Հյուրասրահ


 

Հայաստանում է նշանավոր ջազային դաշնակահար և երգիչ Սերգեյ Մանուկյանը: Նա Հայաստան է եկել մասնակցելու Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» փառատոնին, ինչպես նաև հանդես գալու մենահամերգով: Մեր զրույցը տեղի ունեցավ Գյումրիում, փառատոնի բացման ժամանակ:

Սերգեյ ՄԱՆՈՒԿՅԱՆ.

«Ինձ ռուսահայ են ասում, բայց ես հայ եմ»

- Երբ փառատոնի նախաձեռնողը` Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանն ասաց, որ դուք նույնպես գտնվում եք Գյումրիում, ես շատ ուրախացա: Ինչպե՞ս պատահեց, որ ընդունեցիք փառատոնին մասնակցելու հրավերը:

- Այս հրավերը ես ստացել եմ ինչպես Հայաստանի մշակույթի նախարարության, այնպես էլ Կարինե Ավդալյանի կողմից: Չէի կարող մերժել, որովհետև հրավիրում են Հայաստանից: Իմ մասին գրելիս ու խոսելիս ասում են, որ ռուսահայ եմ: Ես այդ ռուսահայի փոխարեն պարզապես կասեմ, որ հայ եմ, ով ապրում է Ռուսաստանում: Հայաստանն ինչպես շատերի, այնպես էլ իմ հայրենիքն է, այդ պատճառով էլ չէի կարող մերժել հրավերն ու չգալ: Մանավանդ` այս փառատոնը «Վերածնունդ» է կոչվում: Այսինքն, Հայաստանում վերադառնում են դեպի Ռենեսանսը, ցանկանում են երկրաշարժ տեսած քաղաքի ընթացքը կազմակերպել Վերածննդով` արվեստի վերածննդով: Ամեն մի փառատոն նվեր է տվյալ քաղաքին, ու ես սիրով եկա այստեղ` տարբերություն չտեսնելով` Պետերբո՞ւրգն է, թե՞ Գյումրին:

- Մի առիթով ասել եք, որ երաժշտությունը Ձեզ համար աստվածային անկեղծություն է: Իսկ մասնագիտությունը դեր խաղո՞ւմ է արդյոք:

- Արհեստավարժությունն ու տեխնիկան միայն պետք են այն ժամանակ, երբ չունենալով աստվածային ներշնչանքը` սկսում ես ձևանալ: Երբ ես հիվանդանում եմ` հասկանում եմ, որ բեմում պիտի մի կերպ ձևանամ, ցույց տամ, թե ես երաժշտության մեջ եմ: Որովհետև երբ հիվանդ է մարմինդ, չկա վերևից եկող այդ հրաշալի հոսքը: Եվ այդ ժամանակ ես նվագում եմ` հույսս դնելով արհեստավարժության վրա, ինչպես ասում են` հարևանցիորեն: Այս դեպքում չկա ներշնչանք, չկա պայծառացում: Իսկ երբ ներշնչանքը հայտնվում է` այն քեզ առնում է իր թևերին ու տանում հեռո˜ւ:

- Իսկ կարո՞ղ է անհաղորդ լսարանն ընդհատել այդ թռիչքը:

- Ինձ համար լսարանի դերը երկրորդական է: Սկզբում ինքդ պիտի ճախրես: Երաժշտի ու հանրության հարաբերությունները նման են ծնողի և երեխայի հարաբերություններին: Այդ երեխան է ինձանից կախված, այդ ես եմ նրան ուղղություն տալիս: Բայց ոչ թե նա ինձ, ես եմ նրան դաստիարակում, ինչպես ասում են` հաշիվ պահանջում: Հանդիսատեսի հետ էլ նույնն է: Ես չեմ կարող հպատակվել նրան, բայց որքան ես անկեղծ եմ նրանց հետ, այնքան նրանք հավատում են ինձ ու պատրաստվում են հետևել ինձ: Ես միշտ պետք է լինեմ այնպիսի վիճակի մեջ, որպեսզի նրանք ինձանից երես չթեքեն:

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն ջազային երաժիշտներին, ովքեր ունենալով խոստումնալից սկիզբ, գնում են դեպի շոու-բիզնես, դեպի «առև-տուր»:

- Ինձ համար լավագույն օրինակը Լարիսա Դոլինան է: Ես տեսնում եմ, որ Լարիսան գնաց դեպի շոու- բիզնես, դեպի էստրադա ոչ միայն նրա համար, որ շատ փող ունենա: Նրան միշտ դուր է եկել երգել լավ երգեր` ինչ ժանրի էլ նրանք պատկանեն: Նա զարդարեց էստրադան: Էստրադան Դոլինային չփչացրեց:

- Իսկ կարելի՞ է լինել լրջագույն ջազի տիրույթում և միաժամանակ ունենալ «առևտրային» հաջողություններ:

- Ինչպես գիտեք, «առևտրային» հաջողությունը չի վկայում կատարողական մակարդակի մասին: Շատ հաճախ կոմերցիոն հաջողություններն ուղեկցում են այն նախագծերին, որոնք բնավ էլ ստեղծագործական խնդիրներ չեն լուծում: Ասեմ, որ դրանք միայն մեր ժամանակների կամ էլ մեր երկրի խնդիրը չեն: Բրիթնի Սփիրսը կամ SΘice Girls-ը շատ ավելի լավ են ապրում, քան արևմտյան ջազմենները« քանի որ աշխարհին տիրում են առևտրականները: Իսկ փոփ-մշակույթը վաճառելը հեշտ է: Այն լավ է վաճառվում:

- Իսկ ջազը չի՞ վաճառվում:

- Դե, հիմա ամեն ինչ էլ հնարավոր է: Եկեղեցի կարելի է մտնել անվճար և այնտեղ լսել այնպիսի բան, որն աշխարհում մեկ այլ տեղ չես լսի: Հոգևոր երգեցողությունը որևէ այլ բանի հետ չես համեմատի, զարմանալի վիճակ է: Ավելին է, քան աշխարհիկ համերգի ճախրանքը: Բայց այն անվճար է: Ի՞նչ է իրենից ներկայացնում փողը: Շատ հաճախ` ոչինչ, անցողիկ մի բան: Ես անձամբ կուզենայի նվագել այնպիսի երաժշտություն, որը չպատկանի լոկ մի ժամանակի, նորաձև կամ հնաձև չլինի, որը հնարավոր լինի լսել միշտ, որովհետև այն խոսելու է հավերժական թեմաների մասին: Ես միշտ հարգել եմ Վիսոցկու արվեստը, ու միակ բանը, որ ինձ դուր չի եկել` առօրեականությունն է, ինչը բնորոշ է նրա երգերին: Ես ուզում եմ, որպեսզի երաժշտությունը կախված չլինի որոշակի ժամանակից:

- Այսօր ջազը կարծես իր տեղը զիջում է ռոքին:

- Որովհետև ռոքն ըստ էության բավական պարզունակ երաժշտություն է, ու երբ մարդիկ այս պարզունակի համար ուշագնաց են լինում, ապա այլևս չեն կարողանում վերադառնալ ջազին: Եվ ռոք-երաժշտության առանձնահատկությունն էլ այն է, որ այն կենդանի է մնում միայն մի խմբի կատարմամբ: Ես երիտասարդությանս տարիներին նվագում էի Led ZeΘΘelin, The BeΖtles, սակայն կասկածում եմ, որ հիսուն տարի հետո ինչ-որ մեկը նվագելու է DeeΘ PurΘle կամ Rolling Stones: Բայց նաև չեմ ասում, թե դրանք վատն են:

- Ծանո՞թ եք հայկական ջազին:

- Իհարկե, ծանոթ եմ: Մոսկովյան հայ ջազմեններին ճանաչել և ճանաչում եմ: Հայաստանում էլ գիտեմ Լևոն Մալխասյանին: Հրաշալի երաժիշտ է, բացառիկորեն տաղանդավոր: Նաև լսել եմ, որ կան մի շարք այլ ջազային նվագախմբեր:

- Առաջիկայում Երևանում մենահամերգ ունեք: Ի՞նչ կմաղթեք հայ ունկնդրին:

- Մաղթելու հարցում ծույլ եմ: Ուզում եմ, որ համերգին գան ջազի իսկական սիրահարները: Ես նրանց համար երաժշտության հրավառություն կսարքեմ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ