Գ. ՄԵԼԻՔՅԱՆ. Երկխոսությունը կնպաստի մեր պետության զարգացմանը


Վերջին շաբաթվա ընթացքում քաղաքական շրջանակները հաճախ են անդրադառնում ՀԱԿ-իշխանություններ երկխոսության թեմային: Ոմանք դրական են գնահատում այդ իրողությունը, մյուսները ժխտում են դրա հնարավորությունը, երրորդներն էլ այլ բնութագրեր են հորինում: Ներքաղաքական զարգացումների, դրանց վրա մեզանում առկա իրադարձությունների ազդեցության մասին է զրույցը ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ: - Դեռևս 2008 թվականին, նախագահական ընտրություններից հետո Հանրապետությունում բավականին լարված իրավիճակ ստեղծվեց` վտանգավոր հետևանքներով: Ընդդիմությունը պնդում էր, թե նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը և փորձում էր հասնել իշխանության տապալման, դիմում էր հակաօրինական, հակասահմա նադրական գործողությունների: Պետք է արձանագրենք, որ երկու-երեք տարվա ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի ձեռնարկած գործողությունների արդյունքում իրավիճակի լարվածությունը թուլացել է: Նախագահ Սարգսյանը քաղաքական բոլոր ուժերին` ընդդիմադիր, դիմադիր, խորհրդարանական, արտախորհրդարանական, հրավիրեց կլոր սեղանի շուրջ` քննարկելու բոլոր հուզող հարցերը` թե´ արտաքին, թե´ ներքին քաղաքականության բնագավառներում: Սկզբնական շրջանում ՀԱԿ¬ի առաջնորդները մերժում էին երկխոսության կոչը: Սակայն, կարծում եմ` խոհեմությունը հաղթեց, և իշխանությունների հետ երկխոսությունը դրական արդյունքներ տվեց և դրական արձագանք ունեցավ միջազգային հանրության շրջանակներում: Կարծում եմ` քաղաքական միայն այն ուժերը, որոնց համար դժվարին իրավիճակ կարող է ստեղծվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, կարող են այս երկխոսությունից դժգոհ լինել` սեփական նկրտումներից ելնելով: Սակայն երկխոսությունը կնպաստի մեր պետության զարգացմանը և նրա միջազգային հեղինակության բարձրացմանը: Այս առումով ես ողջունում եմ այն երկխոսությունը, որ կարծես սկսվել է իշխանությունների և ընդդիմադիր քաղուժերի միջև: - Ինչպե՞ս եք վերաբերվում երրորդ ուժի գոյությանը, որը վերջերս հայտարարեց մեզանում իր ձևավորման մասին: Խոսքս հայրենասիրական ուժերի միավորման մասին է: - Կարծում եմ` դրա հանդեպ իր վերաբերմունքը պետք է դրսևորի ժողովուրդը, ոչ թե քաղաքական գործիչները: - Բոլոր դեպքերում նրանք իրենց ազդեցությունը կունենա՞ն գալիք խորհրդարանական ընտրություններում: - Չեմ կարծում, թե դա լուրջ ազդեցություն կլինի: Իրենց քաղաքականությունից և գործողություններից է կախված, թե ժողովուրդն ինչքանով նրանց կընկալի և կընդունի: - ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը վերջերս մի քանի անգամ շեշտեց, որ Հայաստանում հիմա թավշյա հեղափոխություն է ընթանում: Նա նկատի ուներ իշխանությունների հետ սկսված երկխոսությունը` ասելով, թե վերջիններս վերջապես ընդառաջ գնացին ժողովրդի պահանջներին: - Որևէ թավշյա հեղափոխության մասին խոսք անգամ լինել չի կարող: Իշխանությունների ծրագրերը, թե´ խորհրդարանական ընտրությունների, թե´ նախագահ Ս. Սարգսյանի ծրագրային նպատակները հենց ժողովրդի պահանջներն են: - Վերջերս հաճախ է արծարծվում կենսաթոշակային հիմնադրամում կատարված զեղծարարության հարցը: Խոսքը Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումների մասին է: - Այո, Վերահսկիչ պալատի նախագահը նշեց առանձին փաստեր և ասաց, որ գործը հանձնված է դատախազությանը: Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր նպաստել են անօրինական գործողություններին, կկանչվեն պատասխանատվության: - Մտավախություն չկա՞, որ խորհրդարանական ընտրություններում այդ ամենը վատ կանդրադառնա «Հանրապետականի» վարկանիշի վրա: Վերջ ի վերջո, հիշյալ օրինախախտումներն առնչվում են սոցիալական ծառայության նախկին ղեկավար, հանրապետական Վազգեն Խաչիկյանի անվանը: - Ես կարծում եմ, որ այդ բացահայտումները բացահայտման առումով են առնչվում «Հանրապետականի» հետ: ՀՀԿ հետևողական աշխատանքի շնորհիվ են իրականցվել այդ բացահայտումները, այլ ոչ թե կուսակցության պահանջով են կատարվել զեղծարարությունները: - Այսօր խոսակցություններ են շրջանառվում, որ շատ հնարավոր է` մինչև ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը, մայիսի 28-ին ազատ արձակվեն Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը: ՀՀԿ¬ում նման հարց քննարկվե՞լ է: - Այդ խնդիրն իրավական է և քննարկվում է իրավական դաշտում: Ես կարծում եմ` ցանկալի է, որ ազատ արձակումը տեղի ունենա հենց մայիսի 28-ին: Կարծում եմ, որ քաղաքական խոհեմությունը կհաղթանակի, նաև կարծում եմ, որ փաստերի առումով նախագահ Ս. Սարգսյանի հանձնարարականից հետո իրավական հիքեր որոնելով և համապատասխան իրավական գնահատականներ տալով, գործընթացները կարող են այնպես զարգանալ, որ մինչև մայիսի 28-ը այդ մարդիկ իրոք ազատ արձակվեն: Ոչինչ չի կարելի բացառել: - Իրավական ի՞նչ նոր հիմքերի մասին է խոսքը: - Իրավական հիմքերը կարող են լինել ներման մասին դիմումների, համաներման ձևով: Կարող են այդ մարդկանց ազատ արձակման մասին խնդրանքով երկրի Նախագահին դիմել հանրության լայն շրջանակներում հայտնի մարդիկ, և չեմ կարծում, որ Նախագահի կողմից այդ դիմումները հաշվի չեն առնվի: - Այսօր չի բացառվում, որ մարտի 1-ի գործով հարցաքննվեն նաև երկրի նախորդ` առաջին և երկրորդ նախագահները: Սրանից կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ հիշյալ գործով քննությունը ճիշտ հունով չի ընթացել: Այլապես ինչո՞ւ պետք է երեք տարի անցնելուց հետո որոշվեր հարցաքննել նաև այդ ողբերգական իրադարձության գլխավոր գործող անձանց: - Չեմ կարծում, թե քննությունն ընթացել է սխալ ճանապարհով: Ավելի շատ հակված եմ մտածել, որ նոր հիմքեր և փաստեր են հայտնաբերվել, որոնք կարող են նաև հանգեցնել քննության շարունակության:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ