Բանակը ճանաչելու մղում


Անժխտելի է, որ կատարյալ բանակ կարելի է ստեղծել ողջ ժողովրդի մասնակցությամբ: Իսկ այդ գործում ամենահիմնական նախապայմանն ու կարևոր երաշխիքը հասարակության վստահությունն է: Գնալով մեր Զինված ուժերն ավելի բաց ու թափանցիկ է դառնում, ինչն էլ առաջին հերթին ուղղված է հասարակություն- բանակ կապի ամրապնմանը: Պաշտպանական կառույցը դառնում է ճանաչելի, իրական, արդյունքում` ցրվում ու չեզոքանում են «չգոհացող խավի» սերմանած անվստահության անառողջ մթնոլորտը և չարախոսության ու կեղծիքի վրա հիմնված թյուր պատկերացումները: Դրանց փոխարինում են արդեն սեփական տեսակետներն ու համոզմունք ները: ՊՆ ղեկավարության կողմից հասարակություն-բանակ կապի ամրապնմանն ուղղված նախաձեռնությունների պակաս երբեք չի զգացվել: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարբերաբար աշխատանքներ է տանում տարբեր հասարակական կազմակերպությունների հետ` աջակցելով նրանց կողմից հատկապես ռազմահայրենասիրական բնույթի ծրագրերի և միջոցառումների իրականացմանը: Երիտասարդության նպատակաուղղված ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ազգային արժեքները ճանաչելի դարձնելն ու դրանք արժևորելու գիտակցումն արթնացնելն այսօրվա հրամայականն է: Իսկ այս ոլորտը մշտապես ուշադրութ յան կենտրոնում է եղել և դրվել է ամուր հիմքերի վրա: - Եթե երիտասարդությունը ցանկություն է հայտնում ծանոթանալ Զինված ուժերի առօրյային, Նախարարությունն աջակցում է: Տվյալ կազմակերպության ղեկավարութ յունը գրություն է ուղարկում նախարարին` խնդրելով այցելություն կազմակերպել զորամասեր կամ զորավարժարաններ: Ապա համապատասխան զորամիավորման հրամանատարությունը տեղեկացվում է նախարարության կողմից, և այնտեղ անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում` երիտասարդներին ընդունելու, մարտական տեխնիկային, զինվորի առօրյային ծանոթացնելու, առանձին դեպքերում նաև փոքր կրակային վարժանք կազմակերպելու համար,-ասում է ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության Ռազնահայրենասիրական միջոցառումների կազմակերպման և հկ բաժնի Հանրային կապերի իրականացման բաժանմունքի պետ Հայկ Մարկոսյանը: Հատկապես վերջին շրջանում երիտասարդության որոշակի հատվածի մոտ սեփական պատմությունը, արմատները, ազգային արժեքներն ավելի լավ ճանաչելու և բացահայտելու մղում է նկատվում: Մեծ է հետաքրքրությունը հատկապես Արցախյան ազատամարտի նկատմամբ: Իսկ մեր Զինված ուժերը, տարածաշրջանային մասշտաբով նրա դերն ու կշիռը, հատկապես հայ-ադրբեջանական հակամարտությունը, ինչպես նաև բանակային առօրյան մշտապես ուշադրության կենտրոնում են: Այս ամենն ավելի շոշափելի ու իրական դարձնելու նախաձեռնությունն այս անգամ <Ժառանգ> հասարակական կազմակերպությանն էր: Պաշտպանության նախարարության աջակցությամբ երկու օր առաջ կազմակերպվել էր մի խումբ երիտասարդների այցելություն Նուբարաշենի հրաձգարան: - Այսօրվա սերնդի համար Արցախյան ազատամարտը մի տեսակ վերացական ու հեռու է, քանի որ գիտակից տարիքում դա չեն տեսել ու չեն հասկացել,նրանց պատկերացումները պատմածների վրա են հիմնաված, ինչպես Հայրենական մեծ պատերազմը` ավագ սերնդի համար: Բայց հետաքրքրությունն ու ավելին իմանալու ձգտումը շատ մեծ են: Այդ նպատակով դասընթաց ենք կազմակերպել, որի շրջանակներում նախատեսել էինք այցելել հրաձգարան, ծանոթանալ զենքերին, զինվորի առօրյային: Դիմեցինք Պաշտպանության նախարարին և մեր նախաձեռնությունն այսօր իրականություն դարձավ,- ասում է «Ժառանգ» ՀԿ հիմնադիր անդամ Կարեն Վրթանեսյանը: Զինծառայողները վարժ ու անթերի ներկայացրեցին զենքերի կիրառման եղանակները, առանձնահատկություններն ու կառուցվածքը, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց: Իսկ «զինվորական» թեյն ավելի ջերմացրեց մթնոլորտը: Նմանատիպ նախաձեռնությունների դերն ու նշանակությունն անշուշտ, մեծ է բանակ-հասարակություն կապի ամրապնդման, այն ավելի անմիջական դարձնելու, վստահություն սերմանելու, ինչու չէ նաև երիտասարդներին ճիշտ պատկերացումներով ու որոշակի գիտելիքներով զինելու գործում: Քանի որ այսօրվա պատանին վաղվա զինվորն է:

Հ. ԳՅՈԶԱԼՅԱՆ