ՄԵՆՔ ԴԵՄ ԵՆՔ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ


Մենո Ադենը իրավագիտության դոկտոր է, դասախոսել է Էսսենի բարձրագույն դպրոցում, Դորտմունդի տեխնիկական համալսարանում, խորհրդատվություններ է անցկացրել ԽՍՀՄ նախկին մի քանի երկրներում, Մակեդոնիայում, Բոսնիա-Հերցեգովինայում, Չինաստանում, Մոլդովայում, Ռումինիայում և այլուր: Օրեր առաջ Հայաստանում դասախոսություններով նա հանդես եկավ ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում ու Հայաստանի Գերմանական համալսարանում: - Պարոն Ադեն, քրիստոնեական ազատության գաղափարին նվիրված Ձեր դասախոսություններում Դուք խոսեցիք ազատության և պատասխանատվության փոխադարձ կապի մասին: Ձեր կարծիքով` օրինաչա՞փ է, երբ մարդիկ հանուն իրենց ազատության և իրավունքների պայքարի դուրս գալիս` ստիպված են ընտրել հեղափոխական ճանապարհ: - Ես նշեցի, որ ազատությունը պետք է ուղեկցվի պատասխանատվության գիտակցությամբ: Կարծում եմ, սակայն, լինում են դեպքեր, երբ հեղափոխականությունը կարող է հանգեցնել ազատության: Օրինակ, լյութերականությունը. Մարտին Լյութերի գործունեությունը հեղափոխական էր, և այն հանգեցրեց իրավիճակի փոփոխության: Լինում են նաև դեպքեր, երբ դիմում են տեռորիստական գործունեության, որը մարդկային կյանքեր է խլում: Չեմ կարծում, թե այդ մարդիկ գործում են Աստծո կողմից տրված ազատության մղումներով: - Դուք խոսեցիք ծայրահեղականների մասին, ովքեր փորձում են ինքնահաստատվել հակադրության միջոցով: Ըստ Ձեզ` ո՞րն է այն սահմանը, որը թույլ կտա ծայրահեղականին տարբերել բռնության դեմ ընդվզող մարդուց: - Որոշակի չափանիշներ շատ դժվար է գտնել: Օրինակ` Ֆոն Շտաուֆենբերգին, որը փորձեց սպանել Հիտլերին, դժվար է համարել ազատության համար պայքարող մարտիկ: Մյուս կողմից, սակայն, խիղճը նրան մղեց այդ քայլին, որը և նա համարում էր արդարացված: Ֆոն Շտաուֆենբերգը կարծում էր, որ այդ մարդուն սպանելով կարող է փրկել հազարավոր այլ կյանքեր: 1937 թ. եթե որևէ մեկը սպանած լիներ Ստալինին, ապա կարող էր ոչ թե հազարավոր, այլ` միլիոնավոր մարդկանց փրկել: Այնպես որ, հնարավոր են դեպքեր, երբ սպանությունը կարող է դրական համարվել: -Եվրոպական րկրներում,օրինակ` Գերմանիայում, որո՞նք են սոցիալական և իրավական ոլորտներում դրսևորվող առավել ցայտուն խնդիրները: - Զարգացման ընթացքում Գերմանիայում անտեսվեցին բազմաթիվ բարոյական չափանիշներ: Խնդիրներ կան նաև պետության ու քաղաքացիների միջև: Պետությունն անընդհատ պարտքեր է վերցնում, որպեսզի բավարարի քաղաքացիների աճող պահանջմունքները: Գերմանիայում այժմ քննարկումներ են ընթանում` ատոմակայանի պահպանել-չպահպանելու առնչությամբ: Պետությունը պետք է կարողանա ապագային միտված հստակ դիրքորոշում ունենալ: -Վերադառնանք մեր զրույցի սկզբին. 21-րդ դարում էլ մենք ականատեսն ենք փլուզվող բռնապետությունների: Երբ բռնապետությունը տապալվում է, սովորաբար դա հանգեցնում է քաոսի: Ի՞նչ է պետք անել դրանից հետո: - Հայտնի խոսք կա` մի փոքր բռնապետությունը լավ է: Յուրաքանչյուր փոփոխություն հանգեցնում է քաոսի: Նույն կերպ է ընթանում նաև արաբական երկրներում տեղի ունեցող դեմոկրատացման պրոցեսը: Խնդիրն այն է, որ փոփոխությունների հետ մեկտեղ նվազագույնի հասցվեն քաոսի պատճառած վնասները: Պետք է իմանալ նաև, թե ինչ նպատակներով ես դու հասնում փոփոխությունների: - Դուք նշեցիք, որ առանձին դեպքերում բռնությունից ազատվելու համար նույնիսկ սպանությունն է արդարացված: Աշխարհում գործող արդարադատութ յան համակարգն, ըստ Ձեզ, տալի՞ս է հնարավորություն, որպեսզի ժողովուրդները հասնեն արդարության և իրենց իրավունքների վերականգնման` առանց բռնապետների դեմ ֆիզիկական ուժ կիրառելու: - Դա կատարելություն է: Այդպիսի հնարավորություններ միշտ կան: Մենք խոսում ենք զարգացման մասին: Իսկ զարգացումը նշանակում է քայլ առ քայլ առաջ գնալ, բայց նաև պատկերացում ունենալ, թե ուր ես գնում: Շատ երկրներում այդ ընթացքն օրգանապես նախանշված է: Լինում են դեպքեր, երբ զարգացման որևէ փուլում դրսևորվում է հեղափոխականությունը: Սակայն հեղափոխությունը միշտ չէ, որ պետք է լինի արյունոտ: Օրինակ` 1991 թ. ինչպես Հայաստանում, այնպես էլ` Արևելյան Եվրոպայի երկրներում տեղի ունեցած հեղաշրջումներն արյունոտ չէին: 1988 թ. կարո՞ղ էինք պատկերացնել, որ ԽՍՀՄ-ը կփլուզվի: Այն փաստը, որ ԽՍՀՄ-ը փլուզվեց առանց արյուն թափելու, հրաշք է: Դա կարող է օրինակ լինել այլ երկրների համար: -Ձեր դիտարկմամբ` դեպի ո՞ւր է գնում Հայաստանը: - Հայաստանն առաջին անգամ 1500-ական թվականներից հետո պետականություն է ձեռք բերել: Մենք մտադիր ենք Հայաստանի Գերմանական համալսարանում ստեղծել հայ և եվրոպացի գիտնականների հետազոտական խումբ, որի խնդիրը կլինի պարզել, թե ինչ գործոն կարող է դառնալ Հայաստանը ժամանակակից աշխարհում և ինչպիսին կլինի այն` առաջիկա քսան տարիներին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ