ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ԱՂՔԱՏ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՈ՞Վ


ԻՆՉՊԵՍ վկայում են գիտության վիճակագրությամբ զբաղվող շատ մասնագետներ, Հայաստանի գիտնականներն ավելի շատ են գիտական հոդվածներ ու մենագրութ յուններ տպագրում Հայաստանում և նրա սահմաններից դուրս, քան տարածաշրջանի մյուս երկրների գիտնականները: Եվ այս ցուցանիշը մեկ անգամ ևս հավաստում է, որ մեր երկրում գիտությունը շարունակում է իր ներկայությունը հաստատել համաշխարհային համածիրում: Չնայած վերջին երկու տասնամյակի ընթացքում ՀՀ Գիտությունների ակադեմիայի ինստիտուտներում աշխատող գիտնականների թիվը 9 հազարից հասել է մոտ 3,5 հազարի, սակայն թե´ ակադեմիական ինստիտուտներում, թե´ բուհական գիտության հանգրվաններում գիտահետազոտական աշխատանքները շարունակվում են: ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով գիտությանը տրամադրվում է բյուջեի մեկ տոկոսը: Ուրեմն, եթե 2011 թվականի բյուջեն կազմում է մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ապա գիտության բաժինը կազմում է մոտ 30 միլիոնը: Արտաքուստ կարծես թե փոքր թիվ չէ: Սակայն եթե սրանից հանենք շենքերի ու լաբորատորիաների պահպանման ծախսերը, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, աղբահանության, ջրօգտագործման, հեռախոսների վարձերն ու սոցիալական վճարները, ակադեմիկոսներին և թղթակից-անդամներին տրվող ցմահ աշխատավարձերը, ապա շատ չնչին գումար է մնում` ակադեմիական ինստիտուտներում աշխատող գիտնականների աշխատավար ձերի համար: Եվ աշխատավարձերը չեն գերազանցում 45 հազար դրամը: Համեմատության համար ասենք, որ ՌԴ Գիտությունների ակադեմիայում կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը կազմում է 700 ԱՄՆ դոլարին համարժեք ռուսական ռուբլի, որն համարժեք է մոտ 260 հազար դրամի: Ուկրաինայում կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը մոտ 1000 է, մեր հարևան Ադրբեջանում` 900, իսկ Վրաստանում` 350 դոլար է: Ամենացածր աշխատավարձը Հայաստանում է: Եվ նման աշխատավարձեր ստանում են գիտությունների դոկտորները, որոնցից շատերը մեծ ճանաչում ունեն աշխարհի տարբեր երկրներում: Հասկանալի է, որ այսպիսի աշխատավարձի հեռանկարը չի կարող հրապուրել երիտասարդներին, նրանց մղել դեպի գիտություն, իսկ ավագներն աշխատում են` գիտությունը համարելով իրենց կյանքի գործն ու նպատակը: Ցինիզմի է հասնում այն, որ Կենտրոնական բանկի հավաքարարների, տեխնիկական քարտուղարների աշխատավարձերը մի քանի անգամ գերազանցում են գիտությունների դոկտորների աշխատավարձերին: Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենի քարտուղարուհին ստանում է 80 հազար դրամ` շուրջ երկու անգամ ավելի գիտության դոկտորից… Պետական բյուջեի սղության մասին խոսողները հավանաբար մոռացության են մատնում, որ յուրաքանչյուր տարի հսկայական գումարներ են տրամադրվում տարբեր պետական կառույցների համար գույք ու շքեղաշուք ավտոմեքենաներ ձեռք բերելու, խելահեղության հասնող զանգվածային միջոցառումների կազմակերպման և այլ «կարիքների» համար: Ակադեմիական ինստիտուտները ՊՈԱԿ-ներ են, հետևաբար նրանք իրավունք ունեն ձևավորելու իրենց արտաբյուջետային միջոցները, որոնք էլ կարող են նպատակաուղղվել աշխատավարձերի բարձրացմանը: Իսկ որպես արտաբյուջետային միջոցներ` կարող են համարվել ամենատարբեր խորհրդատվական և վերլուծական աշխատանքները, արտադրության պատվերները: Հայաստանյան գերատեսչությունները գերադասում են միլիոնավոր դոլարներ նվիրաբերել միջազգային կոչվող կասկածելի որակների խորհրդատուների, սակայն չօգտվել մեր գիտնականների ծառայություններից: Այստեղ անպայմանորեն կարևոր դեր ունի Գիտության պետական կոմիտեն, որը վերածվել է «կույր աղիքի», մանավանդ որ այս կոմիտեն ղեկավարում է մի մարդ, ով օգտվելով օլիգարխներից մեկի հովանավորությունից` ոչինչ չի անում գիտության դերի բարձրացման ու կարևորման համար: Իր բացասական դերակատարությունն ունի նաև ՀՀ ԳԱԱ նախագահությունը, որը վերածվել է կենսունակութ յունը կորցրած մի խումբ մարդկանց հավաքատեղիի: Նախագահության կազմում ընդգրկված ակադեմիկոսները շատ վաղուց չեն հետաքրքրվում աշխարհում ընդունվող առաջավոր մեթոդներով, ոչինչ չեն անում գիտության կազմակերպումն առավել արդյունավետ դարձնելու համար: Նախագահության գերխնդիրն է դարձել ակադեմիկոսների և թղթակից-անդամների ընտրությունների կազմակերպումը, որոնց ընթացքում հաճախ ընտրվում են գիտությանն անարժան մարդիկ: Տեղյակ ենք, որ 2008 թվականին ՀՀ նախագահին էր հղվել մի նամակ, որի հեղինակն առաջարկում էր նոր սկզբունքներ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արդիականացման և նոր մեթոդների կիրառման ոլորտներում: Այդ նամակը նախագահի աշխատակազմից ուղարկվել էր ԳԱԱ նախագահություն, նախագահությունն իր հերթին նամակն հասցեագրել էր Արվեստի ինստիտուտի տնօրենին: Այսինքն, մի մարդու, ով ինքն էր հայտնվել կառավարման ու գիտության կազմակերպման անկատարության մեջ: Արվեստի ինստիտուտի տնօրենին պարտադրվել էր պատասխանել նամակի հեղինակին: Եվ նա պատասխանել էր` անօգնականորեն «բստրելով» նամակի հակաթեզերը… Հենց վերջերս հասարակական գիտությունների բաժանմունքն էր առաջարկություն ստացել վերականգնելու Շեքսպիրագիտական կենտրոնը` օգտագործելով հովանավորչական միջոցներ, կապեր հաստատելով աշխարհի այլ նմանատիպ կենտրոնների հետ` համատեղ իրականացնելու ծրագրեր, որոնք կապահովեին նաև ֆինանսական հոսքեր: Արդեն չորս ամիս է` նամակը մատնվել է մոռացության… Հիմա ցավով ենք ասում, որ մենք դադարել ենք մշակութային ազգ լինելուց: Գուցե նաև առաջիկայում հայտարարենք, որ այլևս գիտական ազգ էլ չենք, քանզի մեզանում գիտնականի սոցիալական խնդիրներն ու նրա կարգավիճակը ստորադասվում են կառավարությունում ու բանկերում աշխատող տեխնիկական աշխատողների կարգավիճակներին…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ