Քարոզարշավը ոչինչ չի տալիս


 

Քարոզարշավը բուռն ընթացքի մեջ է, հասարակության տրամադրությունները` թեև հակասական, բայց նախընտրական: Հերթական հարցախույզը միտված էր բացահայտելու, թե մեր հայրենակիցներն ինչ չափով են հետևում քարոզարշավի ընթացքին ու զարգացումներին: Ի՞նչ չափով է այն անդրադառնում մարդկանց որոշումների վրա կամ առանձին դեպքերում կողմնորոշում: Առհասարակ, հետաքրքիր են տպավորությունները քարոզարշավի մասին:

Ռուբեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. 72 տ.

- Ինձ ոչինչ չեն տալիս դրանք, ծիծաղի առարկա են միայն: Դրանք կարող են ինչ- որ դեր ունենալ, ազդել մարդկանց գիտակցության վրա, բայց դա կախված է մարդուց, նրա մտահորիզոնից ու տեղեկացված լինելու աստիճանից: Ոմանք իսկապես ընկնում են այդ խոստումների ազդեցության տակ և հերթական անգամ հիասթափվում: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ հավատալ, որ ժամանակի ընթացքում ինչ- որ բան կփոխվի: Միանգամից ոչինչ չի լինում: Պիտի համբերությամբ զինվենք:

Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆ. 62 տ.

- Անիմաստ եմ համարում նրանց լսելը, որովհետև բացարձակապես ոչ ոքի, ոչ մի խոստման չեմ հավատում: Բոլորը ստում են` մտածելով միայն իրենց շահի մասին: Ամուսնուս քույրը ՕԵԿ-ից է և իր թեկնածությունը դրել է: Ես պատկերացնում եմ հանկարծ անցնի: Շատ լավ եմ ճանաչում նրան, բնավորությամբ շատ վատ մարդ է: Եթե նրա նման մարդիկ մեզ պետք է ղեկավարեն, ես իմ ապագային այս երկրում չեմ հավատում:

ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՉՑԱՆԿԱՑՈՂ.

- Բոլորովին: Ոչ մի ելույթ չեմ լսում: Ինձ ոչինչ չեն տալիս և հավատ չեն ներշնչում:

ՍՏԵՓԱՆ. գիտաշխատող, 49 տ.

- Դեռ չեմ լսել, ուշադրություն չեմ դարձրել: Առիթ է` խոսում են: Իսկ նոր մարդիկ փորձում են ճանաչվել: Եթե դրանք պարզապես խոսքեր չլինեին, ինչ-որ դեր անշուշտ կունենային, սակայն հիմնականում ժողովուրդը գիտի, որ ստում են: Ընդամենը խոստումներ են: Իսկ ընդհանրապես չկողմնորոշված մարդկանց միգուցե օգնեն:

Նելլի ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. արվեստագետ, 33 տ.

- Իհարկե չեմ լսում: Բայց ընդհանուր առմամբ պատկերացում ունեմ, թե ինչի մասին են խոսում, քանի որ գրեթե նույնությամբ կրկնում են միմյանց: Ինչպե՞ս կարող եմ հավատալ, ի՞նչ հավատի մասին է խոսքը, երբ արդեն գիտես, թե ով է անցնելու: Եթե ավելի համախմբված լինեինք, միգուցե ինչ-որ բանի հասնեինք, բայց մարդիկ ճնշված են, աշխատանքից զրկվելու վախ կա անգամ: Այս պարագայում հույս ունենալ, որ ինչ-որ բան կփոխվի, միամտություն է:

Նարինե ԱՅՎԱԶՅԱՆ. տնտեսագետ, 43 տ.

- Հոգնել ենք արդեն այդ անվերջ խոստումներից: Պատկերացրեք, արդեն ինձ համար միևնույն է` ինչ կլինի: Ոչ մի փոփոխություն չենք տեսել, ի՞նչ հիմքեր ունեմ հավատալու: Միգուցե սա որպես անտարբերություն ընկալվի, բայց հավատ չի մնացել: Ժողովուրդը թիկունք չի կանգնի կառավարությանը, որովհետև այդ նույն վերաբերմունքը չի ստացել նրա կողմից:

Սամվել ԽԱՉԱՏՐՅԱՆ. տպագրիչ, 56 տ.

- Այո, բնականաբար, հետևում եմ` մեծ ուշադրությամբ: Բոլորի ելույթները լսում եմ և պիտի խոստովանեմ` շատ տհաճ տպավորություն ունեմ: Չեմ վստահում, հույս չեմ կապում որևէ քաղուժի հետ: Միգուցե այդ ելույթներն ազդեն որոշ մարդկանց որոշման վրա, բայց մեծամասնությունը տհաճությամբ է հետևում այդ ամենին: Անընդհատ նույն բանը, անընդհատ աչքերիդ նայելով խաբում են: Իրենք էլ գիտեն, որ ստում են: Եթե մի երկրի 2,5 մլն բնակչության մեծամասնությունը թոշակառուներ են, քան աշխատողներ, թոշակն ինչպե՞ս կբարձրանա: Եթե նույնիսկ բարձրանա« գնաճի պայմաններում ի՞նչ է փոխվելու: Ես չգիտեմ` մարդիկ ինչպես են մտածում:

ՅԱՆԱ. բանասեր, 22 տ.

- Այդ ելույթները բացարձակապես իրենց իմաստին չեն համապատասխանում: Դրանք ավելի շուտ զավեշտալի են: Ոչ մի կերպ չեն կարող ազդել մարդկանց որոշումների վրա, քանի որ քարոզի բոլոր մեխանիզմները չափազանց բացահայտ են և թույլ: Այն մարդկանց համար, ում տեղեկատվության միակ աղբյուրը հեռուստատեսությունն է, միգուցե դրանք որոշ չափով կողմնորոշիչ դեր ունենան:

Անի ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. արևելագետ, 18 տ.

- Ընդհանրապես չեմ նայում, այդ պատճառով որևէ ազդեցություն ունենալ չեն կարող: Երբեմն միայն հնարավոր է լսեմ այդ ելույթները` հետաքրքրության համար, բայց լուրջ նշանակություն չեմ տալիս:

Լուսինե ՆԵՐՍԻՍՅԱՆ. մանկավարժ, 30 տ.

- Չգիտեմ` բարեբախտաբար, թե դժբախտաբար, բայց լսել եմ: Իսկ ուր էին այդ երանելի ու պայծառ ապագան խոստացող մարդիկ անցած 5 տարիների ընթացքում: Մի՞թե հնարավոր չէր այդ ծրագրերի գոնե մի մասն իրականացնել, որ այսօր ժողովրդի վստահությունը շահած լինեին: Իմ կարծիքը չի փոխվի այդ հավերժ թղթին մնացող խոստումներից: Միգուցե դրանք ազդեն միայն անտեղյակ մարդկանց կարծիքի վրա:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ