ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅՈՒՀԻՆ ՀԵՌԱՑԱՎ


 

Մահացել է Լիլի Չուգասզյանը

Անցյալ շաբաթ Չիկագոյի իր բնակարանում, 92 տարեկան հասակում կյանքից հեռացավ ապրող առասպելը, մեծագույն երգչուհին, աշխարհի լավագույն կոնտրալտոներից մեկը: Նա այն եզակի երգչուհին էր, ում հետ 24 տարի շարունակ պայմանագիր էր կնքում «Մետրոպոլիտենը», իսկ Նյու Յորք սիթիի օպերային թատրոնն էլ նրա ամեն մի բեմել համարում էր իր պատմության ոսկե էջը:

Քսաներորդ դարի համաշխարհային օպերային արվեստի քսան նշանավոր երգչուհիների դասակարգման աղյուսակում Լիլի Չուգասզյանը գրավում էր իններորդ տեղը: Նրան համարում էին «ոսկե ձայն», նրա անունով երկնքում աստղ էր անվանակոչված, «Մետրոպոլիտեն» օպերայի հարդարման սենյակներից մեկի դռանը փակցված է ոսկե ցուցանակ` «Այս հարդասենյակը պատկանում է Լիլի Չուգասզյանին» մակագրությամբ:

Լիլի Չուգասզյանի հայրը` Վահան Չուգասզյանը, 1909 թվականին, Արևմտյան Հայաստանում իրականացված առաջին կոտորածներից հետո բնակություն էր հաստատել այս քաղաքում: Հրաշալի մտավորական էր Վահան Չուգասզյանը, հայրենասեր հայ. խմբագրում էր «Երիտասարդ Հայաստան» պաշտոնաթերթը: Չուգասզյանների գերդաստանից շատերը զոհ գնացին 1915-ի կոտորածներին, իսկ Վահան Չուգասզյանի ընտանիքն արդեն հեռու էր սարսռազդու տեսարաններից: 1920 թվականին էլ Չիկագոյում ծնվեց Լիլին, ում պատվին 1985 թվականին անվանակոչվեց ծննդավայր-քաղաքի փողոցներից մեկը: Դեռ մանկության տարիներից շատերը նկատել են ապագա երգչուհուն, լսել նրա բացառիկ ձայնը: Նա մասնակցել է տարբեր հանդեսների, երգել կիրակնօրյա պատարագների ժամանակ: Իր կենսագրականում երգչուհին գրել է.

- Առաջին երգերս եկեղեցում շարականներ էին, ես դրանց իմաստն ամբողջապես չէի հասկանում, սակայն երգում էի վերացած ու ներշնչված: Հետո ինձ հանձնարարեցին երգել Մակար Եկմալյանի Պատարագից հատվածներ: Ի˜նչ աստվածային երաժշտություն էր: Երբ երգում էի` նայում էի եկեղեցու առաստաղին, ինձ թվում էր, թե այնտեղից ինձ էր նայում Աստվածամայրն ու ժպտում:

Երբ արդեն կայունացել էր ձայնը, ծնողները Լիլիին տարել են ժամանակի ճանաչված մանկավարժներից մեկի` Ֆիլիպ Մանուելի մոտ, ով էլ լսելով աղջնակին, ասել էր. «Այս ի˜նչ եզակի ձայն ունի այս աղջիկը: Նա կզարմացնի աշխարհը»:

Չիկագոյում 1940-ական թվականների կեսերից արդեն շատերն էին ճանաչում երգչուհուն, ով մերժեց իր ազգանունը փոխելու և բեմական «բարեհունչ» կեղծանուն ընտրելու բոլոր առաջարկները: Նա երգում էր տեղի նվագախմբերի հետ, հանդես գալիս տարբեր երեկույթներում, մոռացության չէր տալիս նաև հայկական եկեղեցին: Իսկ 1955 թվականին եկավ իսկական հաջողությունը, երբ նա հանդես եկավ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ` Մալերի 2-րդ սիմֆոնիայում կատարելով կոնտրալտոյի պարտիաները: Այս նշանավոր հաջողությունից կարճ ժամանակ անց երգչուհու կարիերան հայտնվեց ողբերգական հարցականի առջև, բժիշկները կրծքի քաղցկեղ են հայտնաբերում նրա մոտ, կարծես կանխատեսում նրա վախճանը: Սակայն ցուցաբերելով մեծ կամք և վճռականություն, Լիլի Չուգասզյանը տրվում է հիմնավոր բուժման, ամեն ինչ անում` հիվանդությունը հաղթահարելու համար:

1967-ին իրականություն դարձավ երգչուհու մեծ ցանկությունը, նա եկավ Հայաստան, Ալ. Սպենդիարյանի օպերային թատրոնում հանդես եկավ Ամներիսի (Վերդիի «Աիդա») և Փառանձեմի (Տ. Չուխաջյան «Արշակ Բ») դերերգերով: Ապա կատարեց «Կռունկ»-ը, Սպենդիարյանի «Օրորոցային»-ը... Հայաստանում ցնծությամբ ընդունեցին երգչուհուն, հիացան նրանով, հպարտացան: Երևանում նկարահանվեց «Լիլի Չուգասզյանը Հայաստանում» ֆիլմը: 1981 թվականին նրան շնորհվեց ՀԽՍՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակը: Ուշագրավ է այն փաստը, որ 1978 թվականին հրավիրվելով Սպիտակ տուն` Լիլի Չուգասզյանը երգել է հայկական երգեր, ապշեցրել ԱՄՆ նախագահին, բոլոր ունկնդիրներին: Քառասուն տարեկանում սկսելով իր բեմական մեծ կյանքը, երգչուհին կարողացավ քսան տարվա ընթացքում նվաճել աշխարհի խոշորագույն բեմերը, դառնալ ամենանշանավոր հայուհին համաշխարհային օպերային արվեստում: 1986-ին թողնելով բեմը, նա գնաց Յեյլի համալսարանին կից երաժշտական քոլեջ, ուր դասավանդեց մինչև 2005 թվականը:

- Հայը պետք է աշխատասեր լինի,- գրել է Լիլի Չուգասզյանը:

Նրա տաղանդի բացառիկությունը նաև աշխատասիրության արգասիքն էր: