ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ


Երևանի քաղաքապետարանի որոշմամբ լիցենզիայից զրկվել են թիվ 76 և 69 երթուղիները սպասարկող ընկերությունները: Սա ազդակ է, որ քաղաքային իշխանութ յուններն իրենց ուշադրությունը սևեռում են հասարակական տրանսպորտի խնդիրներին: Այս ոլորտում վաղուց արդեն ի հայտ են բերել բազմաթիվ ստվերոտ կողմեր` հաճախ պատուհաս դառնալով ուղևորների համար: Հենց այս երկու երթուղիներում են արձանագրվել դեպքեր, երբ երեկոյան ժամը 23-ից հետո ուղեվարձը դարձել է 200 դրամ: Սակայն միայն ուղեվարձի արհեստական թանկացումների փաստը չէ, որ մտահոգել է իշխանություններին: Աշխարհի բոլոր զարգացած երկրները վերջին տարիներին հրաժարվում են միկրոավտոբուսների ծառայություններից` դրանք համարելով երթևեկության համար ոչ պիտանի, անգամ` վտանգավոր: Էլ չենք խոսում մեր երթուղայինների տեխնիկական վիճակի, մաշվածության, դրանց արտանետած գազերի մասին, որոնք բնապահպանական ֆոնն են խախտում, հեղձուցիչ դարձնում մայրաքաղաքի օդը: Միկրոավտոբուսներից, սակայն, շուտափույթ ազատվել հնարավոր չէ, որովհետև անհրաժեշտ պիտի լինի քաղաք բերել մոտ 500 ավտոբուս, ինչը, նախ դյուրին հարց չէ, դեռևս քաղաքային բյուջեն հնարավորություն չի տալիս նման գնումներ կատարել: Ուրեմն, դեռ երկար ժամանակ պիտի մարդկանց սպասարկեն միկրոավտոբուսները, որոնք տարեցտարի բարոյապես մաշվում ու քայքայվում են` վտանգավոր դառնալով ուղևորների համար: Ամեն օր թիվ 111, 91, 18, 47, 89, 123, 40, 32 երթուղիներ են դուրս գալիս գրեթե ավերված միկրոավտոբուսներ, որոնց մի մասը վաղուց տեխզննություն չի անցել. դրանցում տեղադրված գազի բալոնները վտանգ են ներկայացնում: Այս ամենի մասին գիտեն տրանսպորտի խնդիրներով զբաղվողները, սակայն ձև են անում, թե չեն տեսնում, թե ամեն ինչ կարգին է: Մինչդեռ, իրականում, վաղուց ի վեր երթուղիները սպասարկողների և վերահսկողների ներքին պայմանավորվածությամբ մրցույթներին ներկայացվում են նոր ու հարմարավետ փոխադրամիջոցներ, իսկ ահա շահագործվում են այնպիսիք, որոնց տեսքն իսկ պատիվ չի բերում մայրաքաղաքին: Ավելին, միկրոավտոբուսները առաջացնում են խցանումներ, խանգարում երթևեկութ յանը, երբեմն, վարորդների կոպիտ խախտումների պատճառով ստեղծում վթարավտանգ իրավիճակներ: Երևանի քաղաքապետարանում մեզ տեղեկացրեցին, որ ամեն ինչ անում են` նման փոխադրամիջոցներից ազատվելու և միկրոավտոբուսների թիվը կրճատելու համար: Արդեն իսկ դրական միտումներն առկա են, սակայն, մինչ այդ ուղևորները ստիպված կլինեն բավարարվել եղածով, սակայն վարորդը շատ ավելի զգոն և զգույշ պետք է լինի:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ