփեց ու տարավ Արցախ: Թիկունքում թողնելով ընտանիքը, հայրենի օջախը` նրանք նետվեցին կրակների մեջ: Առաջինների շարքերում էր Ալլա Բարխուդարյանը: Ծնվել է Կիրովաբադում, սակայն այդ քաղաքի հետ կապված հուշեր չեն մնացել: Մանկությունն անցել է Երևանում: Հոր պապը կռվել է Զորավար Անդրանիկի ջոկատում, իսկ իր պապն ու տատը մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին: Մանկության ամենաթանկ հուշերը կապված են տատիկի և հոր հետ, երբ կլանված ու հափշտակված լսում էր պատերազմի մասին նրանց պատմությունները: Իսկ պապիկի` սրբությամբ պահված նկարներն ու մեդալները միշտ մի տեսակ երկյուղածությամբ ու հպարտությամբ էր շոյում: Պատմում է Ալլան մանկության մասին և նրա ամենատաք ու լուսավոր հուշերում տեսնում ենք չարաճճի մի աղջնակի` տղաների հետ կռիվ¬կռիվ խաղալիս, երբ հասակակից աղջիկներն այլ հետաքրքրություններ ունեին: Ուսումը շարունակել է էլեկտրահաշվիչ մեքենաների տեխնիկումում` ստանալով օպերատորի մասնագիտություն: Աշխատանքի է անցել N 1 հիվանդանոցում` որպես բուժքույր, այնուհետև «Արագած» ֆաբրիկայում` որպես ջուլհակուհի, ապա` հերթափոխի պետ: Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Ալլան որդու հետ Բաքվում էր: Դժբախտաբար, նրան վիճակված էր տեսնել այդ օրերի սարսափելի ջարդը, ադրբեջանցիների վայրագությունն ու ստորությունը` ողջ դաժանությամբ: Այնուամենայնիվ, նրան հաջողվեց մի կերպ փախչել այնտեղից: Երևան հասնելուց պես` զինվորագրվեց ՀԱԲ¬ի «Ադանա» ջոկատին, որը գլխավորում էր Ռազմիկ Վասիլյանը: 1990 թ. օգոստոսին ՀԱԲ¬ը լուծարվեց, որից հետո Ալլան կամավոր մեկնեց Արցախ, մասնակցեց մարտերին: Պատերազմից հետո ընդգրկվեց Ղարաբաղի կանոնավոր բանակի կազմում և ծառայեց մինչև 1994 թ.: - Արդեն կամավորական ջոկատի կազմում էի, բայց ոչ մի զինատեսակի չէի տիրապետում, թերևս, միայն որսորդական հրացանի: Ինձ համար շատ դժվար էր հատկապես Երասխավանում, երբ որսորդական զենքս փոխարինվեց ինքնաձիգով: Անելանելի վիճակ էր, զենք գործածել չգիտեի: Հիշում եմ` կանգնել էի մարտի դաշտում` ականջներս փակած ու խնդրում էի Աստծուն, որ թեկուզ թշնամու գնդակը ինձ դիպչի, վիրավորվեմ, միայն թե չնահանջեմ: Հանկարծ կմտածեն, թե Ալլան վախեցավ ու փախավ մարտի դաշտից: Հետո, իհարկե, սովորեցի, նույնիսկ դիպուկահար դարձա,¬ հիշում է Ա. Բարխուդարյանը: Հայրենիքի համար վճռորոշ և օրհասական այդ պահերին քիչ չէին ազատամարտիկ կանայք, ովքեր իրենց խիզախությամբ օրինակ դարձան` զենքը ձեռքին նետվելով առաջին գիծ: Երբ կանգնած է թշնամին, իսկ թիկունքում վտանգված հայրենիքն է, երբ կատաղի պայքար է մղվում պապենական հողի համար, կինը հերոս է դառնում: - Երբ գիտես ու վստահ ես, որ կարող ես մի բան անել ազգիդ, հայրենիքիդ, պետությանդ, ծնողիդ ու զավակիդ համար, մոռանում ես ամենինչ ու առաջ նետվում: Մանավանդ, երբ ջոկատի անդամները նվիրված ու հայրենասեր են: Այնտեղ` մարտի դաշտում, մենք բոլորս հարազատի պես էինք` ասես մի ընտանիքում: Հիմա էլ հաճախակի ենք հանդիպում, զրուցում, օգնում միմյանց,¬ պատմում է Ալլան և հավելում. - Առհասարակ, կնոջ դերը մարտի դաշտում շատ մեծ է: Երբ տղամարդը տեսնում է իրենից ավելի թույլ էակին` պատրաստ խիզախելու, մի տեսակ ավելի է ուժեղանում: Կանայք շատ վիրավորների են օգնություն ցույց տվել, կյանքեր փրկել: Նրանց հաջողվել է մարտի դաշտից հեռացնել զոհվածներին, որ որդեկորույս մայրերը կարողանան հրաժեշտ տալ: Ամուսինը ևս պատերազմի մասնակից է, կռվել է «Կարս» ջոկատում: Ա. Բարխուդարյանը հպարտությամբ ու ոգևորությամբ է խոսում ստացած պարգևների մասին: Արիության ու խիզախության համար արժանացել է «Մարշալ Բաղրամյան», «Ղարաբաղի արիություն», ՀՀ նախագահի կողմից` «Մարտական ծառայություն», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան» և այլ մեդալների, պատվոգրերի, շնորհակալագրերի: Արցախամարտի մասնակիցն այսօր էլ բանակի կողքին է: 2006 թ. հիմնել է «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակեր պությունը, որն աջակցում է զոհվածների ընտանիքներին ու հատկապես այն ազատամարտիկներին, ովքեր ճակատագրի բերումով մարտի դաշտում չեն վիրավորվել և այսօր իրենց անտեսված են համարում: Հաճախակի այցելություններ է կազմակերպում զորամաս: - Ամենայն վստահությամբ եմ ասում` ունենք կայացած բանակ: Ես խոնարհվում եմ բոլոր զինվորների առաջ: Աստված մի´ արասցե, եթե պատերազմ լինի, մենք` ազատամարտիկներս, առաջին գծում կկանգնենք, զինվորից էլ առաջ, որ նրան գնդակ չդիպչի, հավատացեք: Հայրենասիրությունը մեր ազատամարտիկների համար անբուժելի հիվանդություն է: Այն մարդը, ով չի դողում հողի համար, հայրենիք չի սիրում: Մենք հայրենի հողը սիրող, արժեք գնահատող մարդիկ ենք,¬ համոզված է Ա. Բարխուդարյանը: Ազատամարտիկ ընկերները հաճախ են հանդիպում, կիսվում իրենց խնդիրներով, մտահոգություններով: Նրանց միացնում է թե´ կորստի ցավը, թե´ հաղթանակի բերկրանքը և, իհարկե, հուշերը: Մենք էլ հիշում և խոնարհվում ենք ձեր խիզախումների առաջ: Ինչպես մեծն Նժդեհն է ասում, հայրենասիրությամբ հարուստ ժողովուրդը դեպքերի խաղալիք չէ, այլ հրամայողը: Դուք` ձեր հայրենասիրությամբ և կորովով պայքարեցիք մեր հայրենիքի համար: Դուք կերտեցիք մեր փառավոր հաղթանակը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ