«Նաև ընտրելով եմ պաշտպանում Հայրենիքս»


 

2012թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների նախաշեմին ՀՀ պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են «Նաև ընտրելով եմ պաշտպանում Հայրենիքս» խորագրով ցուցապաստառներ:

Ցուցապաստառները, որոնք ՀՀ ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում փակցված են լինելու ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում, հստակ պարզաբանում են զինծառայողների ընտրական իրավունքները և պարտականությունները, քվեարկության կարգը:

Մարդու իրավունքները հանցագործների արտոնությունն են

Այս պարագայում արտահայտվել են բրիտանացիները, բայց տեսակետի կողմնակիցները, կարծում ենք` ամենուր են, աշխարհի բոլոր երկրներում: Իսկ Լոնդոնն ուղղակիորեն առաջարկում է սահմանափակել Ստրասբուրգյան դատարանի լիազորություններն ու ազդեցությունը:

Մեծ Բրիտանիայի ժողովրդի 3/4-ը գտնում է, որ մարդու իրավունքների մասին օրենքները դարձել են «արտոնություններ` հանցագործների համար»: Այս փաստն արձանագրվել է երեկ հրապարակված սոցհարցման արդյունքներով: Հարցվածների 45 %-ը լիովին համամիտ են վերոնշյալ պնդմանը, 27 %-ը` պարզապես համամիտ է: Հարցադրմանը դեմ է արտահայտվել 16 %-ը, իսկ ոմանք էլ չեն կողմնորոշվել: Ավելին, հարցմանը մասնակցած 18-24 տարեկանները քննադատել են Մարդու իրավունքների մասին օրենքը (գրել է DΖily MΖil-ը):

Թերթը նշել է, որ այս շաբաթ Եվրոպայի Խորհուրդը քննարկելու է Մեծ Բրիտանիայի առաջարկությունները` Մարդու իրավունքների հարցերով եվրադատարանի աշխատանքները բարեփոխելու վերաբերյալ: Վերջինիս իրավասությունների սահմանափակում պահանջելով` Լոնդոնը գտնում է, որ հարկավոր է ազգային իշխանություններին անկախություն շնորհել Ստրասբուրգի որոշումներից:

Հիշեցնենք, որ շուրջ երկու ամիս առաջ նույն Բրիտանիայում մեծ սկանդալ էր պայթել: Պատճառն այն էր, որ ՄԻ Եվրադատարանն արգելել էր Հորդանան արտաքսել արմատական իմամ Աբու Քատադային, ում անվանում էին Օսամա բեն Լադենի աջ ձեռքը` Եվրոպայում: Ստրասբուրգյան դատավորները գտել էին, որ Հորդանանում նրան կտտանքներ են սպառնում: Քատադան անգլիական դատարանից արձակվեց` մնալով տնային կալանքում, և Ստրասբուրգն անտեսեց երկրի իշխանությունների այն անհանգստությունը, որ այդ մարդը սպառնում է իրենց ազգային անվտանգությունը: Ստացվեց, որ մեկ հանցագործի ապահովությունը գերադասվեց պետության ազգային անվտանգությունից: Ասել է թե շրջանցվեց ապահովությունը խաղաղ բնակիչների, որոնց մի մասը կարող էր նաև ահաբեկչության զոհ դառնալ

Զավեշտալի ու մի քիչ էլ վիրավորական է և այն իրողությունը, որ հանցագործների համար պահանջում են հարմարավետ պատժավայրեր կահավորել` սոցիալական ծանր պայմաններում ապրող հարկատուների հաշվին: