Մենք մեր համար ենք պատասխանատու


 

Ինչպե՞ս է անցնում քարոզարշավը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ընթացքի, սպասելիքների շուրջ է զրույցը Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:

- «Բարգավաճ Հայաստանը» շատ հետաքրքիր քարոզարշավ անցկացնելու մոդել է ընտրել. Գագիկ Ծառուկյանի այցերին զուգահեռ մենք ձևավորել ենք 7 տարբեր քարոզչական խմբեր, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված են տնտեսագետներ, քաղաքագետներ, տարբեր սոցիալական խմբերի հարցերով զբաղվող` հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Այդ խմբերը քարոզչության ընթացքում կլինեն բոլոր բնակավայրերում: Մենք ասել ենք, որ չի լինելու անգամ ամենափոքր, սահմանամերձ, 50-60 բնակիչ ունեցող մի գյուղ, որտեղ մեր քարոզիչները չմտնեն: Հենց այս պահին քարոզչական մի թիմն Արմավիրի մարզում է, մյուսը Գեղարքունիքի մարզում է, այն մյուսը` Վանաձորում:

- Խանգարող հանգամանքներ չե՞ն պատահում:

- Հասկանալի է, որ ընտրությունը մրցակցություն է, և բնականաբար, ինչ-ինչ խնդիրներ կարող են ծագել: Բայց այս պահին խնդիր, որը լրջագույն խոչընդոտներ է հարուցել, կարծես թե չկա: Ահազանգեր լինում են մեր տարբեր կառույցներից, որ ինչ-որ տեղ թույլ չեն տալիս նախընտրական ծրագիրը բաժանել: Բայց այդ պահին մենք փորձում ենք օրենքի շրջանակում խնդիրները կարգավորել:

- Այնուամենայնիվ, ինչո՞ւ են շարունակվում ԲՀԿ-ի անվան շուրջ աղմկահարույց պատմություններ շրջանառվել: Մասնավորապես, Գյումրիի քաղաքապետի փեսայի սպանությունը կապեցին ԲՀԿ-ի հետ:

- Չկապեցին, կապեց: Մի հոգի փորձեց կապել: Դա Գյումրիի քաղաքապետն էր, մարդ, որը մշտապես հայտնի է եղել վառ երևակայությամբ: Վառ երևակայություն ունենալը մի կողմ, բայց գոնե այս դեպքում պետք է մարդն իրեն զսպեր և չաներ նման վտանգավոր հայտարարություններ: Կա պաշտոնական մարմինների` թե´ ոստիկանապետի, թե´ ոստիկանության` Գյումրիի բաժանմունքի պետի Բաբակեխյանի հայտարարությունը, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի: Եվ ես կրկին պետք է վերահաստատեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որևէ անդամ, որևէ ներկայացուցիչ այդ միջադեպի հետ կապ չունի: Քաղաքապետի պատճառաբանությունը, թե մեր թեկնածուն տվյալ ընտրատարածքում ճանաչել է միջադեպի մասնակիցներին, հիմնավոր չէ: Գյումրին փոքր քաղաք է, բոլորը բոլորին ճանաչում են. հենց սպանվածի ընտանիքը մեր թեկնածուի ծնողների հետ բավական մտերիմ հարաբերություն ունի:

Իսկ ի՞նչ եք կարծում, ձեր կուսակցության շուրջ շրջանառվող պատմություններով ինչո՞ւ են փորձում տպավորություն ստեղծել, թե ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև հակասություններ գոյություն ունեն:

- Ես դժվարանում եմ որևէ կերպ դա բացատրել, որովհետև մենք շատ ավելի կարևոր գործով ենք զբաղված, որպեսզի փորձենք նման խնդիրների մեջ խորանալ: Հստակ է, որ փորձում են խանգարել ուժեղին, փորձում են մամուլով ապատեղեկատվություն տարածել ուժեղի մասին: Եթե ԲՀԿ-ը բոլորի համար թիվ մեկ մրցակիցը չլիներ, բնականաբար, այսպիսի հակաքարոզչություն չէր լինի կուսակցության նկատմամբ:

ԲՀԿ-ի ներկայացուցիչը ստորագրեց ընտրությունների ընթացքում վերահսկողություն իրականացնելու նպատակով չորս կուսակցությունների միասնական շտաբի ստեղծման մասին հայտարարությունը: Այս հանգամանքը խոչընդոտ չի՞ հանդիսանում ԲՀԿ-ի և կոալիցիայի հարաբերություններում:

- Բացարձակապես ոչ, որովհետև «Բարգավաճ Հայաստանն» ասել է, որ բոլոր ձևաչափերում մասնակցելու է, որտեղ նպատակը մեկն է` ունենալ ազատ, արդար ընտրություններ: Մեր կուսակցության մյուս ներկայացուցիչը` ես, մասնակցում եմ ԱԺ նախագահի առաջարկությամբ ստեղծված աշխատանքային խմբին, որի գործառույթներն ըստ էության նույնաբովանդակ են գրեթե, ինչ-որ քառյակի նախաձեռնությունը: Մեր մեկ այլ ներկայացուցիչ` Արամ Սաֆարյանը« մասնակցում է «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը: Այսինքն, «Բարգավաճ Հայաստանը» չի առաջնորդվում կանխավարկածով, թե այս ձևավաչափում հավաքված են թույլ քաղաքական ուժեր, իսկ այս մի ձևաչափում քաղաքական ուժեր են, որոնց անկեղծությանը չպետք է հավատալ: Մենք մասնակցում ենք բոլոր ձևաչափերում, որոնք հայտարարում են, որ իրենց նպատակն արդար է, ազնիվ է և բոլորն ուզում են ազատ, արդար ընտրություններ անցկացնել: Մեզ համար կարևոր չէ, թե նախաձեռնությունն ումն է: Մասնակցությունը, աշխատանքը ցույց կտա, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ որքանով էր ազնիվ իր մղումների մեջ, ժողովուրդն իր գնահատականը մայիսի 6-ին կտա: Այն, որ «Ժառանգության» վարքագիծն ուղղակիորեն անհասկանալի է, հայտարարում ենք թե´ մենք, թե´ ՀԱԿ-ի և թե ՀՅԴ-ի պատասխանատուները: Պարզապես զվարճալի է` անտրամաբանական վերջնագրեր ներկայացնելով փորձել հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից: Դա իրենց խնդիրն է. եթե անգամ «Ժառանգությունը» չմասնակցի այս նախաձեռնությանը եռյակի ձևաչափով` ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ, նախաձեռնությունը գործելու է, որովհետև ԲՀԿ-ի նպատակը մեկն է` անել հնարավորը ընտրությունների արդար ընթացքը վերահսկելու համար:

- Ընտրությունների արդար ընթացքի մասին խոսելիս հնարավոր չէ շրջանցել ընտրակաշառքի թեման: Կոալիցիոն ձեր գործընկերներից մեկի բաժանած ջեմերի ու հեռախոսների մասին բոլորն են խոսում: Ձեր գործընկերոջ վերաբերյալ շրջանառվող այս լուրերը չե՞ն ստվերում նաև ԲՀԿ-ի անունը:

- Եթե որևէ քաղաքական ուժ ընտրակաշառք է բաժանում, դա ստվերում է տվյալ քաղաքական ուժին, «Բարգավաճ Հայաստանը» չի կարող պատասխանատու լինել որևէ այլ քաղաքական ուժի համար: Մենք մեր համար ենք պատասխանատու: Այս ընթացքում անգամ դադարեցված է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատանքը, որպեսզի որևէ սոցիալական ծրագիր հիմնադրամում չիրականացվի, և շահարկումներ չլինեն: ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է ընտրական տեղամասում ընտրական գործընթացն ամբողջովին վերահսկելու համար:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ