Գնալ ԱԺ, թե՞ ընդունել պարտությունը


ՔԱՂԱՔԱԿԱՆ առկա գործընթացները վկայում են, որ ընդդիմությունը, մեղմ ասած, անկեղծ չէ, երբ ուղղակիորեն կամ ենթատեքստերով հասկացնում է, որ իր պայքարի վերջնանպատակը Նախագահի ընտրություններն են: Ակնհայտ է, որ այս հարցում ոչ պակաս ոգևորությամբ ամենատարբեր ծրագրերով ներկայացող ընդդիմություններից նույնիսկ ՀԱԿ¬ն արդեն սկսել է կաշվից դուրս գալ մեկ տարի հետո ձևավորվելիք խորհրդարանում հնարավորինս շատ մանդատներ ունենալու համար: Եթե ուրիշ ոչինչ հաշվի չառնենք, ապա ընտրական անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում Կոնգրեսը բավական բարդ հոգեբանական խնդրի առաջ է հայտնվելու: Ներկուսակցական տարաձայնություններն ու հուսալքության ալիքը գագաթնակետին է հասնելու, իսկ համակիրներին Նախագահի ընտրություններում ակտիվության մղող որևէ ազդակ այլևս չեն ունենալու: Պարզ է նաև, որ կեղծված ընտրությունների մասին ձայնապնակը նույնպես այս անգամ երբեմնի արդյունավետությամբ չի հաջողվելու պտտեցնել: Այն անասելիորեն մաշվել է… Ուստիև անհնարին է լինելու պատասխան գտնել այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ քվեարկության արդյունք ները մշտապես ի վնաս արմատականների են կեղծվում: Իսկ առաջիկա ընտրություններում ՀԱԿ¬ի ձախողման հավանականությունը, ավելի քան երբևէ` մեծ է: Եվ այստեղ ընտրազանգվածի նախկինում մեծ, իսկ հիմա անհամեմատ փոքր թվաքանակի խնդիրը երկրորդական է: Ի վերջո, արմատականների համակիրների բանակը նոսրանում է հատկապես այն պատճառով, որ հանրության ընդդիմադիր տրամադրություններ արտահայտող շերտը Կոնգրեսի գործողություններում իրական պայքար, կառուցողականություն, հստակ ծրագրերի առկայություն այդպես էլ չի նկատում: Եվ ինչպե՞ս կարող էին համակիրները նախկինի նման մեծ հույսեր փայփայել, երբ ընդդիմությունն ինքը չի կարողանում կողմնորոշվել ու խուսափել տարերային պայքարի անօգուտ գործելաոճից: Նման հանգրվանում Նախագահի ընտրություններում հաղթելու կամ, որ պակաս տարօրինակ չէ` խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու մասին երազել անգամ չարժե: Ընդունենք, թե Կոնգրեսին հաջողվում է ապագա Ազգային ժողովում «Ժառանգության» կամ ՀՅ Դաշնակցության նման խմբակցություն ձևավորել: Մեկ այլ պարագայում կարելի էր նաև 6-7 պատգամավոր ունենալով գոհանալ: Բայց այստեղ ավելի կարևոր է, թե տվյալ քաղաքական ուժն ի՞նչ խնդիրներ է հատկապես հետապնդում: Արդյունավետ օրենսդրական գործունեության համար ցանկության դեպքում, իհարկե, փոքրաքանակ խումբն էլ կարող է աչքի ընկնել: Սակայն եթե վերջնանպատակը իշխանափոխությունն է, ապա ԱԺ¬ում նույնիսկ մեծամասնություն ունենալու դեպքում քիչ հավանական է Նախագահի փոփոխության հասնել: Ասել է թե` նման հաշվարկը տասնյակ եթե¬ների բարենպաստ դասավորության պարագայում միայն կարող է արդյունավետ ելք ունենալ: Իսկ տվյալ դեպքում խոսքն ընդամենը ընտրական շեմը հաղթահարել¬չհաղթահարելու մասին է: Տեսանելի է, որ ՀԱԿ¬ն ԱԺ¬ում հայտնվելու դեպքում չի նախատեսում ակտիվորեն ձեռնամուխ լինել օրենսդիր գործունեության: Ուստիև նախ և առաջ խորհրդարան մուտք գործելու նպատակահարմարության հարցն է կոնգրեսականներին երկմտեցնում, ինչն էլ երբեմն տպավորություն է ստեղծում, թե արմատականներն այնքան էլ չեն ձգտում Ազգային ժողովում հայտնվել: