Տղամարդիկ դա չեն հանդուրժում


Կանանց ահավոր զայրացնում է, երբ ամուսինը կամ նույնիսկ չափահաս որդին կիսագուլպաները նետում է` ուր պատահի, երբ մոռանում է փոխել վերնաշապիկը: Կինը վիրավորվում է, երբ ամուսինը կամ սիրելի տղամարդն ամեն ինչ մոռացած` հայացքը չի կտրում հեռուստացույցից և մռայլված լռում է: Բայց տղամարդկանց համար էլ անտանելի են կանանց որոշ սովորույթները, որոնք կարող են ափերից հանել նրանց: Ահա դրանցից ամենատարածվածները. 1. Դուք կարգուկանոնի սիրահար եք. սիրում եք, որ ամեն ինչ իր տեղում լինի և պահանջում եք, որ դա անի նաև ձեր երկրորդ կեսը: Վերջին մասով` ճիշտ չեք: Ձեր շրջակայքը միշտ կոկիկ ու հավաքված պահելու ցանկությունը գովելի է իհարկե, բայց տղամարդուն մի ձանձրացրեք նման պահանջներով: Որպես կանոն` նրանց համար բացարձակ մեկ է` կիսագուլպաները մարզահագուստի, ներքնազգեստների հետ նույն դարակում է, թե՞ մեկ ուրիշ: Տղամարդկանց միտքը միշտ ուրիշ խնդիրներով է զբաղված. թեկուզ` ընտանիքի ֆինանսական հարցերը կարգավորելու, աշխատանքային կամ, ասենք, որտեղի՞ց է ավելի հարմար` ավտոմասեր գնել… Կենցաղային մանրուքները նրան չեն հետաքրքրում: Ուրեմն, ձեր բծախնդրությունը նրան մի պարտադրեք. ինքներդ հավաքեք, մաքրեք: Եվ մի էլ սպասեք, թե դա անվերջ ու բարձրաձայն գնահատվելու է. համարեք, որ ինքներդ ձեր պահանջն եք բավարարում: Իսկ եթե զգում եք, որ ձեր ուժերից վեր է` միայնակ կարգուկանոն ապահովել, ապա նվազեցրեք ձեր պահանջներն ու պատկերացումները` իդեալական մաքրասիրութ յան մասին: 2. Ժամանակ առ ժամանակ որոշում եք դիետա պահել, և ոչ միայն անընդհատ խոսում եք այդ մասին, այլև փորձում եք տղամարդուն էլ վարժեցնել թեթև սնվելուն: Առողջ տղամարդիկ չարությամբ են ընդունում իրենց սննդակարգի հանդեպ այդօրինակ ոտնձգությունը (եթե, իհարկե, նրանք կամավոր չեն որոշել դիետա պահել): Բացի այդ, նրանց օրգանիզմի շատ ֆունկցիաներ կախված են մսի և ձեր դիետայի մեջ չմտնող այլ մթերքների օգտագործումից: Ուրեմն. ուզում եք նիհարե՞լ` հրաշալի է, բայց այդ մասին մի ասեք ամուսնուն: Եթե դրա արդյունքում ձեր արտաքինը բարեփոխվի, նա անպայման դա կնկատի: Բայց նրան չի հետաքրքրի, թե ինչպես եք հասել դրան: 3. Սիրում եք մաքրությունը և ուզում եք շրջապատից վանել տհաճ հոտերը: Դրա համար էլ ամուսնուն անընդհատ դիտողություն եք անում, թե մոռացել է օծանելիք օգտագործել: Տղամարդիկ կանացից ավելի սուր զգացողություն ունեն հոտերի հանդեպ ու դրա համար էլ հաճախ գնահատում են միայն իր կնոջ ներհատուկ բույրը, որը նաև նրա սեռական հակումներն է արթնացնում: Եթե դուք անընդհատ փոխեք ձեր օծանելիքը, նրա ինտիմ հետաքրքրությունը կնվազի ձեր հանդեպ: Օծանելիք չօգտագործելու համար նրան ուղղված ձեր հաճախակի դիտողությունները կարող են հիվանդագին ընդունվել` ընկալվել, որպես իրեն մերձենալու մերժում: Ուրեմն` փորձեք ոչ ցուցադրաբար, առանց պարտադրելու նրան վարժեցնել` օգտագործելու ձեզ դուրս եկած բույրը: Հոտերի հանդեպ ավելի զգայուն լինելով` տղամարդիկ նաև ավելի լավ են մտապահում այս կամ այն բույրի հետ կապված հիշողությունները: Ու թե տվյալ բույրը կարողանաք տպավորիչ դարձնել մտերմիկ ինչ¬որ դրվագով, ապա անգամ բնազդով ձեր կողակիցը չի հրաժարվի տվյալ օծանելիքից: 4. Դուք սիրում եք նրա հետ քննարկել ձեր ընկերուհիների արարքները և ուզում եք, որ նա միշտ հավանության արժանացնի ձե´ր վարքագիծը: Նախ` պարտադիր չէ, որ նա ընկալի ու քննարկի տարբեր կանանց վարքագիծը: Եթե դա նրան հետաքրքրի` նա ինքը համապատասխան եզրահանգումներ կանի` առանց ձեր շաղակրատանքի, երբեմն էլ` չկիսելով ձեր կարծիքը: Տղամարդու տարերքը ոչ այնքան զգացմունքներն ու ապրումներն են, որքան` գործելը: Բացի այդ, ընկերուհիների մասին ձեր պատմությունները հանկարծ կարող են նրա մեջ հետաքրքրություն արթնացնել նրանցից մեկի հանդեպ, ինչը ձեզ հաստա´տ դուր չի գա: Ուրեմն… Ընկերուհիների հետ հարաբերություններն ամուսնու հետ հաճախ քննարկվող թեմա մի դարձրեք: Եվ ընդհակառակը. հիշեք, որ ձեր ամուսինը (և ընդհանրապես` ընտանիքը) մի տարածք է, որտեղ ընկերուհիները չպետք է ընկերուհու աղքատ վիճակի կամ երբեմնի գեղեցկության մասին խոսեն: Զգոն եղե´ք: 5. Շատ եք սիրում վերհիշել, թե ինչպես եք ծանոթացել, թե ինչպես է նա ձեզ սիրահետել, իսկ դուք չեք հավանել նրան, կամ` թե որքան եք օգնել նրան` կողմնորոշվել և այլն: Հարաբերությունների սկիզբն ու ընթացքը էական չեն տղամարդու համար. նրանց արդյունքն է հետաքրքրում: Իսկ այդ արդյունքն առկա է` դուք միասին եք. էլ ինչի՞ մասին է խոսքը. միասին անցկացրած օրերի մասին հին հուշերը նրան կարող են անտարբեր թողնել: Ուրեմն չարժե նրանից պահանջել, որ հիշի ձեր մտապահած մանրամասները: Փոխարենը փորձեք, որ նա ձեզ հետ անկեղծ լինելու ցանկություն ունենա, համոզված լինի, որ տվյալ պահին իրեն զբաղեցնող բոլոր հարցերը հավասարաչափ հետաքրքրում են ձեզ: Մի մոռացեք, որ լավ ամուսինները նախևառաջ լավ ընկերներ են: