Տարեգրության այս օրը


18 մայիսի 1991 թվականի ապրիլի 30-ից 1992-ի մայիսի 18-ն ընկած ժամանակամիջոցն ընդունված է անվանել Ղարաբաղյան ազատագրական պատերազմի երկրորդ փուլ: Այն սկսվել է «Օղակ» ռազմական գործողությամբ, ավարտվել Լաչին քաղաքի կրակակետերի ճնշմամբ և Հայաստանի հետ ցամաքային կապի վերականգնմամբ: Այո´, 1992 թվականի այս օրը, Արցախի ինքնապաշտպանական ուժերի հուժկու հարվածով ազատագրվեցին Լաչինի շրջանը: Այն Սյունյաց նահանգի Աղահեճք գավառն էր, 13-րդ դարից` Քաշաթաղ: Ազատագրվեց նաև Լաչին քաղաքը (Բերձորը), և բացվեց Մայր Հայաստանի հետ միացնող կապ, ու ճեղքվեց Արցախի շրջափակման մահացու օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին ռազմավարական օպերացիայի տրամաբանական ավարտը: Այս ճանապարհն ստացավ «Կյանքի ճանապարհ» անվանումը: 1993 թվականի մայիսի 18-ի առավոտյան ԼՂՀ ինքնապաշտպանական ջոկատները մտան Լիսագոր և Բերդաձոր: Նույն օրը երթևեկության համար բացվեց 6 օր առաջ ազատագրված Լաչինի մարդասիրական միջանցքը: Ի թիվս այլ բնակավայրերի` 1992 թ. այս օրը ազատագրվեց նաև Քաշաթաղի շրջանի ԱՂԱՆՈՒՍ գյուղը: 1994-ին այն բնակեցվեց Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով: Նույնը կատարվեց Սուս, Մելիքաշեն, Գիհուտ, Ծիծեռնավանք և մի քանի այլ գյուղերում, հենց Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոն Բերձորում: Քաշաթաղի շրջանի բնակչությունը մայիսի 18-ը նշում է որպես շրջանի ազատագրման օր:

Զ. ՍԱՐԳՍՅԱՆ