ԵՎ` ԻՐՈՔ


Կառավարության շենքի բակում նոր շինություն կառուցելու նախագիծը հարուցել է մասնագետների դժգոհությունը: Թամանյանի լավագույն աշխատանքներից մեկը համարվող այս շինությունը, Երևան քաղաքի հատակագծի հեղինակ ճարտարապետի նախագծով պետք է նաև շենքի բակում աշտարակային կառույց ունենար: Ժամանակին աշտարակը չի կառուցվել, և ահա, Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հիմա որոշել է սեփական լրամշակումներով վերականգնել թամանյանական նախագիծը: Ընդ որում` կառուցվելիք շինության մեջ նախատեսվում է տեղավորել Սփյուռքի և Արդարադատութ յան նախարարությունները: Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետներ Լևոն Վարդանյանն ու Սևադա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձել են նախատեսվող հերթական ճարտարապետական փոփոխության կառավարության թողտվությանը: Նրանց պնդմամբ` նոր շինություն կառուցելու մասին կառավարության 2008 և 2010 թվականներին ընդունած որոշումները կայացվել են առանց հանրային քննարկումների և մասնագետների հետ խորհրդակցությունների: ¬ Այդ խնդիրները այդպես չեն լուծվում` կաբինետներում, հետո չեն դնում հասարակությանը նորից այն վիճակի առաջ, որպեսզի մենք սկսենք մեր առարկությունները տալ, երբ որ դա ի սկզբանե կարելի է անել համաձայն գոյություն ունեցող քաղաքաշինական, բարոյական նորմերի, քննարկումների արդյունքում,¬ ասել է Ճարտարապետ ների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: