Ինքնախաբեության հերթական վկայությունը


ԱԴՐԲԵՋԱՆԻ փոխարտգործնախարար Արազ Ազիմովը օրերս թուրքական «Հուրիյեթ դեյլի նյուզ» պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե Անկարան ու Բաքուն «ղարաբաղյան կարգավորման մի համատեղ պլան են մշակել և ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահներին»: Թե դա ի՞նչ «պլան» է` կանդրադառնանք, սակայն մինչ այդ ընդգծենք, ԵԱՀԿ Մինսկի խումբն ու նրա եռանախագահներն այդպիսի պլան ներկայացնելու առաջարկով կողմերից ոչ մեկին չեն դիմել: Արդեն երեք տարուց ավելի է` եռանախագահները մշակել և շրջանառության մեջ են դրել հակամարտության կարգավորման իրե´նց պլանը, որը նախ և առաջ ներառում է «Մադրիդյան» կոչվող մի շարք հիմնարար սկզբունքներ. խնդրի բացառապես խաղաղ կարգավորում` հրաժարում ուժի գործադրումից կամ դրա գործադրման սպառնալիքից, պետությունների տարածքային ամբողջականության հարգում և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի ընդունում: Ընդսմին, երեքն էլ դիտվում են իբրև մեկ ամբողջություն, մեկ փաթեթի հավասարարժեք ու համաժամանակյա կիրառում ենթադրող սկզբունքներ, որոնցից որևէ մեկին գերակայություն տալն անթույլատրելի և անհնար է: Քանի դեռ եռանախագահների կողմից մշակված այս սկզբունքները ո´չ ձևականորեն, ո´չ էլ իրականում չեն դրվել բանակցային գործընթացի հիմքում` ի՞նչ խոսք կարող է լինել կարգավորման որևէ այլ «պլանի» մասին: Ցանկացած պլան ենթադրում է կոնկրետություն, մանրամասնում: Հիմնական սկզբունքների շուրջ դեռ համաձայնության չեկած` Բաքուն ու մանավանդ Անկարան ինչո՞ւ են անցել դետալավորման: Այս «ինչուն» պարզ բացատրություն ունի` ձգտում են ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների վզին փաթաթել հակամարտության կարգավորման իրե´նց` ադրբեջանա -թուրքական պատկերացումները, նրանց ներքաշել բանավեճի հորձանուտ, որպեսզի այս կերպ չեզոքացնեն Մադրիդյան սկզբունքները: Այսինքն, ձգտում են Մինսկի Խմբի եռանախագահներին գործնականում դուրս թողնել բանակցային գործընթացից` փոխարենը հրապարակ բերելով Անկարային: Սա թուրքերի և ադրբեջանցիների վաղուցվա երազանքն է: Որքան էլ միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների, թուրքերին հասկացնում է, որ քթները չխոթեն բանակցային գործընթացի մեջ, նրանք իրենց անհասկացողի տեղ դրած` դռնից դուրս են նետվում` փորձում են պատուհանով խցկվել, պատուհանից են վտարվում` երդիկից են ուզում սողոսկել: Որովհետև հասկացել են, որ Մադրիդյան սկզբունքների լիովին կիրառման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի հաշվի նստել իր գերիշխանութունից դուրս, ազատ ու անկախ ապրելու արցախահայության կամքի հետ: Այժմ դառնանք բուն թուրք-ադրբեջանական «կարգավորման պլանին»: Ըստ «Հուրիյեթին» Ազիմովի տված հարցազրույցի` «առաջիկա 5 տարում հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի բոլոր 8 գրավյալ շրջաններից, ներառյալ բուն Լեռնային Ղարաբաղը»: Սկզբում, իբր, հայկական զորքերը պետք է հեռանան 5 շրջանից` Աղդամից, Ֆիզուլիից, Ջաբրայիլից, Զանգելանից ու Կուբաթլիից: Ի պատասխան` Թուրքիան ու Ադրբեջանը կվերացնեն Հայաստանի ցամաքային շրջափակումը, կբացեն սահմանները: Այնուհետև հայ-ադրբեջանական շփման գծում կտեղադրվեն միջազգային խաղաղարարներ, Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությանը կտրվեն անվտանգության երաշխիքներ և «միջանկյալ կարգավիճակ»: Այդ կարգավիճակն, ի դեպ, կտարածվի նաև ադրբեջանցի փախստականների վրա, մի 65-70 հազար ադրբեջանցի կվերադառնա Լեռնային Ղարաբաղ (հայ փախստականների վերադարձի մասին խոսք չկա): Սա, իհարկե, «կարգավորման պլան» չէ, խեղկատակություն է: Միջազգային խաղաղարարնե՞րն ինչ պիտի անեն Լեռնային Ղարաբաղում, եթե ԼՂՀ Պաշտպանական Բանակն արդեն համարյա 17 տարի հուսալիորեն ապահովում է արցախահայության անվտանգությունը: Կամ ովքե՞ր պիտի լինեն այդ միջազգային խաղաղարարները, ո՞վ պետք է հոգա նրանց պահպանման ծախսերը, քանի՞ տարի: Իսկ երբ նրանք վաղ թե ուշ հեռանան` ի՞նչ է լինելու: Ու, վերջին հաշվով Թուրքիան ու Ադրբեջանը կարո՞ղ են «յոլա գնալ»` առանց Հայաստանի շրջափակման: Սրանք անպատասխան հարցեր են, բայց շարունակենք թուրք-ադրբեջանական «կարգավորման պլանի» դիտարկումները: Ըստ այդ ձախավեր պլանի` «հաջորդ փուլում հայկական ուժերը պետք է դուրս գան նաև Լաչինից, Քելբաջարից ու Լեռնային Ղարաբաղից»: Քելբաջարն ու Լաչինը (իրականում` բուն հայկական Քարվաճառն ու Քաշաթաղը) մենք ազատագրեցինք` Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում: Այն էլ` գերազանցապես Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովելու, իր ապրելու իրավունքի համար գոյամարտ մղող մեր քույր-եղբայրների շուրջն անվտանգության գոտի ստեղծելու հրամայականից ելնելով: Բուն Լեռնային Ղարաբա՞ղն ինչու է այս համատեքստում շրջանառվում: Ղարաբաղը պաշտպանում են նախ և առաջ իրենք` ԼՂՀ Պաշտպանական Բանակի զորամասերը: Նրանք իրենց հողից ո՞ւր պիտի գնան, ո՞ւր պիտի «դուրս բերվեն»: Եվ` ինչո՞ւ: Որպեսզի ժողովուրդը մնա անպաշտպա՞ն, ենթակա Ադրբեջանի «մեծահոգությա՞նը»: Իսկ եթե այդ Բանակը չցանկանա՞ հեռանալ: Հրաժարվի՞ ենթարկվել հիշյալ «պլանին»: Ի՞նչ պիտի անեն: Պիտի զինաթափե՞ն: Ովքե՞ր: Ադրբեջանցինե՞րը, թե՞ «միջազգային խաղաղարարները»: Բայց` շարունակենք: «Հուրիեթի» թղթակցի` «ե՞րբ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը» հարցին Ադրբեջանի փոխարտգործնախա րարը պատասխանել է. - Եթե կողմերը հարմար գտնեն` կքննարկեն նաև վերջնական կարգավիճակի հարցը: Իսկ թե դա ե՞րբ տեղի կունենա` միայն Ալլահին է հայտնի… Այսինքն, հնարավոր է, որ «հարմար չգտնեն» և երբեք էլ այդպիսի հարց չքննարկեն: Ինչո՞ւ: Որովհետև քանի դեռ Ադրբեջանն իր փախստականների վերադարձից հետո Լեռնային Ղարաբաղում ժողովրդագրական վիճակի այնպիսի փոփոխություն չի ապահովել, որը նրան հնարավորություն կտար ենթադրյալ հանրաքվեում հասնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից չհանելու քվեների գերակշռության, ապա այդպիսի հանրաքվե չի անցկացվի: Իսկ երբ այդպիսի գերակշռությունն ապահովեն` հանրաքվեն կանեն, «ոչը» կամրագրեն ու հարցը կփակեն: «Հանճարե˜ղ» պլան է, չէ՞: Թուրքերի սահմանափակ ուղեղից ավելի աղաղակող տխմարություն կարո՞ղ էր դուրս գալ: Մինչդեռ այս և նման տխմարությունների փոխարեն հայկական կողմն արդեն երկար ժամանակ խոսում է կողմերի միջև փոխվստահության վերականգնման կոնկրետ քայլերի մասին: Մենք առաջարկում ենք կնքել չհարձակման պայմանագիր, որը բխում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների մշակած` հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու, ուժ չկիրառելու կամ ուժի գործադրման սպառնալիքից հրաժարվելու Մադրիդյան սկզբունքների ոգուց: Մերժո´ւմ են: Ասում ենք` եկեք ընդունենք շփման գծից երկկողմանիորեն դիպուկահարներին դուրս բերելու ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների առաջարկը: Դա կթուլացնի լարվածությունը, կպակասեցնի անտեղի զոհերի թիվը, բարենպաստ մթնոլորտ կստեղծի հարցի խաղաղ լուծման համար: Դարձյա´լ մերժում են: Ասում ենք` արցախահայությունը այլևս երբեք չի ընդունի Ադրբեջանի գերիշխանության տակ ապրելու որևէ զառանցանք, ճանաչե´ք նրա ինքնորոշման իրավունքը: Լսե´լ անգամ չեն ուզում: Ի˜նչ «ինքնորոշում»: Կարևորը, ըստ իրենց, «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է», և ուրիշ ոչինչ: Եվ ադրբեջանա-թուրքական այս «պլանն» էլ միմիայն դրան է հետամուտ: Ծիծաղելին այն է, որ պլանը կազմողներն, իբր, ելել են…Հայաստանի˜ շահերից: Քանի որ, իբր, «Հայաստանին անհրաժե˜շտ է բարելավել իր հարաբերությունները հարևան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ»: Դե, իրենց երևի անհրաժեշտ չէ բարելավել հարաբերությունները Հայաստանի´ հետ: Սխալվո´ւմ են: Հարաբերությունների բարելավումը ոչ միայն և ոչ այնքան մե´զ է պետք, որքան` Ադրբեջան-Թուրքիային: Այսքան տարի մեր թշնամին են, ու մինչև հիմա էլ չեն կարողացել ճանաչել… իրենց թշնամուն: Չեն հասկացել, որ Հայաստանի, Արցախի, ընդհանրապես հայության հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից, չի կարելի դիմացինին անվերջ խաբել: Այդպիսի կուրությունն արդեն վաղուց վեր է ածվել ինքնախաբեության: Եվ շրջանառության մեջ դրվող «ղարաբաղյան կարգավորման թուրք-ադրբեջանական համատեղ պլանը» դրա հերթական վկայությունն է:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ