ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԲԱՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ


 

- Հայաստանյան քաղաքականությունը ոնց որ տուն-տունիկ լինի: Խզմալյանի վրա էինք ծիծաղում, հիմա էլ Արամ Սարգսյանի եղբայրը Սերժին ա դիմավորում քարոզարշավի ընթացքում: Հետո՞, այ ձեր ցավը տանեմ: Հասկացանք, մարդը կնոջ համար պատասխանատու չէ, ախպորը` ախպոր, բան չունեմ ասելու, բայց տենց չի լինում էլի, մի հատ կողմնորոշվեք: Մի ախպերն ասի` ո´չ մի ձայն հանցավոր ռեժիմին, մյուսը` քարոզարշավի ժամանակ հանցավորի պարագլխին դիմավորի: Ողջ հարգանքով հանդերձ… չեմ ընդունում:

Նման հայտարարություն է արել ՀԱԿ ակտիվիստ և քաղաքական մեկնաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն այն բանից հետո, երբ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ և ՀԱԿ համամասնական ցուցակի երրորդ տեղում հայտնված Արամ Զ. Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, դիմավորել է Արարատի մարզ նախընտրական քարոզչության եկած Սերժ Սարգսյանին: Այս փաստը ցնցել է ընդդիմադիր գործիչներին, շփոթ առաջացրել նրանց շրջանում: Սմբատ Այվազյանն էլ ասել է.

- Աննորմալ եմ համարում և չեմ էլ ուզում մեկնաբանեմ:

Ուշագրավ է, որ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրն իր քայլը բացատրել է միանգամայն օրինաչափ և ասել է, որ ինքն իր ձայնը տալու է ո´չ Սերժ Սարգսյանին, ո´չ Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ իր ավագ եղբոր ընկերներին: Ստացվում է, որ թե´ նախագահ Սարգսյանը, թե´ Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանի ընկերներն են, ուրեմն Արմեն Սարգսյանն իր ձայնը միանգամից երկու ուժի է տալու…

Այս իրավիճակը հուշում է, որ ընդդիմության ներսում ինչ-որ անհասկանալի ու անբացատրելի իրավիճակներ են տիրում, որ այստեղ իշխում են ներքին հակասությունները, որոնք ծնունդ են առել իշխանությունների հետ վարած «ծածուկ» խաղերի արդյունքում: Արդեն պարզ է դառնում, որ եղել են համաձայնություններ, եղել են պայմանավորվածություններ, որոնք հիմա փլուզվում են, անսպասելիորեն հայտածվում…