Պոռնկասեր թիկնազորը


 

Նույնիսկ «շարքային» ունևորի թիկնապահների թիվ 1 ու երևի միակ անելիքն իրենց վարձակալողի անվտանգությունն ապահովելն է: Տարրական այս ճշմարտությունը ոչ միայն ամենաանտեղյակ թիկնապահները գիտեն, այլև ցանկացած մանչուկ: Բայց ահա ամերիկյան հատուկ ծառայության գործակալներից ոմանք «մոռացել» են, թե նախագահ Բարաք Օբամայի հետ ինչու են Կոլումբիա մեկնել: Նախագահը մեկնել էր «Ամերիկաների գագաթնաժողովում» լուրջ հարցեր քննարկելու, իսկ նրա «թիկունքը պահելու» կոչվածներն ինքնամոռաց նետվել են… պոռնկուհիների գիրկը:

«Գաղտնի ծառայության» այդ գործակալները հեռացվել են իրենց պարտականություններից և նույն օրն իսկ հայրենիք վերադարձվել` «ոչ պատշաճ վարքի» համար: Ավելի ստույգ` պոռնկուհիների հետ կապեր հաստատելու և պարտականություններում թերանալու պատճառով:

Հատուկ ծառայության ներկայացուցիչ Էդ Դոնովանն այս առնչությամբ միայն ակնարկել է, որ հատուկ գործակալներն անպատշաճ վարքագիծ են դրսևորել մինչև Օբամայի` կոլումբիական Կարտեհանա դը Ինդիաս քաղաք ժամանելը. լույս շաբաթ գիշերը: Իհարկե, Կոլումբիայից արտաքսվածներին իսկույն փոխարինել են ուրիշները, և այդ միջադեպը նախագահի անվտանգության վրա չի ազդել (հաղորդել է ՌԻԱ «Նովոստի»ն-):

Անվտանգությունը պահպանվել է, բայց հենց այդ գիշեր մայրաքաղաք Բոգոտայում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատան հարևանությամբ երկու պայթյուն է տեղի ունեցել: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ պայթուցիկ սարքերը տեղադրել են անհայտ անձինք:

Հյուսիսային և հարավամերիկյան մայրցամաքների` «Ամերիկաների գագաթնաժողով» խոշոր համահավաքը պաշտոնապես բացվել է շաբաթ օրը` ամերիկյան 33 պետությունների առաջնորդների ու կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: