Իբր` լացել էլ գիտի


 

Երկուշաբթի Օսլոյում սկսվել է ահաբեկչության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկի դատավարությունը: Մեր ընթերցողն անշուշտ հիշում է, որ անցյալ տարի հուլիսին նա պայթյուն էր իրականացրել Նորվեգիայի մայրաքաղաքի կառավարական թաղամասում, որից զոհվել էր 8 մարդ: Այնուհետև իր սպանդը շարունակել էր Ուտյոյյա կղզում գտնվող սարդական ճամբարում` խլելով 69 կյանք:

Դատընթացում հրապարակելով մեղադրական եզրակացությունը, թվարկվել են նաև զոհերի անուններն ու նրանց սպանության հանգամանքները: Բրեյվիկն այդ ամենը լսել է փորձված մարդասպանին կամ անմեղսունակին վայել սառնասրտությամբ. նույնիսկ ժպտացել է` զոհված դեռահասների մասին լսելով:

Հետո հերթը հասել է այսպես կոչված քարոզչական տեսահոլովակին, որը հենց ինքը տեղադրել էր համացանցում և որը մեղադրանքի գլխավոր ապացույցներից մեկն է դարձել: Այդ պահին պոռթկացել են մարդասպանի հույզերը, ու սա սկսել է լաց լինել: Հաստատ` ո´չ մեղքի զգացումից:

19 րոպեանոց այդ հոլովակում Անդերսը «հիմնավորում» է իր վայրագությունը և ահաբեկչությունից առաջ դա տեղադրել էր You Tube-ում: Այնտեղ նա խոսում է «մշակութային մարքսիզմի» և իսլամի տարածման վտանգների մասին, իսկ խոսքն ուղեկցվում է խաչակիրների պատկերներով ու հանդիսավոր երաժշտությամբ: Այ` այն ժամանակ եթե արցունք թափեր, գուցե կղզի չհասներ, դեռահասներ չգնդակահարեր:

Ի դեպ, դատարանի դահլիճ նա մտել է ժպիտը դեմքին: Երբ հանել են ձեռնաշղթաները` բռունցքով խփել է իր կրծքին և աջ ձեռքը վեր է բարձրացրել` նացիստական ողջույնի հանգույն: Չի մոռացել հայտարարել, որ չի ընդունում Նորվեգիայի դատարանը, որը պաշտպանում է բազմամշակութայնության գաղափարը: Իսկ «աղի արցունք» թափելուց հետո ասել է`

- Ես ընդունում եմ, որ կատարել եմ այդ գործողությունները, բայց ինձ մեղավոր չեմ ճանաչում:

Իր խելահեղությունը նա բացատրել է որպես ինքնապաշտպանություն: