ԶՈԼՅԱՆԸ ՄՆԱՑ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ


 

Բրյուսովի անվան լեզվաբանականհամալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջև հասունացող հակասության շրջանակներում համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստում ապրիլի 17-ին պիտի հնչեին մի շարք պարզաբանումներ, երևան պիտի բերվեին այն «հանգամանքները», որոնք էլ ծնունդ էին տվել հակասությանը: Սակայն պարզվեց, որ համալսարանում որոշել են հեռու մնալ հրապարակային հայտարարություններից և պարզաբանումներից` ամեն ինչ պարփակելով բուհի պատերի ներսում:

Ինչպես հաղորդում են համալսարանից, այս հակամարտության հիմքում իբր ոչ թե Աշոտյան-Զոլյան խնդիրն է, այլ վարչապետ Տիգրան Սարգսյանի ցանկությունը` լուծարել Լեզվաբանական համալսարանը, նրա գործող ֆակուլտետները միավորել Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանին, իսկ բուհի շենքն էլ վաճառել` այնտեղ էլիտար շինարարություն իրականացնելու համար:

Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, ցանկություն կա նաև լուծարել Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և նրա գործող ֆակուլտետները տեղափոխել դարձյալ Մանկավարժական համալսարան: Ինչևէ, ապրիլի 17-ին սկանդալային բացահայտումներ չեղան, չհնչեցին այնպիսի մեղադրանքներ, որոնք կարող էին դառնալ օրվա գլխավոր իրադարձությունները:

Ու որքան էլ Սուրեն Զոլյանը փորձի ամեն ինչ ուղղորդել դեպի կառավարություն և իր գործողությունները բացատրի բուհի պահպանման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ ակնհայտ են այլ շահագրգռություններ: Այս ամենը հասկանալով է, թերևս, որ տապալվել է Բրյուսովի անվան համալսարանի շրջանավարտների խորհրդի նիստը, որին հրավիրվել էին մասնակցելու նաև խորհրդի անդամներ Պարգև արք. Մարտիրոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը, ուրիշներ: Մերժելով ռեկտորի հրավերը, նրանք, փաստորեն, հասկացրել են Սուրեն Զոլյանին, որ չեն կամենում մասնակիցը դառնալ անազնիվ խաղերի: Իսկ այդ խաղերն այստեղ ակնբախ են: Այս համալսարանում տիրող անառողջ մթնոլորտը, Զոլյանի վոլյունտարիզմը և կամայականությունը, դասախոսական կոլեկտիվը յուրայինների և հակառակորդների բաժանելու զոլյանական գործելաձևերը շատ վաղուց բուռն քննարկումների առիթ են դարձել: