1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Իհարկե, հազվադեպ ու դժբախտաբար, բայց պատահում է նաև այնպես, որ հոռետեսներն են իրավացի լինում: Դիցուք, նրանք հաճախ պնդում են, թե երբ տվյալ խնդրի շուրջ իրավիճակը ծայրահեղորեն է բարդանում, ուրեմն շատ չանցած` հույսի շողեր են երևալու: Ասվածն, իհարկե, լավատեսական տարրեր էլ է պարունակում… Ու ճիշտ նմանատիպ իրավիճակ է հիմա ստեղծվել` հարցերի հարցը դարձած գնաճը հաղթահարելու ուղիներ որոնելիս: Դժվար է մոռանալ, թե նախորդ տարի այն ինչպես 10 տոկոսի սահմանը հատեց: Սակայն վիճակագիրների հրամցրած պաշտոնական տվյալներով` միայն փետրվար ամսվա ընթացքում թանկացումները նույնիսկ 12 տոկոսանոց աննախադեպ ցուցանիշն են գերազանցել: Այսինքն համեմատելով` կարող ենք եզրակացնել, որ խնդիրը հիմա հոռետեսների նախանշած բարդագույն փուլում է հայտնվել, և, ըստ չգրված ճշմարտության (՞)` հաջորդելիք դրական միտումներին սպասելու ժամանակներն են շուտով սկսվելու: Եվ իրոք, այս առումով թեև քիչ չեն գործադիրի հասցեին ուղղվող անգամ ամենասուր մեղադրանքները, այդուհանդերձ, գերխնդիրը հաղթահարելու նախաձեռնություն հենց կառավարության մակարդակով է ցուցաբերվում: Այն, իհարկե, հնարավոր է, որ փարատի կասկածամիտների սևեռումները` կապված այն հարցի հետ, թե այս կամ այն սննդատեսակի բարձր գինը հենց գործադիրի ղեկավարների թողտվությամբ է մինչև հիմա թելադրվել: Ճիշտ հակառակը: Թերևս ինքնահոսի թողնված շուկան այս օրերի նման անկառավարելի պետք է դառնար, որպեսզի օլիգարխների կեղեքիչ դավերին անտեղյակ մեր ղեկավարներն իրենց բարի ցանկություններին (իսկ եթե անկեղծ` պաշտոնեական պարտականություններին) գործնական ուղղվածություն հաղորդեին: Իսկ այդպիսիք արտահատե լու ավելի պահանջված և գործնական տարբերակ, քան գնաճի կրկնակի ցածր մակարդակի մասին խոստումն է` դժվար էլ գտնվի: Մնում է` գնանվազման (լավ է հնչում, չէ՞) գործընթացը չհապաղի: Հավաստիացումները, թե գնաճն առավելագույնը 5 տոկոսով է արտահատվելու, ենթադրում է, որ սկսած, ասենք, հաջորդ ամսվանից` գնանկումը մեկ տոկոսանոց ամսացատկերով պետք է արտահայտվի:: Այս դեպքում թերևս հոռետեսները ասելիք գրեթե չեն ունենա: