«Այսօր զորակոչը վերահսկվում է»


Ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մայիսի 15-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին, դիպուկահարների ակտիվացմանը, ինչպես նաև գարնանային զորակոչի կազմակերպչական աշխատանքներին: Պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք այն տեսակետը, ըստ որի, հրադադարի հաստատումը Ադրբեջանին թույլ տվեց խուսափել լրջագույն կորուստներից, ժամանակ շահել և նախապատրաստվել հետագա ռազմական արկածախնդրության, այնինչ եթե հրադադարը չլիներ, հայկական կողմը կարող էր ավելի մեծ ձեռքբերումներ արձանագրել` Սեյրան Օհանյանը մասնավորապես նշեց. - Որպեսզի պրոֆեսիոնալ առումով կարողանանք ճիշտ գնահատական տալ, պետք է նախ և առաջ գիտակցենք, թե ինչ խնդիր էր դրված արցախյան զինված ուժերի առջև և ինչպես լուծվեց այդ խնդիրը: Արցախյան ազատամարտը խնդիր չուներ գրավել ողջ Ադրբեջանը: Արցախյան ազատամարտը խնդիր ուներ ազատագրել Արցախը, ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը և խաղաղություն պարտադրել հակառակորդին: Կարծում եմ` ակնհայտ է, որ դրված խնդիրը լիարժեք կատարվել է: Արցախի ժողովուրդը, որպես ժողովրդավարական հասարակության օրինակելի կերպար, այսօր իր առաջընթացն է ապահովում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ժամանակ շահելուն, կարծում եմ` միամտություն կլիներ կարծել, թե միայն Ադրբեջանն է օգտվել ժամանակ շահելուց: Խոսելով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործողությունների մասին` ՀՀ պաշտպանության նախարարն ասաց. - Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կարծում եմ, այդ գործողություններով փորձում է իր զինվորականության մոտ կոտրել պարտվողի կարծրատիպը` իհարկե փորձելով նաև ազդել հայ հասարակության վրա: Այդ գործողությունները հայ հասարակությանն ու բանակին, ընդհակառակը, համախմբվելու և վճռական գործողութունների առիթ են տալիս, որը մենք լիարժեքորեն իրականացնում ենք: Իհարկե այդ գործողությունները ունեն նաև ներքին և արտաքին քաղաքական շարժառիթ: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացմանը, որի արդյունքում հայ զինծառայողներ ու խաղաղ բնակիչներ են զոհվում` Սեյրան Օհանյանը նշել է. - Այսպես կոչված, դիպուկահարների պատերազմը մարտավարական առումով որևէ կողմին առավելություն չի տալիս: Դիպուկահարների գործողություններին լիարժեք պատասխան է տրվում, սակայն քանի որ այդ գործողությունները վերջին շրջանում մեր հասարակության լայն քննարկման առիթ են հանդիսացել, կցանկանայի նորից կրկնել, որ այդ գործողություններին պատասխան է տրվում անհամաչափ պատժի կիրառմամբ: Դա նշանակում է, որ նրանք պատժվում են մի քանի անգամ ավելի մեծ կորուստներով: Այլ բան է, որ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներն իրենց հանրությանը դա ներկայացնում են, այսպես ասած, իրենց ձևով: Այդուհանդերձ, հակառակորդի դիպուկահար գործողությունները բանակցային գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունների բացահայտ խախտումներ են և պետք է արժանանան նաև միջազգային հանրության համապատասխան գնահատականին: Նման գործողություններով նրանք ցանկանում են իրավիճակը մշտապես լարված պահել շփման գծում և ազդել բանակցային գործընթացի վրա: Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև գարնանային զորակոչի անցկացմանը: Նա մասնավորապես նշել է, որ զորակոչի գործընթացում բարեփոխումներ են իրականացվել զորակոչիկների կցագրման, բժշկական հետազոտման, բժշկական հանձնաժողովների կազմի բարելավման ուղղություններով. - Ստեղծված են համապատասխան մեխանիզմներ, որպեսզի մենք ներքին և արտաքին վերահսկողություն իրականացնենք զորակոչի գործընթացի նկատմամբ: Այսօր զորակոչը վերահսկվում է ոչ միայն Պաշտպանության նախարարության, այլև Անվտանգության խորհրդի, իրավապահ մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների կողմից: Գործում է նաև դիմում-բողոքների հստակ մեխանիզմ. քաղաքացիները դիմում-բողոքների կամ պարզաբանումների համար կարող են դիմել Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ, ինչպես նաև տեղեկացնել 1-88 վստահության հեռախոսահամարով: Պաշտպանության նախարարը ազգային բանակ զորակոչվող երիտասարդներին մաղթել է գերազանց, անվտանգ և համարձակ ծառայություն, իսկ նրանց ծնողներին` համբերատարություն և միաժամանակ հպարտություն, քանի որ իրենց որդիները զինվորագրվում են հայրենիքի պաշտպանության ապահովման վեհ գաղափարին: Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին ԵՐԵԿ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսենին: Շնորհավորելով Հայաստանում Շվեդիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի պաշտպանության ոլորտում հայ-շվեդական համագործակցության զարգացմանը: Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում: