Ավազակություն և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անչափահասի նկատմամբ


 

50-ամյա Ալբերտ Հ.-ն նախկինում օրենքի հետ խնդիրներ չէր ունեցել: Բարձրագույնավարտ տղամարդը 7-8 տարի մասնավոր տաքսի էր վարում: Ամուսնացած էր ու հաճախ էր գիշերային ժամերին բացակայում տնից: Ընտանիքի անդամները, բնականաբար, նրա բացակայությունը վերագրում էին աշխատանքի բնույթին` չկասկածելով անգամ, որ աշխատանքից դուրս կամ հենց աշխատանքային ժամերին նա զբաղվում էր նաև հանցավոր գործունեությամբ:

Թեև բացահայտված երկու դեպքով էլ գործել էր համանման «ձեռագիրը», սակայն երկրորդ դեպքում տղամարդը ավազակային հարձակումից զատ, կատարել էր ևս մի քայլ, որն իրավաբանորեն որակվել էր որպես սեքսուալ բնույթի բռնի գործողություն անչափահասի նկատմամբ: Նախ` առաջին դեպքը:

32-ամյա Սիլվա Մ.-ն ժամը 22.30-ի սահմաններում ընկերուհու մոտից շտապում էր տուն և ճանապարհը կրճատելու նպատակով քայլերն ուղղեց դեպի խավար ու անմարդ ծառուղին: Հենց այնտեղ էլ նրան հետևից մոտեցավ մի տղամարդ և անբռնազբոս ասաց` «Բարև, Կարինե»: Կինը տեղեկացրեց, որ նա իրեն շփոթել է, սակայն տղամարդն այլ նպատակ ուներ և հանելով դանակը` պահանջեց հետևել իրեն: Մի քանի քայլից տղամարդը բջջայինով զանգահարեց ինչ-որ մեկին` ասելով.

- Այս աղջիկը ոնց որ Կարինեն չի, բայց ոչինչ, սա էլ կլինի:- Ապա գոռաց,- ունեցածդ ոսկին տուր:

Կինն այնպես էր ահաբեկվել, որ արագ հանել է ոսկյա շղթան` խաչով, երկու մատանիներն ու հանձնել ավազակին, իսկ սա դեռ շարունակում էր սպառնալ« թե` հայտնելու դեպքում կսպանի... Վախից հազիվ կմկմացող կինը հենց այդ պահին հեռվում փրկարար լույս տեսավ և վազեց դեպի լույսը, բայց այնքան շփոթված էր, որ բարձրությունից ընկավ ու կոտրեց ոտքը: Վախն ու սարսափը չէին անցել նույնիսկ ապաքինվելուց հետո: Վախենալով, որ տղամարդն իրեն վնաս կպատճառի, անձին ճանաչման ներկայացնելիս, չնայած վստահ էր, որ նա է իր վրա հարձակում գործած անձը, ասել էր, թե շատ նման է..

Ավազակային երկու հարձակումները միմյանց հերթագայել էին երկու օրվա տարբերությամբ: Հաջորդ թիրախը 17-ամյա Նելլի Ս.-ն էր:

Աղջիկը ցերեկները սովորում էր բուհում, իսկ երեկոյան ժամերին մատուցողուհի էր աշխատում: Դեպքի օրը, կեսգիշերին մոտ, աշխատանքից տուն էր վերադառնում, երբ քայլերի ձայն լսեց: Ուշադրություն չդարձրեց` մտածելով, թե անցորդ է: Մինչդեռ հետևից եկողը ավազակ էր, որ հասնելով նրան` մի ձեռքով փակեց բերանը, մյուսով դանակը սեղմեց պարանոցին` պահանջելով ձայն չհանել: Հետո հորդորեց գնալ դպրոցի բակ, որտեղ, իբր, պիտի օգներ իրեն` թակեր պատուհանն ու կանչեր պահակին: Աղջիկը ենթարկվեց` միայն իրեն չվնասեին: Ապա փորձեց բջջայինից զանգահարել ու օգնություն կանչել, ինչը նկատեց ու կանխեց ավազակը: Համարձակ աղջիկն անգամ փորձեց դանակն իր պարանոցից հեռացնել ու փախչել, սակայն միայն վնասեց ձեռքը: Դպրոցի ամայի բակում հասկացավ, որ ոչ մի պահակի էլ չի կանչելու, ավելի վախեցավ և առաջարկեց մոտը եղած գումարը` իր մի քանի օրվա աշխատած 8 հազար դրամը, որն ավազակը անմիջապես գրպանեց ու հետաքրքրվեց` ով է նա, ծնողներն ովքեր են: Հավաստիանալով, որ նա տասնյոթ տարեկան է և ուսանող, որն ապրում է բարեկամի տանը` անցավ իր պիղծ ու անմարդկային արարքին:

Նախաքննության ողջ ընթացքում Ալբերտ Հ.-ն իրեն մեղավոր չճանաչեց և հրաժարվեց ցուցմունք տալուց: Սակայն բռնության ենթարկված անչափահաս աղջիկն անձին ճանաչման ներկայացնելու ժամանակ չորս տղամարդկանցից մատնացույց արեց հենց Ալբերտ Հ.-ին ու պնդեց, որ նա էր իր նկատմամբ բռնի գործողությունների հեղինակը, ճանաչեց նաև ներկայացված դանակներից մեղադրյալին պատկանողը ու նրա բջջայինը, որով սեռագարը նկարահանել էր սեքսուալ բնույթի գործողությունը և աղջկան սպառնացել, թե որևէ մեկին պատմելու դեպքում նկարահանածը կտեղադրի համացանցում և աղջկան խայտառակ կանի...

Հնարավոր է, որ տղամարդն առաջին անգամ էր ոտք դնում հանցավոր ուղու վրա, և հաջողված առաջին փորձը որոշել էր «հարստացնել» ու խորանալ հանցավորության ճահճում: Հնարավոր է նաև, որ ներկայացված երկու դեպքերը միակը չէին նրա կյանքում: Բայց փաստը մնում է փաստ, որ ըստ նախաքննությամբ ձեռք բերված հիմնավոր փաստաթղթերի` 50-ամյա Ալբերտ Հ.-ի կենսագրությունը նախկինում արատավորված չի եղել, ու ցավալի է, որ նման լուրջ տարիքում նա որոշեց բավական չէ, հանցավոր եղանակով` ավազակությամբ գումար վաստակել, նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել անչափահասի նկատմամբ և սեռագարի վարք դրսևորել: