ՊԱՇՏՊԱՆՎԱ՞Ծ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ


 

Դեռևս 2003-ի դեկտեմբերի 17-ին Կարինե Մկրտչյանն Աիդա Գուլոյանից առքուվաճառքի պայմանագրի հիման վրա գնել է Լոմոնոսովի փ. 21 հասցեում գտնվող բնակելի տունը: Կ. Մկրտչյանն ունեցել է բավարար հիմքեր` գործարք ձևակերպելու: Անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանման կողմից տրված` գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքում նշված է, որ այն ազատ է երրորդ անձի իրավունքից: Անշարժ գույքի վաճառքի գինը կազմել է 1.700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Գնորդը երբևէ չէր էլ պատկերացնի, որ զոհ էր դառնալու վարպետորեն գործող հանցախմբի անօրինականությանը. Հայկ` բնակարանների առքուվաճառքով զբաղվող միջնորդ, Անժելա Ամալյան` Հայկի մայրը, ով կեղծ կտակի ուժով ընդունել է տվյալ գույքի ժառանգությունը, հանցակից` Աիդա Գուլոյան (մանրամասները` ստորև), Էրեբունու տարածքի նոտար, այժմ` հանգուցյալ Վիկտորյա Սողոյան, ով Հայկի հանցակցությամբ հետին թվով կեղծ կտակ է կազմել Հայկի մոր` Անժելա Ամալյանի անունով, Երևանի թիվ 1 նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյան, ում կողմից 1997-ին Անժելա Ամալյանի անունով տրվել է ժառանգության վկայագիրը, որի հիման վրա էլ կատարվել է պետական գրանցում:

Գործարքն իրականացնելուց անմիջապես հետո տունը վաճառում են Աիդա Գուլոյանին: Այս խմբի անօրինականություններից անտեղյակ« Կարինե Մկրտչյանը 2003թ.-ի դեկտեմբերի 17-ին Աիդա Գուլոյանից գնել էր վերոնշյալ հասցեում գտնվող բնակելի տունը` դառնալով անշարժ գույքի սեփականատեր (կատարել էր շինարարական ու վերանորոգման աշխատանքներ), բայց…

- Վկայականն ստանալուց 6 ամիս անց` 2004-ի մայիսին, հայտնվում է Սերգեյ Պետրոսյանը` Սվետլանա Բալյանի ամուսինը, և ինձ ստիպում էր դուրս գալ տնից` պնդելով, որ խլել եմ այն, և ինքը դատական կարգով է հարցը լուծելու,- պատմում էր Կարինեն:- Կատարում էի վերանորոգման աշխատանքներ` բնակվելու համար բավարար պայմանների բացակայության պատճառով:

1973 թ. Սվետլանա Բալյանը տունը նվիրել էր մորը` Սոնյա Բալյանին, ով մահացել էր 08.11.1981 թ.-ին, միայն 2004-ին էր Սվետլանային հայտնի դարձել, որ տունը վաճառվել էր Կարինեին: Դեռևս 05.04.1981-ին իբր Սոնյա Բալյանը տունը կտակել էր Անժելա Ամալյանին` շնորհիվ միջնորդ Հայկի ու նոտար Վիկտորյա Սողոյանի: 1997-ին Անժելան առաջին նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի շնորհիվ ստացել էր ժառանգության վկայագիր և ըստ այդմ էլ` սեփականության իրավունքի վկայական: 1998-ին նա տունը վաճառել էր Աիդա Գուլոյանին: Այս խարդախ պատմության մասին Կարինե Մկրտչյանն իմացել էր շատ տարիներ հետո, երբ արդեն դատական մեկ ատյանից մյուսն էր վազվզել…

Առքուվաճառքի պայմանագիրը և սեփականության վկայականն անվավեր ճանաչելու մասին Սվետլանա Բալյանի հայցը դատարանը մերժել էր: Այնուհետև նրա վերաքննիչ բողոքը բավարարվել էր մասնակի, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, որտեղ էլ Ս. Բալյանի հայցը բավարարվել էր:

- Տեսնելով, որ շատ է ձգձգվել դատական գործընթացը` Սվետլանա Բալյանի պաշտպան (և ամուսին) Սերգեյ Պետրոսյանը 2007-ին Էրեբունու համայնքի դատախազության քննչական կազմի հետ գնացել են Հայկի տուն. Հայկը խոստովանել է, որ կեղծ կտակ է արել: Համարյա մեկ տարի մնացել եմ անտեղյակ` չիմանալով, որ կեղծ կտակ է արվել: Եվ 2007-ին Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրի Ռաշիդյանը դատախազության քննչական նյութերի հիման վրա անվավեր է ճանաչել իմ առքուվաճառքի պայմանագիրը, տրված սեփականության իրավունքի վկայականը: Քրեական գործի հարուցումը մերժվել է` ելնելով վաղեմության ժամկետից, կտակը վավերացնող նոտարի մահվամբ: Դրա իրավունքը նա չուներ, քանի որ հանցախումբը պատասխանատվության չի ենթարկվել: Հայկը մինչև այսօր ինձ ասում է, որ ինքն իր հարցերը կարգավորել է ներքին կարգով, այլևս անելիք չունի, ես իմ խնդիրներն Աիդայի հետ լուծեմ: Փաստորեն այս 8-ը տարիների ընթացքում Հայկը ոչ մի անգամ չի առնչվել դատական գործընթացներին. անհոգ ման է գալիս, իսկ ես, առողջությունս քայքայելով, ֆինանսական քաշքշոցների մեջ եմ երկար ու ձիգ տարիներ և այսօր գտնվում եմ իմ տնից վտարման պահանջի առաջ: Հենց Յու. Ռաշիդյանի կայացրած անարդար վճռի շնորհիվ է սկսվել իմ տառապանքը: Դրանից հետո դիմել եմ փաստաբանի օգնության, ով ինձանից բավականին շատ գումար է պահանջել իմ գործերով զբաղվելու համար, բայց ամենակարևոր վճռի ժամանակ (երբ Վերաքննիչի դատավորը հայցվորին ճանաչել է փաստացի տիրապետող ժառանգ, ու նրա կայացրած վճռի շնորհիվ ես վտարվում եմ իմ տնից) փաստաբանս ներկա չի եղել, իսկ հետագա դատական գործընթացներին չի էլ մասնակցել: Իսկ Աիդա Գուլոյանը ապրել ու ապրում է նույն բակում, որտեղ գտնվում է իմ գնած տունը: Թեպետ այսօր Աիդան պնդում է, որ ինքը կեղծ կտակի գոյութան մասին տեղյակ չի եղել, բայց շատ հմտորեն այս թոհուբոհից մաքուր է դուրս եկել… Բոլորովին վերջերս մի քանի անգամ գնացել եմ Հայկի տուն, բայց նա միշտ խուսափել է ինձ հետ հանդիպել: Կինը Հայկի փոխարեն պատասխանել է, որ ամուսինն իր խնդիրները վաղուց կարգավորել է, դատախազությունում գումարներ է թափել, ինքը խաղից դուրս է եկել… Վտարման վճիռ է կայացվել, ինձանից տունը տանում են, բայց չկա վճիռ, թե ես ի՞նչ պետք է անեմ, ու՞ր պետք է գնամ, որտե՞ղ ապրեմ: Հայտնվել եմ փողոցում: Իսկ վճռաբեկ բողոքս ետ է ուղարկվել:

Կարինեն նախ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին. պատասխանել են, որ դատարանի գործերին չեն խառնվում: Դիմել է` ՀՀ վարչապետին, որտեղից էլ գործերն ուղարկել են ՀՀ արդարադատության նախարարություն: Տուժողին լսելուց հետո նյութերն ուղարկել են արխիվ: Սահմանադրորեն հստակ ասվում է, որ անձն ունի սեփականության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով: Կ. Մկրտչյանը երկար տարիներ ներքաշվել է դատական գործընթացի մեջ, որը նշանակում է նախ` առողջության քայքայում, ապա` նյութական կորուստ: Բացի այդ, 2003-ին տունը գնելուց հետո Կարինեն սկսել է վերանորոգման աշխատանքներ, առայսօր կատարել վարձավճարները, բայց անորոշ է, թե ումից պետք է ետ վերցնի այդ գումարները: Վնասն ինչ-որ մեկի կողմից պետք է փոխհատուցվի՞… Ապօրինությունների արդյունքում անձը զրկվել է սեփականությունից ու ոչ մի կերպ չի կարող վերականգնել իր ունեցվածքը:

Անժխտելի է, որ կա մեղավոր անձանց շրջանակ. կտակը կեղծողը պետք է գույքային, նյութական պատասխանատվություն կրի այն անձի հանդեպ, ում դատարանը ճանաչել է օրինական ժառանգորդ և ոչ թե Կարինե Մկրտչյանից խլեն բնակարանը ու դուրս շպրտեն փողոց… Չէ՞ որ նա բարեխիղճ գնորդ ու տնօրինող է եղել… Դատական համակարգին չի հետաքրքրել բարեխիղճ ձեռքբերողի ճակատագիրը. նրան զրկել են սեփականության իրավունքից` անվավեր ճանաչելով նրա անունով կնքված գործարքը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցումը: Ի վերջո որտե՞ղ պետք է ապրի փողոցում հայտնված Հայաստանի Հանրապետության քաղաքացին…

Նաիրա ԲԱԴՈՅՍՆ