Հա՞ որ...


Հայ Ազգային Կոնգրեսը դեռևս չի պնդում, թե Հայաստանը Ռիո դե Ժանեյրոն չէ, սակայն սկսնակ գործարարի ջանասիրությամբ հայկական շուկաները մոնիտորինգի են ենթարկել ու եզրակացրել, թե Երևանը Փարիզն է ու դեռ մի բան էլ ավելին: Բա չլինե˜ր… Չնայած նպատակն իսկապես անհեթեթ ու չհիմնավորված թանկացումների առիթով ևս մեկ անգամ մեղքը իշխանություններին կսմթելն է, այլ ոչ թե մենաշնորհների տիրապետող գործարարներին դատափետելը, այսուհանդերձ, հետազոտության արդյունքում բավական հետաքրքիր պատկեր են ստացել: Պարզվում է` Փարիզում խնձորն արժե 315 դրամ, Երևանում` 1000, տանձը` 470 դրամ, Երևանում` 2000, նարինջը` 270 դրամ, Երևանում, 800, կարտոֆիլը` 140 դրամ, Երևանում` 300-500, սոխը` 190 դրամ, Երևանում` 400 և այլն: Համեմատության մեջ (այն էլ աշխարհում ամենաթանկը համարվող մայրաքաղաքներից մեկի հետ), իհարկե, ավելի վառ է տպավորվում, թե ո՞ւր են հասել հայկական գները: Սակայն նպատակը ո´չ Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելը, ոչ էլ, ինչպես ՀԱԿ¬ի դեպքում` աղետալի գներն իշխանության դեմ օգտագործելը, պետք է լինի: Ի վերջո, ինչպես հաճախ, այնպես էլ այս դեպքում արմատականներն ակամա խելամիտ գներ են հուշել` մոռանալով, որ գներն արձակելու (ժողովուրդն այն ժամանակ ասում էր` «շներն արձակելու») մոլի կնքահայրերը հենց իրենք էին: Հիշողության կարծրա՞խտ…